ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-27-26.02.2019-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-271-26.02.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման ուղղությամբ նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրման եւ այդ գործընթացում առաջացող անճշտությունների հստակեցման, ինչպես նաեւ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցում ցուցաբերելու եւ կազմակերպությունների կողմից հարկերի վճարումից խուսափելու ռիսկերի կառավարման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի եւ եկամտային հարկի 10% դրույքաչափի արտոնությունը նախատեսվում է տարածել նաեւ արտասահմանյան ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ` օտարերկրյա ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների գործունեության ուղղության համար հավասար պայմանների ստեղծման նպատակով, որն, իր հերթին, կբերի լրացուցիչ ներդրումների ներգրավմանը եւ նոր աշխատատեղերի ստաղծմանը:
3. Նախագծերի փաթեթում ընդգրկված` «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:
3.1 Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող` «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրանքում`
ա) 3-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերն առաջարկում ենք միավորել եւ շարադրել որպես առանձին մաս, քանի որ իրենց բովանդակությամբ եւ էությամբ դրանք տարբերվում են մյուս մասերից: Մասնավորապես, նշված կետերը ոչ թե հավաստագրման համար ներկայացվող պահանջներ են, այլ ուղղակի սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս ընդհանրապես դիմելու հավաստագրման համար,
բ) 3-րդ մասի 7-րդ կետով, որպես հավաստագրման պայման, սահմանվում է, որ հանաստագրման պահին տնտեսվարող սուբյեկտի աշխատողների թվաքանակը չպետք է գերազանցի 30-ը (իսկ 5-րդ մասով էլ պահանջ է սահմանվում, ըստ որի` այդ թվաքանակը չպետք է գերազանցվի նաեւ հավաստագրման ողջ ժամանակահատվածում): Այս կապակցությամբ, նախ եւ առաջ, հարկ է հստակեցնել, թե հարկային արտոնությունները տրվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, թե՞ այդ ոլորտի փոքր կամ միջին սուբյեկտներին: Կարելի է, իհարկե, արտոնությունը սահմանել այնպես, որ դրանից օգտվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միայն փոքր կամ միջին կազմակերպությունները (ինչպես ենթադրելի է նաեւ սույն Նախագծից), սակայն այս դեպքում արտոնության տրամադրման գաղափարը եւ դրանից ակնկալվող արդյունքներից մեկը, նոր աշխատատեղերի ստեղծումը, անհիմն սահմանափակվում է, առավել եւս, որ այս արտոնությունները տրվում են ոչ թե ընդմիշտ, այլ որոշակի կոնկրետ ժամանակահատվածով (առավելագույնը 5 տարով): Այս կապակցությամբ առաջարկում ենք հավաստագրման համար սահմանված պահանջների ցանկից հանել աշխատողների թվաքանակի սահամանափակումը: Երկրորդ` հարց է առաջանում, թե ո՞ր աշխատողների մասին է գնում խոսքը` բոլորի (ներառյալ տնօրենը, հաշվապահը, հավաքարարը եւ այլն), թե՞ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետների: Կարծում ենք, եթե տվյալ սահմանափակումն, այդուհանդերձ, պետք է կիրառվի, ապա խոսքը պետք է գնա միայն տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետների մասին, իսկ մյուս աշխատողների համար պետք է գործեն Հարկային օրենսգրքով սահմանված եկամտային հարկի ստանդարտ դրույքաչափերը, քանի որ հակառակ պարագայում, խտրական մոտեցում կառաջանա, օրինակ, ՏՏ ոլորտի հաշվապահների եւ այլ տնտեսվարողների մոտ աշխատող հաշվապահների կամ մյուս (ոչ ՏՏ ոլորտի) մասնագետների միջեւ:
3.2 Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի նոր շարադրանքում, տարընթերցումներից խուսափելու նպատակով, առաջարկում ենք «գործում են» բառից հետո ավելացնել «դրանց տրամադրման օրվանից» բառերը:
3.3 Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հույժ կարեւորությունը, դրա գերակա ճյուղ հանդիսանալու հանգամանքը, ինչպես նաեւ ՀՀ-ում այս ոլորտի բավականին մեծ ներուժը, առաջարկում ենք քննարկել նաեւ տվյալ Նախագծով եւ Օրենքով սահմանված արտոնությունների ժամկետային սահմանափակումը հանելու հարցը եւ նշված արտոնությունները 2022 թվականից սկսած տրամադրել միայն նոր ստեղծվող ՏՏ ոլորտի կազմակերպություններին` դրանց գրանցման օրվանի 3-5 տարի ժամկետով, իսկ այդ ժամկետի ավարտից հետո հարկման ընդհանուր ռեժիմին անցնելու պայմանով:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ
27.02.2019թ.