ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-123-30.04.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գ. Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի» 192-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ, համաձայն որի՝ այն գործատուները, ովքեր ունեն 10 եւ ավելի աշխատողներ, աշխատավարձի վճարումները պետք է կատարեն անկանխիկ եղանակով: Նախագծի ընդունումը, ըստ հեղինակի, հնարավորություն կտա որոշակիորեն ավելացնել անկանխիկ շրջանառության ծավալը մանրածախ առեւտրում եւ ծառայությունների ոլորտում, ինչը կհանգեցնի ստվերային տնտեսության կրճատման եւ բյուջեի մուտքերի ավելացման, ինչպես նաեւ կզարգացնի անկանխիկ առեւտրի մշակույթը:

Դրա հետ մեկ տեղ հարկ ենք համարում նշել, որ համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 9-րդ հոդվածի. «Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենսգրքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը»: Այն բնակավայրերում, որտեղ չկան բանկերի մասնաճյուղեր կամ բանկոմատներ, կարող են էական խնդիրներ առաջանալ աշխատավարձի տնօրինման հարցում, իսկ նման մոտեցումը հակասում է «Աշխատավարձի պաշտպանության մասին» 2004թ. հոկտեմբերի 25-ի ընդունված կոնվենցիայի 6-րդ հոդվածին, ըստ որի «գործատուներին արգելվում է որեւէ ձեւով սահմանափակել աշխատողների աշխատավարձի տնօրինման ազատությունը», բացի այդ, նշված կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի եւ 13-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները եւս նախատեսում են աշխատավարձի կանխիկ վճարում:

Ինչ վերաբերվում է նախագծի ընդունման դեպքում մանրածախ առեւտրում եւ ծառայությունների ոլորտում անկանխիկ շրջանառության որոշակիորեն ավելացմանը, ստվերային տնտեսության կրճատմանը, կարծում ենք, որ այդ գործոնները ուղղակիորեն փոխկապակցված չեն աշխատավարձի վճարումների եղանակների կամ ձեւերի հետ:


 

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                        Ա. Հարությունյան

13.05.2019թ.