ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-25-26.02.2019-ՏԵ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 

 ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-25-26.02.2019-ՏԵ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017 թվականի դեկտեմբերի 11-ին Մոսկվա քաղաքում: Այն հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր եւ կազմում է եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս:

Համաձայնագիրը նպատակաուղղված է նպաստելու հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի զարգացմանը, իրավատերերի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը՝ ընձեռելով նրանց ազատ ստեղծագործելու հնարավորություն, ինչպես նաեւ մշակութային արժեքների փոխանակման եւ առհասարակ մշակույթի ոլորտի զարգացմանը:

Կոլեկտիվ հիմունքներով կառավարող նոր կազմակերպությունները կապահովեն իրավատերերի իրավունքների պահպանությունը, գործունեության հրապարակայնությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը, վերահսկողությունը, ինչպես նաեւ վարձատրության հավաքումը եւ դրա տրամադրումը իրավատերերին:

Համաձայնագիրը նախատեսում է արդարության սկզբունքների վերաբերյալ համապատասխան դրույթներ, կազմակերպությունների պարտավորությունները կարգավորող միասնական դրույթներ, ինչպես նաեւ պատասխանատվություն` պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Համաձայնագրով սահմանվում է անդամ պետությունների լիազոր մարմինների համագործակցության հնարավոր ձեւաչափերը, այդ թվում` կոլեկտիվ հիմունքներով կառավարվող կազմակերպությունների գործունեության վերաբերյալ միմիանց տեղեկատվության տրամադրումը:

Նշենք նաեւ, որ համաձայնագրի վավերացումը կառաջացնի ՀՀ օրենքների փոփոխության կամ նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն:

Ընդհանուր առմամբ «Հեղինակային եւ հարակից իրավուքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանի Հանրապետությունում ստեղծագործող մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց ստեղծագործությունների օգտագործման եւ վարձատրության, մշակութային արժեքների զարգացման եւ պահպանման համար:

 

ՀՀ ԱԺ աշխատակազմի

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի

գլխավոր մասնագետ՝                                         Գ. ՆԱԶԱՐՅԱՆ

04.03.2019թ.