ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ րացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-96-9.04.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մ. Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն երրորդ երկրներից ներմուծվող սննդամթերքի հիմնական տեսակների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճաման ժամկետ սահմանել մինչեւ ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը: Համաձայն ներկայիս կարգավորումների, վճարման ժամկետ է սահմանված մինչեւ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բաց թողնումը: Անշուշտ, առաջարկվող փոփոխությունը կնպաստի երրորդ երկրներից նշված ապրանքատեսակների ներմուծմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների գործունեության պայմանների համեմատաբար բարելավմանը: Միեւնույն ժամանակ, կարծում ենք, Նախագծով առաջարկվող ապրանքների հետ կապված կարող են ծագել որոշակի հարցադրումներ՝ հատկապես դրանց ընտրության չափորոշիչների առումով: Մասնավորապես, առաջարկվող ապրանքների ցանկից բացակայում են սոցիալական նշանակություն ունեցող որոշ ապրանքներ (օրինակ, դեղագործական արտադրանքը եւ այլն):
ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության
տնտեսական փորձաքննության
բաժնի վարիչ` Գ. Կիրակոսյան
25.04.2019թ.