ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխողություն կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ՝ Կ-60-15.03.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխողություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.    Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.    Նախագծով առաջարկվում է փոխել սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը փոխարինելով 1 տոննայով` միաժամանակ վերահաշվարկելով նաեւ ակցիզային հարկի դրույքաչափը: Վերջինիս արդյունքում, համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման,  հարկային բեռի ավելացում տեղի չի ունենում, քանի որ որպես ակցիզային հարկի հաշվարկային միավոր վերցվում են 1 խորանարդ մետրի եւ 1 կիլոգրամի՝ միմյանց համարժեք մեծությունները: 

Նախագծի հետ կապված հարկ ենք համարում ներկայացնել մեկ նկատառում՝ կապված այն ուժի մեջ մտցնելու ժամկետի հետ: Նախ, ակնհայտ է, որ 2019 թվականի ապրիլի 1-ից այն ուժի մեջ մտցնելը գործնականում անհնար է, եւ այս առումով, Նախագծի հոդված 2-ը վերանայման կարիք ունի: Ընդ որում, այս դեպքում պետք է հաշվի առնել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, համաձայն որի. «Նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:»: Նույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասով հարկային դրույքաչափը սահմանվում է որպես արժեքային (տոկոսային) եւ (կամ) հաստատուն մեծություն, որը կիրառվում է հարկման բազայի նկատմամբ՝ հարկի չափը որոշելու համար: 

Նախագծով առաջարկվում է բարձրացնել սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափը՝ 25000 դրամից 340000 դրամ՝ միաժամանակ փոխելով նաեւ հարկման բազայի չափման միավորը: Մեր կարծիքով, չնայած այն հանգամանքին, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում հարկային բեռի ավելացում կամ նվազեցում չի լինելու, այդուհանդերձ, հաշվի առնելով Հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, ֆորմալ առումով այն պետք է ուժի մեջ մտցնել նշված մասում նախատեսված ժամկետներում: Միեւնույն ժամանակ, կարծում ենք, որ Հարկային օրենսգրքի այդ պահանջը որոշակիորեն հստակեցման կարիք ունի, քանի որ տրամաբանորեն խոսքը պետք է գնա ոչ թե «հարկային դրույքաչափի բարձրացում», այլ հարկի չափի կամ հարկային պարտավորությունների ավելացում նախատեսող դրույթներն ավելի ուշ ուժի մեջ մտցնելու մասին: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե հարկային դրույքաչափի բարձրացումն ուղեկցվում է հարկման բազայի հաշվարկային միավորի նվազեցմամբ (ինչն առկա է սույն Նախագծում) եւ որի արդյունքում հարկային բեռի ավելացում չի նախատեսվում, ապա տրամաբանական չէ ժամկետների հետ կապված նման սահմանափակումների կիրառումը:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության տնտեսական 

փորձաքննության բաժնի պետ`                                      Գ. Կիրակոսյան 

26.03.2019թ.