ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ՝ մյուս կողմից, ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը» վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-31-28.02.2019-ՏԵ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 
 

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ՝ մյուս կողմից, ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը» վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.  Նախագծով առաջարկվում է վավերացնել 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ՝ մյուս կողմից, ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը», որը   հնարավորություն կընձեռնի.

ա) ազատականացնել եւ պարզեցնել Կողմերի միջեւ ապրանքների առեւտուրը,

բ) հիմք կստեղծի ազատ առեւտրի գոտու ձեւավորման համար, որի շրջանակներում Կողմերի միջեւ փաստացի ամբողջ առեւտրի համար կվերացվեն տուրքերն ու առեւտրի կարգավորման մյուս սահմանափակող միջոցները՝ միջազգային կանոններին, ստանդարտներին եւ փորձին համապատասխան,

գ) կաջակցի Կողմերի միջեւ տնտեսական եւ առեւտրային փոխգործակցությանը,

դ) հիմքեր կստեղծի սույն Համաձայնագրի շրջանակներում ներառված ոլորտներում առավել սերտ համագործակցության զարգացման համար եւ կդյուրացնի Կողմերի միջեւ փոխգործակցությունը:

3. Համաձայնագրի կապակցությամբ եւ քննարկան առարկա դարձնելու նկատառումով կցանկանայինք ներկայացնել երկու հարցադրում, մասնավորապես.

ա) Համաձայնագրի 1.2-րդ հոդվածի «ա» կետով սահմանվում է, որ դրա նպատակներից է «ազատականացնել եւ պարզեցնել Կողմերի միջեւ ապրանքների առեւտուրը, այդ թվում` սույն Համաձայնագրի 1-ին հավելվածում ներառված ապրանքների համար սակագնային եւ ոչ սակագնային խոչընդոտները նվազեցնելու կամ վերացնելու միջոցով.», սակայն սույն Համաձայանգրի իմաստով չի սահմանվում, թե ի՞նչ է հասկացվում «ապրանք» հասկացության տակ (արդյո՞ք այս հասկացության տակ ներառվում են նաեւ ծառայությունները, աշխատանքները, տեխնոլոգիաները եւ այլն),

բ) ինչպե՞ս են թղթակցվելու սույն Համաձայնագիրը եւ 2010 թվականի ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:»:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                   Մ. Դալլաքյան 

11.03.2019թ.