ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» (փաստաթղթային կոդ` Կ-52-11.03.2019-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-521-11.03.2019-ՏՀ-011/0), «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-522-11.03.2019-ՏՀ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-523-11.03.2019-ՏՀ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-524-11.03.2019-ՏՀ-011/0), «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-525-11.03.2019-ՏՀ-011/0) եւ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-526-11.03.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետություն-մասնավոր գործընկերության մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Փաթեթի կազմում ընգրկված նախագծերով առաջարկվում է սահմանել Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) հաջողակ ծրագրերի ստեղծման, խթանման եւ պահպանման նպատակով անհրաժեշտ օրենսդրական եւ ինստիտուցիոնալ հիմքեր եւ խրախուսել ՊՄԳ միջազգային լավագույն փորձի ներդրումը, որը կնպաստի պետություն-մասնավոր գործընկերությունը որակական նոր հարթություն տեղափոխելուն, ներդրումային ակտիվության բարձրացմանը եւ կայուն տնտեսական զարգացման ապահովմանը: Փաթեթով նախատեսվում է կարգավորել պետություն-մասնավոր գործընկերության իրականացման ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը եւ կիրառելի սկզբունքները:
3. Ընդհանուր առմամբ, սույն Փաթեթով առաջարկվում է սահմանել դրված խնդրի լուծման օրենսդրական ընդհանրական հիմքերը եւ գլխավորապես բաշխվում են նախատեսվող ընթացակարգերում պետական կառավարման այս կամ այն մարմինների լիազորությունները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊՄԳ յուրաքանչյուր դեպքի համար այդ գործակցության պայմանները, մեթոդաբանությունը եւ սկզբունքները կարող են միանգամայն տարբեր լինել, առաջարկվող կարգավորումները, կարծում ենք, բավարար են համապատասխան գործընթացքները սկսելու համար: Սակայն կցանկանայինք նաեւ որոշ նկատառումներ ներկայացնել` կապված «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:
4. Նախագծի 5-րդ հոդվածից առաջարկում ենք հանել դրա 2-րդ մասը, ըստ որի. «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել ՊՄԳ ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայությունների այլ ոլորտներ, որոնք պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված՝ հանրային ներդրումների կառավարման քաղաքականությամբ սահմանված գերակայություններին:», նկատի ունենալով, որ`
- սույն հոդվածի 1-ին մասով արդեն իսկ սպառիչ սահմանվում են ՊՄԳ ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայությունների ոլորտները, կառավարությանը նման լիազորության տրամադրումը (նմանատիպ այլ ոլորտներ սահմանելու առումով) ուղղակի անիմաստ եւ անտրամաբանական է: Ստացվում է, որ նույն հարցում եւ կառավարությունը եւ օրենսդիր մարմինն ուենեն նույն լիազորությունը, ինչն էլ պետական կառավարման տեսանկյունից լիազորությունների կրկնություն է,
- ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:», իսկ հանրային ծառայությունները, իրենց բովանդակությամբ եւ բնույթով, մենաշնորհի տեսակներ են եւ այլ կերպ կոչվում են «բնական մենաշնորհներ», ուստի` չնայած անվանումով հանրային ծառայությունները մենաշնորհ չեն կոչվում, սակայն ավելի նպատակահարմար կլինի դրանց տեսակները սահմանել միայն օրենքով,
- մեկնաբանելի եւ անորոշ է «հանրային ներդրումների կառավարում» հասկացությունը, ինչն էլ, ըստ էության, կառավարության կողմից այս կամ այն ոլորտը որպես հանրային ծառայություն որակելու հիմք պետք է հանդիանա:
Այս առումով, կարծում ենք, նպատակահարմար կլիներ վերախմբագրել նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասը` ելնելով Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով տրված «հանրային ծառայություն» հասկացության սահմանումից: Վերջինս «հանրային ծառայությունը» սահմանում է որպես. «հանրային շահերից բխող գործունեություն, որը սովորաբար իրականացվում է պետական մարմինների կողմից եւ (կամ) վերջիններիս անունից եւ (կամ) որի համար հիմնական պատասխանատվությունը կրում է պետական մարմինը, ինչպես նաեւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի ցանկացած ծառայություն կամ գործունեություն,»: Հետեւաբար, անորոշություններից խուսափելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում, որպես ՊՄԳ ծրագրերի իրականացման ոլորտներ սահմանել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ոլորտները, ավելացնելով այն ոլորտները, որոնք սահմանված չեն նշված օրենքով, սակայն կառավարության կողմից առաջարկվում է ընդգրկել, ինչպես նաեւ առաջարկում ենք այս ցանկում ավելացնել նաեւ սոցիալական ոլորտը` հաշվի առնելով միջազգային փորձը:
Ներկայացված առաջարկություններն ընդունելի համարվելու դեպքում Նախագծի 5-րդ հոդվածը կունենա հետեւյալ տեսքը`
«Հոդված 5. ՊՄԳ ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայության ոլորտները
1. ՊՄԳ ծրագիր կարող է իրականացվել հետեւյալ ոլորտներում.
1) «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ոլորտները,
2) ավտոմոբիլային ճանապարհներ եւ ավտոմոբիլային ճանապարհների արհեստական կառույցներ, երկաթուղիներ, մետրոյի համակարգեր, ավտոկայաններ եւ ավտոբուսային տրանսպորտի հետ կապված այլ ենթակառուցվածքներ եւ ծառայություններ, հանրային տրանսպորտի այլ ծառայություններ, օդանավակայաններ, հսկիչ կշռման համակարգեր եւ այլ տրանսպորտային ենթակառուցվածքներ,
3) սոցիալական ոլորտ:»:
5. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանվում է, որ ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմինը. «իրականացնում է սույն օրենքով եւ ՊՄԳ ընթացակարգերով սահմանված այլ լիազորություններ:»: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:», հետեւաբար` ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմնի` ՊՄԳ ընթացակարգերով սահմանված այլ լիազորություններ ունենալու դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության նշված մասին, որն էլ առաջարկում ենք հանել:
Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում:
6. Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ. «ՊՄԳ ընթացակարգերով նախատեսված դեպքերում ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստումը պետք է հաստատվի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:», որի առումով, կարծում ենք, առկա է երկու թերություն, մասնավորապես`
ա) Նախ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատման ենթակա պետք է լինի ոչ թե «ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստումը», այլ բուն ՊՄԳ ծրագրի նախագիծը,
բ) ՊՄԳ ծրագրի նախագծի հաստատման մասով անիմաստ իմպերատիվություն է դրված «...պետք է հաստատվի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:» արտահայտությամբ, քնի որ տվյալ դեպքում ՀՀ կառավարությանն այլընտրանք չի թողնվում` նախագիծը հաստատելու կամ չհաստատելու առումով: Կարծում ենք, հասկանալի է, որ տվյալ դեպքում խոսքը գնում է ՀՀ կառավարության համար ՊՄԳ ծրագրի նախագծի հաստատման մասով համապատասխան լիազորության ամրագրման մասին, ուստի Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասն առաջարկում ենք ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ. «ՊՄԳ ընթացակարգերով նախատեսված եւ սույն օրենքի պահանջներին համապատասխանության դեպքում ՊՄԳ ծրագրի նախագիծը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:», իսկ «ծրագրի պատրաստում» եւ «ծրագրի նախագծի պատրաստում» բառակապակցություններն առաջարկում ենք փոխարինել «ծրագրի մշակում» եւ «ծրագրի նախագծի մշակում» բառակապակցություններով:
Նույն տրամաբանությամբ, կարծում ենք, կարելի է խմբագրել նաեւ Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասը:
7. Նախագծի 13-րդ հոդվածի երկրորդ նախադասությամբ սահմանվում է, որ. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նման հրապարակման հետ կապված պահանջներ եւ (կամ) հրապարակման պարտավորությունից ազատելու դեպքեր:»: Մեր կարծիքով, որեւէ պարտավորությունից ազատման հիմքերը պետք է սահմանվեն օրենքով, եթե նույնիսկ այդ պարտավորությունների սահմանման լիազորությունը վերապահվում է ՀՀ կառավարությանը` ավելորդ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով (ըստ էության, այս դրույթով կառավարությանը տրվում է հայեցողական իրավունք, որից օգտվելու արդյունքում անհավասար պայմաններ կարող են ստեղծվել տարբեր սուբյեկտների համար):
8. Առաջարկում ենք խմբագրել Նախագծի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի. «Եթե հաղթող հայտատուն հանդիսանում է իրավաբանական անձանց կոնսորցիում, ապա հայտում ներառվում է նաեւ կոնսորցիումի մասնակիցների բաժնեմասնակցության կառուցվածքը: Այդ կառուցվածքը չի կարող փոխվել մասնավոր գործընկերոջ հիմնադրման պահին:»: Խնդիրը կայանում է նրանում, որ`
ա) «Այդ կառուցվածքը չի կարող փոխվել մասնավոր գործընկերոջ հիմնադրման պահին:» նախադասությունը միանգամայն ավելորդ եւ որեւէ էական պայման սահմանող դրույթ չէ, քանի որ «մասնավոր գործընկերոջ հիմնադրման պահին», այսպես, թե այնպես, մասնակիցների բաժնեմասնակցության կառուցվածքը չի կարող փոխվել (ըստ երեւույթին նկատի է ունեցվել, որ կոնսորցիումի մասնակիցների բաժնեմասնակցության կառուցվածքը չպետք է փոխվի մրցույթում հաղթելուց հետո, կամ կոնսորցիումի գործունեության ընթացքում), իսկ բաժնեմասնակցության չփոփոխման պահն էլ պետք է վերաբերի ոչ թե «մասնավոր գործընկերոջ», այլ «կոնսորցիումի» հիմնադրմանը:
բ) Մյուս կողմից էլ` կոնսորցիումի մասնակիցների բաժնեմասնակցության կառուցվածքի անփոփոխելիության նորմի սահմանումն ուղղակի «քարացնում է» այդ կոնսորցիումի կապիտալը` տվյալ միավորին զրկելով նոր կապիալ ներդրումների ներգրավման եւ ընդհանրապես կապիտալի շարժունակության որեւէ հնարավորությունից, ինչն էլ անիմաստ է դարձնում այդ դրույթը:
Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 15-րդ հոդվածի 3-րդ մասից հանել դրա երկրորդ նախադասությունը:
9. Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ եւ 13-րդ կետերի «բնույթը» բառերն առաջարկում ենք փոխարինել «եղանակները» բառերով, քանի որ «վճարման բնույթ» բառակապակցությունը տվյալ երեւույթի տնտեսագիտական առումով որեւէ բան չասող եւ անիմաստ բառակապակցություն է:
10. Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասից առաջարկում ենք հանել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերը, քանի որ կառավարության կողմից միակողմանիորեն պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի պայմանների կամ ժամկետի փոփոխությունները չեն համապատասխանում գործընկերության սկզբունքին (իսկ Նախագծով էլ չի հստակեցվում, թե ի՞նչ իրավունք է այդ դեպքում ձեռք բերում մասնավոր գործընկերը, եթե նա համաձայն չէ կառավարության կողմից միակողմանի փոփոխությունների կատարմանը), առավել եւս, որ այս դրույթը, բովանդակային իմաստով, հակասում է նաեւ Նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի. «Հանրային գործընկերը եւ մասնավոր գործընկերը ՊՄԳ պայմանագրի հավասար կողմեր են:»:
11. Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «ՊՄԳ պայմանագրով նախատեսված դեպքերում հանրային գործընկերը պետք է ապահովի ՊՄԳ ծրագրի իրականացման համար պահանջվող հողամասերի տրամադրումը մասնավոր գործընկերոջը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հողամասերը գտնվում են մասնավոր գործընկերոջ սեփականության կամ տիրապետման ներքո:»: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ նշված հողամասերը կարող են գտնվել ոչ միայն մասնավոր գործընկերոջ, այլեւ մասնավոր որեւէ այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կամ տեղական ինքնակառավարման մարմնի սեփականության ներքո, իսկ այդ դեպքերում հանրային գործընկերը չի կարող ապահովել տվյալ պարտավորության կատարումը: Կարծում ենք, այս առումով անհրաժեշտ է հստակեցնել, թե ի՞նչ մեխանիզմներով պետք է ապահովվի գործընկերության մեջ չներգրավված համայնքներին եւ իրավաբականան կամ ֆիզիկական անձանց պատկանող հողերի` մասնավոր գործընկերոջը փոխանցելը, ինչպես նաեւ այն հարցը, թե արդյո՞ք նման դեպքերում գործընկերության մեջ չներգրավված համայնքները եւ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կարո՞ղ են դառնալ ՊՄԳ կողմ (ցանկության դեպքում), թե՞ ոչ:
12. Նախագծի 22-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ. «Հանրային գործընկերը կարող է հայտատուին շնորհել ՊՄԳ պայմանագրով սահմանված գործունեությունն իրականացնելու բացառիկ իրավունքներ՝ ՊՄԳ ծրագրի տեխնիկական եւ ֆինանսական կենսունակությունն ապահովելու նպատակով:»: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ`
ա) տվյալ դեպքում խոսքը պետք է գնա ոչ թե «հայտատուի», այլ «մրցույթում հաղթող ճանաչվածի» կամ «մասնավոր գործընկերոջ» մասին,
բ) «բացառիկ իրավունքների» շնորհումն, ըստ էության, մենաշնորհի սահմանումն ու ամրագրումն է, եւ այս առումով տվյալ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն. «Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:»:
Այս կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծից հանել 22-րդ հոդվածի 3-րդ մասը, իսկ բացառիկ իրավունքների տրամադրման անհրաժեշտության առաջացման դեպքում համապատասխան իրավակարգավորումները սահմանել օրենքով:
13. Նախագծի 27-րդ հոդվածի 2-րդ մասից առաջարկում ենք հանել «շարունակել» բառը, որն ուղղակի ավելորդ է:
Նախագծերի փոթեթում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ13.03.2019թ.