ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ


«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ՝ Խ-23-26.02.2019-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 
 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության  վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.    Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է «լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «փոխառություն», «գումար», «փող», «դրամ», «վարկավորում», «փոխառության տրամադրում», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի, բառակապակցությունների կամ դրանց հոլովաձեւերի եւ ածանցյալների օգտագործումը գովազդում, հրապարակային օֆերտայում, ինչպես նաեւ լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային հաղորդակցման ցանկացած այլ միջոցների օգտագործմամբ ներկայացվող գովազդներում օգտագործումը, գովազդ իրականացնողին կամ գովազդելուն աջակցելը» համարել վարչական իրավախախտում՝ համապատասխան չափով տուգանքների նշանակմամբ: Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

ա) Վարկային միջոցների դժվարամատչելիության ներկա պայմաններում տարբեր կարգի եւ բնույթի միջնորդական ծառայություններ մատուցողների ի հայտ գալը (որոնք շատ դեպքերում, որպես այդպիսին, միջնորդական ծառայություն չեն իրականացնում) բարդեցնում է վարկավորման գործընթացը՝ ավելացնելով պոտենցիալ վարկառուի կողմից կատարվող ծախսերը:  Նշված խնդրի լուծումը, որին ուղղված է Նախագիծը, անշուշտ, շատ կարեւոր է եւ հրատապ: Միեւնույն ժամանակ, կարծում ենք, որ գործող օրենսդրությամբ տրված են որոշակի կարգավորումներ նշված խնդրի հետ կապված: Մասնավորապես, համաձայն «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերն օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով կարող են տրամադրել վարկեր: Նույն հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ բանկն օրենքով սահմանված ֆինանսական գործառնությունների (այդ թվում՝ նաեւ վարկերի տրամադրման), ինչպես նաեւ բանկային գործունեության բնականոն ընթացքն ապահովող այլ (օժանդակ) գործառնությունների կատարումն ամբողջությամբ կամ մասամբ կարող է որոշակի ժամկետով կամ անժամկետ պատվիրակել այլ իրավաբանական անձանց: Ընդ որում, այն գործառնությունները, որոնք կարող են իրականացվել բացառապես որոշակի լիցենզիայի կամ հատուկ այլ թույլտվության առկայության պարագայում, չեն կարող պատվիրակվել, բացառությամբ այն դեպքերի, երբ պատվիրակման արդյունքում էականորեն կբարձրանա բանկի ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, կնվազի տվյալ գործառնության գծով բանկի ծախսատարությունը, ինչպես նաեւ կբարձրանա մատուցվող ծառայության որակը: Նշված գործառնությունները կարող են պատվիրակվել միայն համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ունեցող անձի: Այսինքն, համաձայն օրենքի պահանջների, վարկային միջնորդային ծառայություններով (ինչպես նշված է Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ) հանրապետությունում կարող են զբաղվել միայն համապատասխան լիցենզիա ունեցող անձինք: Հետեւաբար, այն չունեցող անձանց կողմից նման ծառայություններով զբաղվելը օրենքով թույլատրված չէ, հակասում է օրենսդրության պահանջներին եւ ենթադրում է կոնկրետ պատասխանատվություն: Ուստի, այստեղ խնդիրը կայանում է պատշաճ վերահսկողության իրականացման եւ պատասխանատվության համապատասխան միջոցների սահմանման եւ անվերապահ կիրառման հետ: Այլ կերպ ասած, վերջինիս ապահովման դեպքում, ըստ էության, սույն Նախագծի անհրաժեշտությունը կվերանա, քանի որ եթե համապատասխան լիցենզիա չունեցող անձանց կողմից վարկային միջնորդային ծառայություններով զբաղվելն օրենքով թույլատրված չէ, ապա դրանց գովազդումը եւս չի կարող թույլատրված լինել: 

բ) Այդուհանդերձ, եթե օրենսդրական նախաձեռնության հեղինակը ցանկանում է առանձնահտուկ շեշտադրել նշված ծառայությունների գովազդում համապատասխան բառերի օգտագործման արգելքը, ապա նախ եւ առաջ, անհրաժեշտ է համապատասխան օրենքներով («Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» եւ այլն) արգելել «վարկ», «փոխառություն», «գումար», «փող», «դրամ», «վարկավորում», «փոխառության տրամադրում», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի, բառակապակցությունների կամ դրանց հոլովաձեւերի եւ ածանցյալների օգտագործումը գովազդում, հրապարակային օֆերտայում, ինչպես նաեւ լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային հաղորդակցման ցանկացած այլ միջոցների օգտագործմամբ ներկայացվող գովազդներում օգտագործումը, որից հետո միայն տվյալ պահանջի խախտման համար սահմանել պատասխանատվության միջոցներ: Հակառակ դեպքում ստացվում է, որ ՀՀ օրենսդրությամբ արգելված չէ գովազդում նշված բառերի օգտագործումը, սակայն սահմանվում են այդ բառերի օգտագործման համար պատասխանատվության միջոցներ:

գ) Նախագծի 1-ին հոդվածում առկա են մի շարք անորոշություններ: Մասնավորապես, հասկանալի չէ, թե գործունեության ո՞ր տեսակի լիցենզիա չունեցող անձանց է վերաբերում առաջարկվող սահմանափակումը: Կարծում ենք, հստակեցումը խիստ կարեւոր է, քանի որ հակառակ դեպքում որոշակի հարցեր են ծագում, օրինակ` որեւէ ընկերության կողմից սեփական արտադրանքի վաճառքի մասին կոնկրետ գնով գովազդումը (քանի որ դրա մեջ կպարունակվի «դրամ» բառը) կհանդիսանա՞ վարչական իրավախախտում՝ դրանից բխող հետեւանքներով, թե՞ ոչ (չնայած համաձայն Նախագծի` այս դեպքը պետք է դիտել որպես առաջարկվող նորմի խախտում, ինչն էլ, բնականաբար, ճիշտ չի լինի):

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության տնտեսական 

փորձաքննության բաժնի պետ`                                Գ. Կիրակոսյան 

15.03.2019թ.