ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-97-9.04.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 
 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ս. Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքում ամրագրել մատակարարված ոռոգման ջրի դիմաց բացառապես անկանխիկ ձեւով վճարում կատարելու ջրօգտագործողի պարտականությունը, որն, ըստ Նախագծի հեղինակի, թույլ կտա խուսափել հնարավոր անճշտություններից, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անկանխիկ գործառնությունները ենթակա են առավել հեշտ կարգով վերահսկման, կապահովվի ՋՕԸ-երի գործունեության թափանցիկությունը՝ նվազագույնի հասցնելով կոռուպցիոն ռիսկերը:

Առաջարկվող իրավակարգավորումն, անշուշտ, ծառայությունների դիմաց քաղաքակիրթ վճարումներ կատարելու եւ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու տարբերակներից մեկն է, որի կենսագործումը, սակայն, կարող է հնարավոր չլինել ապահովել ՀՀ ամբողջ տարածքում: Մասնավորապես, հարց է ծագում, թե տվյալ իրավակարգավորումն ընդունվելուց, այսինքն՝ բացառապես անկանխիկ վճարման մեխանիզմ ամրագրելուց հետո, ինչպե՞ս պետք է կատարեն վճարումներն այն համայնքների ջրօգտագործողները, որոնց համայնքում չկան բանկերի մասնաճյուղեր (իսկ նման համայնքները բավականին շատ են) կամ այն ջրօգտագործողները, որոնք չունեն ինտերնետին հասանելիություն (այս դեպքում արդեն կսկսեն կուտակվել օգտագործված ջրի դիմաց պարտքեր, տույժեր ու տուգանքներ, կամ էլ ջրօգտագործողները վճարումներ կատարելու նպատակով պարբերաբար, լրացուցիչ ծախսեր կատարելով, պետք է մեկնեն այնպիսի համայնքներ, որտեղ առկա են բանկերի մասնաճյուղեր):

Բացի այդ, ջրօգտագործողի համար որպես պարտականություն սահմանելով բացառապես անկանխիկ վճարման եղանակը, օրենսդիրը նրան կզրկի կանխիկ վճարման մեխանիզմից օգտվելու իրավունքից եւ հնարավորությունից, որը նույնպես վճարման օրինական եղանակ է:  

Հետեւաբար, առկա խնդրի լուծման առումով, կարծում ենք, առաջարկվող տարբերակը լավագույնը չէ, եւ բացի այդ՝ հարկ է նկատի ունենալ նաեւ, որ կոռուպցիոն գործարք տեղի ունենալու (օրինակ՝ հենց նույն ջրի վարձի հավաքագրման) դեպքում, որպես կանոն, շահագրգիռ են լինում այդ գործարքի երկու կողմերը, ինչն էլ հանգեցնում է վերահսկողության անարդյունավետությանը: Այս իմաստով, կարծում ենք, նպատակահարմար կլինի օգտագործված ջրի դիմաց վճարումների հավաքագրման գործընթացին մասնակից դարձնել նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ մինչեւ տվյալ հարցում համակարգային լուծումների մշակումն ու իրականացումը: 

 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

փորձաքննության վարչության պետ`                            Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

25.04.2019թ.