ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-34-28.02.2019-ՏՀ-011/0) եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-341-28.02.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
 


 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հ. Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանափակել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպիչների կողմից առաջարկվող ծառայությունների գովազդը` հասարակության խոցելի խմբերին դրանց ազդեցությունից զերծ պահելու նպատակով, ինչպես նաեւ հստակեցնել նշված գործունեության հետ կապված գովազդին ներկայացվող պահանջները:

3. Ընդհանուր առմամբ Նախագծերի փաթեթը կարող է լուծել դրանով հետապնդվող նպատակը, սակայն կցանկանայինք որոշ նկատառումներ ներկայացնել Նախագծերի փաթեթի վերաբերյալ:

3.1 «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ`

ա)  խմբագրական առումով առաջարկում ենք Նախագծի վերնագրում «Գովազդի մասին» բառերից հետո ավելացնել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը, իսկ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող` Օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասի նոր խմբագրությամբ տեքստի առաջին պարբերության «հաստատված» բառն առաջարկում ենք փոխարինել «նախատեսված» բառով,

բ) Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարները նախատեսված խախտումների համար կրում են վարչական պատասխանատվություն: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը նրանց նկատմամբ կիրառում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:», որի կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

- նշված դրույթի երկրորդ նախադասությունը, կարծում ենք, անհրաժեշտ է հանել եւ համապատասխան լրացումը կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում,

- առաջին նախադասությունից առաջարկում ենք հանել «գովազդ արտադրող» բառերը, քանի որ այս կազմակերպությունները որեւէ կապ չեն կարող ունենալ սահմանվող պահանջների խախտման հետ,

-  անհրաժեշտ է նաեւ հստակեցնել, թե առաջարկվող պատասխանատվության միջոցը պետք է կիրառվի միաժամանակ բոլո՞ր սուբյեկտների նկատմամբ (այսինքն` համապարտ պատասխանատվություն պետք է կրեն), թե առանձին-առանձին միայն այն կազմակերպությունների ղեկավարների նկատմամբ, որոնք կխախտեն սահմանված պահանջները,

- առաջարկում ենք քննարկել նաեւ սահմանվող պատժամիջոցի չափի հարցը (նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը կամ 1.0 մլն. դրամը, եթե ընդունելի չափ կարող է դիտարկվել գովազդատուների համար, ապա ԶԼՄ-ների համար, կարծում ենք, բավականին մեծ տուգանք կլինի, առավել եւս, որ ԶԼՄ-ները, սույն Նախագծի ընդունման արդյունքում, կարող են ֆինանսական կորուստներ կրել: Այս առումով կարելի տարանջատել գովազդատուների եւ գովազդակիրների պատասխանատվությունը` նրանցից յուրաքանչյուրի համար սահմանելով համաչափ պատասխանատվություն:  

3.2 «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածից, խմբագրական առումով, առաջարկում ենք հանել «նշել» բառը: 

      


 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

փորձաքննության վարչության պետ`                                   Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

05.03.2019թ.