ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-98-10.04.2019-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Մանուկյանի եւ Ա. Ջուլֆալակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Ներկայացված օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կհստակեցվի եւ առավել արդյունավետ կդարձվի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի համակարգը, ինչպես նաեւ կկանոնակարգի ազգային ֆեդերացիաների եւ հավաքական թիմերի կազմավորման գործողությունների հաջորդականությունը:
Բացի վերը նշվածը, Նախագիծը սահմանում է ՀՀ հավաքական թիմի թեկնածու եւ անդամ հասկացությունները, ինչպես նաեւ հիմքեր է դնում նրանց առնչվող մի շարք հարցերի լուծման համար:
3. Նախագծի լրամշակման նպատակով, կցանկանայինք ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:
3.1 Նախագծի հոդված 1-ի «ժդ)» կետում «Եվրոպայի» բառից հետո ավելացնել «առաջնության» բառը:
3.2 Նախագծի հոդված 2-ի վերնագրում՝ «Օրենքի 7-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունը եւ լրացումը» նախադասությունը վերաշարադրել «Օրենքի 7-րդ հոդվածում» բառերով, իսկ «դ» կետում «նորմատիվ» բառից հետո ավելացնել «իրավական» բառը, եւ կետը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ. «դ) հաստատում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի նորմատիվ իրավական ակտերը.»:
3.3 Նախագծի 6-րդ հոդվածի «գ)» կետից հանել «անձի» բառը, իսկ «դ)» կետում «սպորտի վարման» բառերը փոխարինել «սպորտաձեւի» բառով:
3.4 Հստակեցման եւ վերախմբագրման կարիք ունեն Նախագծի 18.6-րդ հոդվածի 2-րդ մասի «բ», «գ», «դ», «ե» եւ «զ» կետերով ամրագրված իրավունքները, քանի որ պարզ չէ, թե մարզիկը ի՞նչ հիմունքներով եւ ո՞ր պայմաններում կարող է «օգտվել» Նախագծի տվյալ հոդվածով ամրագրված, անկախ սեփականության ձեւից՝ առողջարարական կառույցներից, գիտական կենտրոնների եւ այլ հաստատությունների նվաճումներից, պետական բյուջեի, ՀԱՕԿ-ի եւ օրենքով չարգելված այլ միջոցներով ձեռքբերված «նյութատեխնիկական հանդերձանքից»:
3.5 Առաջարկում ենք Նախագծի տեքստում ավելացնել օրենքն ուժի մեջ մտնելու մասին դրույթը:
ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության սոցիալական
փորձաքննության բաժնի պետ` Ա. ԳԱԼՍՏՅԱՆ
25.04.2019թ.