ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշվապահական հաշվառման մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-116-25.04.2019-ՖՎ-011/0), «Աուդիտորական գործունեության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1161-25.04.2019-ՖՎ-011/0), «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1162-25.04.2019-ՖՎ-011/0), «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1163-25.04.2019-ՖՎ-011/0), «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1164-25.04.2019-ՖՎ-011/0), «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1165-25.04.2019-ՖՎ-011/0), «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1166-25.04.2019-ՖՎ-011/0) եւ «Պետական տուրքի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասինե (փաստաթղթային կոդ՝ Կ-1167-25.04.2019-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ոլորտի կատարելագորման անհրաժեշտությամբ, որի արդյունքում ակնկալվում է հետեւյալ հիմնական արդյունքների ստացումը.

1) հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտների զարգացման համար անհրաժեշտ որոշ գործառույթներ, մասնավորապես՝ մասնագետների որակավորման եւ շարունակական զարգացման, ՖՀՄՍ-ների եւ Աուդիտի միջազգային ստանդարտների ժամանակին թարգմանության, աուդիտի որակի ապահովման համար անհրաժեշտ գործողությունների իրականացումը մասնագիտացված կառույցների միջոցով,

2) ՀՀ ֆինանսների նախարարությանը կից ստեղծել Հանրային վերահսկողության խորհուրդ, որը պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու համար,

3) ճշգրտել տարեկան աուդիտի պարտադիր պահանջ ունեցող կազմակերպությունների շրջանակը՝ փոփոխված չափանիշներով խոշոր համարվող կազմակերպությունների համար, որոնց սահմանումը կհամապատասխանեցվի ԵՄ-ի դիրեկտիվներով ներկայացված չափանիշներին,

4) վերանայել աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը` հաշվառման նոր համակարգի ներդրման միջոցով (Աուդիտորական կազմակերպությունների ռեեստր) եւ այլն:

3. Ընդհանուր առմամբ Նախագծերի փաթեթն ունի հիմնավորվածության եւ մշակվածության բավարար մակարդակ, սակայն զերծ չէ նաեւ որոշ թերություններից: Մեր կարծիքով, դրանք կայանում են հետեւյալում:

3.1 Նախագծերի փաթեթում ընդգրկված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծի՝

ա) 19-րդ հոդվածի 1-ին մասը (ըստ որի. «Փորձագետ հաշվապահների որակավորման քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող այլ անձինք, ովքեր ունեն միջնակարգ կրթություն:ե) հակասում է 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, ըստ որի դիմորդը. «որակավորումը ստանալու համար դիմում ներկայացնելու պահին ունի բարձրագույն կրթություն.»: Ընդ որում, կարծում ենք, որ տվյալ ոլորտի մասնագետներին ներկայացվող պահանջների տեսանկյունից միայն բարձրագույն կրթության առկայության պահանջի սահմանումը բավարար չէ, եւ անհրաժեշտ է սահմանել բարձրագույն մասնագիտական կրթության պահանջ:

բ) 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն հաշվապահի որակավորումը չեղարկվում է այն դեպքերում, երբ. «չի պահպանվել սույն օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները՝ կապված շարունակական մասնագիտական զարգացման հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ մասնագիտացված կառույցը հարգելի է ճանաչել այս պահանջների չպահպանումը (մասնավորապես՝ ծանր հիվանությունը).»: Կարծում ենք, տվյալ ձեւակերպումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում՝ որակավորում շնորհող կառույցին վերապահելով հայեցողական լայն իրավունքներ, ուստի սույն օրենքով անհրաժեշտ է հստակ սահմանել այն բոլոր հիմքերը, որոնց ուժով սահմանված պահանջների չպահպանումը պետք է համարվի հարգելի:

3.2 Նախագծերի փաթեթում ընդգրկված «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծում առկա են ճիշտ նույն թերությունները, որոնք նշվեցին նախորդ նախագծի հետ կապված, մասնավորապես՝

ա) 27-րդ հոդվածի 1-ին մասը (ըստ որի. «Աուդիտորների որակավորման քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող այլ անձինք, ովքեր ունեն միջնակարգ կրթություն:») հակասում է 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, ըստ որի դիմորդը. «որակավորումը ստանալու համար դիմում ներկայացնելու պահին ունի բարձրագույն կրթություն.»: Կարծում ենք, որ տվյալ ոլորտի մասնագետներին ներկայացվող պահանջների տեսանկյունից նույնպես միայն բարձրագույն կրթության առկայության պահանջի սահմանումը բավարար չէ, ուստի առաջարկում ենք սահմանել բարձրագույն մասնագիտական կրթության պահանջ:

բ) 29-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն աուդիտորի որակավորումը չեղարկվում է այն դեպքերում, երբ. «չեն պահպանվել սույն օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները՝ կապված շարունակական մասնագիտական զարգացման հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ մասնագիտացված կառույցը հարգելի է ճանաչել այս պահանջների չպահպանումը (մասնավորապես՝ ծանր հիվանդությունը).»: Կարծում ենք, տվյալ ձեւակերպումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում՝ որակավորում շնորհող կառույցին վերապահելով հայեցողական լայն իրավունքներ, ուստի սույն օրենքով անհրաժեշտ է հստակ սահմանել այն բոլոր հիմքերը, որոնց ուժով սահմանված պահանջների չպահպանումը պետք է համարվի հարգելի:

3.3 «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծում՝

ա) 2-րդ հոդվածում, որը կոչվում է «Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները», բացի մեկ դեպքից, տրվում են ոչ թե հասկացությունների սահմանումները, այլ այդ հասկացությունները սահմանող օրենքներին հղումները: Այս պարագայում, կարծում ենք, կարելի է վերաշարադրել տվյալ հոդվածը, մասնավորապես՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործված՝ հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության հետ կապված հիմնական հասկացություններն օգտագործվում են «Հաշվապահական հաշվառման մասին» եւ «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված իմաստներով, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:

2. «Գործող աուդիտոր» հասկացությունը սույն օրենքում օգտագործվում է հետեւյալ իմաստով՝

«գործող աուդիտոր»՝ ցանկացած աուդիտոր, որը տվյալ ամսաթիվն ընդգրկող տարվան անմիջապես նախորդող երեք տարիների ընթացքում՝

ա. իրականացրել է որեւէ աուդիտ, կամ

բ. ունեցել է ձայնի (քվեարկելու) իրավունք աուդիտորական կազմակերպությունում, կամ

գ. հանդիսացել է աուդիտորական կազմակերպության գործադիր կամ վերահսկողական մարմնի անդամ, կամ

դ. հանդիսացել է աուդիտորական կազմակերպության աշխատակից, կամ

ե. հանդիսացել է աուդիտորական կազմակերպության փոխկապակցված անձ.»:

Հարկ է նաեւ նշել, որ «գործող աուդիտոր» հասկացության սահմանման «ա» կետի «պարտադիրե բառը մեր կողմից փոխարինվել է «որեւէ» բառով, քանի որ գործունեություն իրականացնելու իմաստով, կարծում ենք, որեւէ նշանակություն չունի թե իրականացված աուդիտը պարտադիր բնույթ է կրել, թե կամավոր է պատվիրվել աուդիտորին:

բ) Նախագծի 5-րդ եւ 6-րդ հոդվածներով սահմանվում են հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության հետ կապված Հանրային վերահսկողության խորհրդի հասկացությունը եւ գործառույթները, որոնք բավականին շատ են եւ, ըստ էության, ամենօրյա աշխատանք են պահանջում: Այս առումով, կարծում ենք, բավականին վիճահարույց է նման կառույցը հասարակական հիմունքներով աշխատացնելու գաղափարը, որը մի կողմից կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում (քանի որ բացի ծանրաբեռնված աշխատանքից, խորհուրդն ունի նաեւ վերահսկողական եւ արտաքին գնահատման լուրջ գործառույթներ), իսկ մյուս կողմից՝ տվյալ մոտեցումը, կարծում ենք, համահունչ չէ ՀՀ Աշխատանքային օրենսգրքին, որով սահմանված չէ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ,հասարակական հիմունքներովե աշխատանքը, իսկ 102-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն էլ. 

«1. Անօրինական է համարվում այն աշխատանքը, որն իրականացվում է առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի:

2. Կամավոր աշխատանքը եւ օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքը չեն կարող համարվել անօրինական: Այդպիսի աշխատանքների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:»:

Այստեղից կարելի փաստել, որ եթե նույնիսկ խորհրդի անդամի աշխատանքը համարենք կամավոր իրականացվող կամ օգնություն ցուցաբերելու նպատակով իրականացվող աշխատանք, ապա հարկ է նշել, որ կամավոր աշխատանքի եւ օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքի կատարման կարգն ու պայմանները ՀՀ-ում օրենքով սահմանված չեն (ընդ որում՝ կամավոր աշխատանքները, բնականաբար, չեն կարող լինել պարբերաբար իրականացվող աշխատանքներ, որպիսին Հանրային վերահսկողության խորհրդի անդամի աշխատանքն է, ուստի օրենքով սահմանվելու դեպքում էլ այն չի ընկնի այդ օրենքի գործողության տակ): Այս կապակցությամբ առաջարկում ենք Հանրային վերահսկողության խորհրդի անդամների աշխատանքը դարձնել վճարովի աշխատանք, իսկ այս խորհրդի անդամներին ներկայացվող պահանջներն էլ սահմանել ավելի խստ, քան շարքային հաշվապահի կամ աուդիտորի համար սահմանված պահանջներն են:

գ) Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Հանրային վերահսկողության խորհրդի աշխատակազմի ձեւավորման, կառուցվածքի, ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են քաղաքականություն իրականացնող մարմնի կողմից», ինչը բավականին անորոշություններ է ստեղծում: Մեր կարծիքով, նշված հարցերը հենց սույն օրենքի կարգավորման խնդիրներից է, ուստի առաջարկում ենք Հանրային վերահսկողության խորհրդի աշխատակազմի ձեւավորման, կառուցվածքի եւ ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները կարգավորել տվյալ օրենքով:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

փորձաքննության վարչության պետ`                                      Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

08.05.2019թ.