ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-85-03.04.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տ. Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.         Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.         Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի»  94-րդ հոդվածում, համաձայն որի, աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար, բացառությամբ այլ օրենքով կարգավորվող դեպքերի: Նախագծի հիմնավորումից ակնհայտ է, որ առաջարկվող լրացման նպատակը՝ դա գործող աշխատանքային օրենսգրքում սահմանված աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասուրությունը եւս մեկ անգամ շեշտադրելն է: Այս կապակցությամբ, հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները.

ա) «Աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում խտրականության մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության 111 կոնվենցիայով` աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում հնարավորության կամ վերաբերմունքի հավասարության վերացմանը կամ խախտմանը հանգեցնող ցանկացած այլ տարբերակումը, մերժումը կամ նախապատվությունը համարվում է «խտրականություն»: 

  Նշված կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1995թ. հուլիսի 29-ից: Ի դեպ, նշված Կոնվենցիայով ամրագրված սկզբունքները ամբողջովին ներառած են ՀՀ աշխատանքային օրենսգրքում:

բ) Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ ամբողջությամբ մեջբերված չէ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը, այն է՝ « Տարիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»:

3. Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 86-րդ հոդվածի, աշխատանքային պայմանագիր կնքելը գործատուի իրավունքն է, այլ ոչ թե պարտավորությունը, եւ այդ առումով, գործնականում, բավականին դժվար կլինի անգամ դատական կարգով պաշտպանել աշխատանքի ընդունվող անձանց աշխատանքային իրավունքը, քանի որ, պետք է առկա լինի օրենքի ակնհայտ խախտում կատարված գործատուի կողմից:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                        Ա. Հարությունյան

09.04.2019թ.