ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-41-6.03.2019-ՏՀ-011/0), «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-411-6.03.2019-ՏՀ-011/0) եւ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-412-6.03.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
 


 

 Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունն ապահովելու եւ դրա արդյունքում նաեւ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցիչի մասով Հայաստանի դիրքի առաջընթացը ապահովելու անհրաժեշտությամբ: Այս կապակցությամբ Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ դուստր եւ կախյալ ընկերություններն իրավունք չունեն գնելու հիմնական ընկերության թողարկած բաժնետոմսերը, բաժնետերերի ընդհանուր ժողովում արտոնյալ բաժնետոմսերով նախատեսված իրավունքների սահմանափակմանը վերաբերող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել այդ բաժնետոմսերի սեփականատերերը, տարեկան եւ միջանկյալ շահութաբաժինները վճարվում են շահութաբաժինների վճարման մասին որոշումն ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում, ԲԸ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդը պետք է լինի անկախ, պարտադիր պահանջ է սահմանվում բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդին կից աուդիտի հանձնաժողովի ձեւավորումը, առաջարկվում է ցուցակված արժեթղթերով կազմակերպությունների համար սահմանված` յուրաքանչյուր անձի արժեթղթերի տիրապետության շեմը 75 տոկոսից իջեցնել 50 տոկոսի եւ այլն:

3. Ընդհանուր առմամբ Նախագծերի փաթեթը կարող է լուծել դրանով հետապնդվող նպատակներն ու խնդիրները, սակայն կցանկանայինք որոշ նկատառումներ ներկայացնել փաթեթում ընդգրկված նախագծերի լրամշակման ուղղությամբ:

ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 16-րդ հոդվածի «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 6-րդ ամիսը» բառերն առաջարկում ենք փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո» բառերով:

բ) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում`

- 1-ին հոդվածի 1-ին կետում, կապված 4-րդ կետով կատարվող փոփոխությունների հետ, մեր կարծիքով, համապատասխան փոփոխություններ պետք է կատարվեն նաեւ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասում եւ 7-րդ մասի 1-ին կետում, ինչպես նաեւ 154-րդ հոդվածի 1-ին մասում, քանի որ 75 տոկոսը դարձնելով 50 տոկոս, նշված մասերում անիմաստ է դառնում 75 տոկոսի (որպես առավելագույն չափի) նշումը,

- 1-ին հոդվածի 4-րդ կետով առաջարկվող փոփոխությունը (համաձայն որի` անձը տվյալ դասի արժեթղթերի 50 եւ ավելի տոկոսի սեփականատեր դառնալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում դրանց մի մասն օտարում է այն անձին, որը սույն օրենքի 151-րդ հոդվածի համաձայն չի համարվում համատեղ գործելու համաձայնությամբ հանդես եկող անձ եւ պայմանով, որ օտարող անձը դառնում է տվյալ դասի արժեթղթերի մինչեւ 50 տոկոսի սեփականատեր ու այդ ժամկետի ընթացքում տվյալ արժեթղթերի թողարկողի բաժնետերերի ընդհանուր ժողով չի գումարվում), ինքնին, ընդունելի է, սակայն դրա հետ կապված առաջանում են որոշ հարցեր, որոնց պատասխանները հստակ չեն ոչ միայն Նախագծի, այլեւ օրենքի գործող խմբագրության տեքստից: Մասնավորապես, տվյալ փոփոխությունը չի հստակեցնում այն գործողությունները, որոնք պետք է հետեւեն տվյալ դասի արժեթղթերի 50 տոկոսից ավել մասը պարտադիր օտարելու անհնարինության դեպքին: Այս առումով, կարծում ենք, անհրաժեշտ է հստակեցնել, թե ի՞նչ պետք է անի տվյալ դասի արժեթղթերի 50 եւ ավելի տոկոսի սեփականատերը, եթե կատարում է բաժնետոմսերի ավել մասի պարտադիր առաջարկ, սակայն որեւէ մեկը չի գնում այդ բաժնետոմսերը, եւ արդյո՞ք տվյալ բաժնետերը պետք է ենթարկվի պատասխանատվության, թե՞ ազատվում է պատասխանատվությունից:         

 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

փորձաքննության վարչության պետ`                              Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

14.03.2019թ.