ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-106-15.04.2019-ՏՏԳԲ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1061-15.04.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գ. Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծերի փաթեթի ներկայացումը, ըստ դրա հեղինակի, պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների համակարգված եւ արդյունավետ իրականացման եւ ոլորտի գործառույթների պետական կանոնակարգման անհրաժեշտությամբ:
3. Նախագծերի փաթեթում ընդգրկված «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:
3.1 Նախագծի 3-րդ եւ 4-րդ մասերով առաջարկվում է պայմանագրային հարաբերություններ սահմանել ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերի (շինությունների) սեփականատերերի եւ աղբահանության ծառայություն մատուցողների միջեւ, որը հնարավորություն կտա կիրառել աղբահանության այլ, ավելի ցածր սակագին, մասնավորապես՝ առաջարկվում է Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ պարբերությամբ. «Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի եւ (կամ) շինության սեփականատերը անհամաձայնության մասին գրավոր ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց՝ աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:»:
Այս կապակցությամբ հարկ է նշել, որ՝
ա) աղբահանության վճարի չափի հետ անհամաձայնության մասին անիմաստ կլինի գրավոր հայտնել պայմանագրի կնքումից հետո, քանի որ այդ դեպքում աղբահանության ծառայություն մատուցող օպերատորի հետ պետք է կնքվի նոր պայմանագիր (ընդ որում, մեծ հարց է՝ արդյո՞ք այդ օպերատորը նման դեպքում կկնքի նոր պայմանագիր՝ օրենքով այդպիսի պարտավորություն չունենալու պարագայում),
բ) աղբահանության ծառայություններ մատուցող մեկ օպերատորի առկայության եւ աղբահանության սակագները համայնքի կողմից սահմանելու պարագայում (որոնց վրա հիմնված է օրենքը եւ աղբահանության ողջ համակարգը) ուղղակի անիմաստ է դառնում պայմանագրային հարաբերությունների ներմուծումը, առավել եւս՝ սահմանված սակագների հետ «անհամաձայնության» ինստիտուտի ներմուծումը, քանի որ մի կողմից չկա աղբահանության ծառայություններ մատուցող այլընտրանքային օպերատոր, իսկ մյուս կողմից՝ ակնհայտ է, որ նշված անհամաձայնությունները տեղի կունենան այնքան ժամանակ, քանի դեռ աղբահանության վճարի չափը կլինի ավելի ցածր, քան համայնքի ավագանու կողմից սահմանված վճարի չափն է: Հետեւաբար, շատ ավելի նպատակահարմար կլինի տվյալ օրենքով սահմանել դիֆերենցված սակագների մակարդակներ՝ ոչ բնակելի շենքերի սեփականատերերին զերծ պահելով տարաբնույթ քաշքշուկներից:
Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծից հանել 1-ին հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը:
ՀՀ ԱԺ աշխատակազմիտնտեսագիտական փորձաքննության վարչության
սոցիալական փորձաքննության
բաժնի առաջատար մասնագետ` Ա. Հարությունյան
02.05.2019թ.