ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-114-23.04.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ա. Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է ընդլայնել հարկային գաղտնիք չհանդիսացող տեղեկությունների շրջանակը, որի նպատակը, համաձայն կից ներկայացված հիմնավորման, «հաշվետվողականության եւ թափանցիկության» բարձրացումն է: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է հարկային գաղտնիք չհամարել հարկ վճարողի կողմից հայտարարագրված աշխատողների թվաքանակի, hարկ վճարողի եկամուտների եւ ծախսերի, վճարված հարկերի եւ տուրքերի, ակտիվների, ինչպես նաեւ ընկերության հարկային ռեժիմի վերաբերյալ տեղեկատվությունը: Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկլայացնել հետեւյալ նկատառումները:
ա) Ընդհանուր առմամբ, հարկային գաղտնիք կազմող տեղեկությունների շրջանակի վերաբերյալ տարբեր երկրներում կիրառվում են տարբեր մոտեցումներ: Օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում դրանք բավականաչափ լայն են, մինչդեռ՝ Վրաստանում խիստ սահմանափակ:
Պետք է նշել, որ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի, հարկային գաղտնիքն իրենից ներկայացնում է հարկ վճարողի, հարկ վճարողի գործունեության վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած օրենքով սահմանված տեղեկություն, որը հարկային մարմնի գործառույթների պատշաճ իրականացման նպատակով օգտագործվելուց բացի, օրենքով սահմանված դեպքերում տրամադրվում է նաեւ այդ տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին: Այսինքն, հարկային գաղտնիք համարվող տեղեկությունները հարկային մարմնի եւ համապատասխան պետական մարմինների կողմից օգտագործվում են ըստ նպատակային նշանակության եւ, այս տեսանկյունից, ապահովում են որոշակի թափանցիկություն եւ հաշվետվողականություն: Այլ խոսքով, տվյալ տեղեկությունները գաղտնիք են հանդիսանում միայն նշված պետական մարմինների ցանկից դուրս գտնվող անձանց համար: Այս պարագայում, Նախագծով առաջարկվող տեղեկությունների (որոնք առաջարկվում է հարկային գաղտնիք չդիտարկել) հանրայնացումը դրանց նպատակային նշանակության եւ հիմնավորվածության տեսանկյունից, մեր կարծիքով, խնդրահարույց է, նախ եւ առաջ, այն պատճառով, որ դրանցից որոշներն (օրինակ՝ hարկ վճարողի եկամուտների եւ ծախսերի, ինչպես նաեւ ակտիվների մասին տեղեկությունները) իրենց մեջ կարող են պարունակել առեւտրային գաղտնիք: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «տեղեկատվությունը առեւտրային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առեւտրային արժեք:» Հետեւաբար, Նախագծի ընդունման դեպքում, մեր կարծիքով, առաջարկվող տեղեկությունների հանրայնացումը կարող է հակասել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին: Ընդ որում, նշված մտահոգությունը պայմանավորված է նաեւ հանրապետությունում առեւտրային գաղտնիքի մասին օրենքի բացակայությամբ: Այս առումով, կարծում ենք, որ մոտեցումը պետք է լինի հետեւյալը. հարկային գաղտնիք չպետք է համարել միայն այն տեղեկությունները, որոնք իրենց մեջ չեն պարունակում առեւտրային գաղտնիք:
բ) Նախագծի 1-ին հոդվածի «է» կետով առաջարկվում է որպես հարկային գաղտնիք չդիտարկել հարկ վճարողի եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը: Միանշանակ կերպով չընդունելով առաջարկվող մոտեցման հիմնավորվածությունը (նաեւ վերը նշված առեւտրային գաղտնիքի առումով), հարկ ենք համարում նշել, որ առաջարկվող ձեւակերպումը բավականաչափ ընդհանրական է: Նախ՝ հարկ վճարողների մեջ են մտնում նաեւ ֆիզիկական անձինք (օրինակ՝ եկամտային հարկ վճարողները), որոնց եկամուտների եւ ծախսերի հրապարակման անհրաժեշտությունը զգալիորեն վիճահարույց է: Ըստ էության, տվյալ խնդիրը մասնակիորեն կարգավորվում է պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մեխանիզմի միջոցով: Ինչ վերաբերում է հայտարարագրման համակարգից դուրս գտնվող քաղաքացիներին, ապա, կարծում ենք, որ վերջիններս առանձնապես հանրային հետաքրքրության օբյեկտ չեն հանդիսանում եւ, նման տեղեկությունների հանրայնացումն արդարացված ու հիմնավորված չէ: Այս առումով, կարծում ենք, որ առաջարկվող լրացումը պետք է վերաբերի միայն իրավաբանական անձանց: Ընդ որում, այս դեպքում եւս հստակեցման կարիք ունի այն հարցը, թե ո՞ր ժամանակաշրջանին վերաբերող ո՞ր եկամուտների եւ ծախսերի մասին է խոսքը (օրինակ՝ ՀՀ հարկային օրենսգրքում սահմանվում է ձեռնարկատիրական ծախս հասկացությունը):
գ) Նույն հոդվածի «թե կետում օգտագործվում է «ընկերություն» բառը, որը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված չէ եւ, այդ առումով, վերջինիս հետ համապատասխանեցման կարիք ունի: Նույնը վերաբերում է «հարկային ռեժիմ» հասկացությանը (ըստ երեւույթին, խոսքը գնում է հարկման հատուկ համակարգերի մասին):
դ) Նախագծի 1-ին հոդվածի «ժ» կետը կրկնում է «ե» կետին եւ դրանցից մեկը պետք է հանել:
ե) Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է ուսումնական դասընթացների անցկացման ընթացքում հանրակրթական եւ դրանց հավասարեցված այլ ուսումնական հաստատությունների աշակերտներին եւ աշխատակիցներին սննդով ապահովման ժամանակ հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառությունը չհամարել պարտադիր: Կարծում ենք, այս դեպքում լուրջ խնդիրներ կառաջանան նման գործունեությամբ զբաղվող հարկ վճարողների նկատմամբ պատշաճ հարկային վարչարարության իրականացման եւ, մասնավորապես, շրջանառության արձանագրման եւ հարկային պարտավորությունների հաշվարկման համար:
ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտականփորձաքննության վարչության
տնտեսական փորձաքննության
բաժնի պետ` Գ. Կիրակոսյան
08.05.2019թ.