ՏԵՂԵԿԱՆՔ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման (գնաճի հաղորդում) (փաստաթղթային կոդ` 126-02.05.2019-ՖՎ) մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (գնաճի հաղորդում) մշակվել եւ Ազգային ժողով ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 131-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան:
2019 թվականի սկզբին պահպանվել է 2018 թվականին ձեւավորված ցածր գնաճային միջավայրը: ՀՀ ԿԲ-ն շարունակել է իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն, որի պարագայում, համախառն պահանջարկի վերականգնմանը զուգընթաց, գնաճը միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
Համաձայն ՀՀ ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների՝ 2019թ. տնտեսական աճը կլինի 4.6-6.1% միջակայքում, իսկ միջնաժամկետում կմոտենա իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:
ԿԲ գնահատումների համաձայն՝ չորրորդ եռամսյակում, երրորդի համեմատ, տնտեսական աճի ցուցանիշները որոշակիորեն բարելավվել են, ինչը պայմանավորված է հիմնականում ծառայությունների եւ առեւտրի ճյուղերում դրական զարգացումներով:
Գրանցված ցուցանիշների ընդհանուր դրական շարժի ներքո մասնավոր ծախսումների մակարդակը էականորեն չի փոխվել, սակայն արձանագրվել է պահանջարկի բաղադրիչների որոշակի փոխարինման երեւույթ՝ որն արտահայտվել է ներդրումների շատ բարձր աճի տեմպերի արագացման տեսքով: Ակնկալվում է, որ մինչեւ 2019թ. վերջ այն դեռեւս կպահպանվի բացասական գոտում եւ միայն 2020թ. աստիճանաբար կզրոյանա՝ պայմանավորված խթանող դրամավարկային քաղաքականության էական զսպող ազդակների բացակայությամբ:
2018 թվականի տնտեսական աճին մեծապես նպաստել էր մասնավոր ծախսումների բարձր ակտիվությունը, որը հիմնականում պայմանավորված էր մասնավոր ներդրումների մեջ շրջանառու միջոցների պաշարների աննախադեպ բարձր աճով, սակայն տարեվրջին մասնավոր ծախսումների կառուցվածքը փոխվեց՝ ի հաշիվ մասնավոր սպառման արագացման եւ մասնավոր ներդրումների դանդաղման:
Ակնկալվում է, որ 2019 թվականին մասնավոր ծախսումները 4.0%-ին կետ նպաստում կունենան տնտեսական աճին, որը մասնավոր սպառման 5.1% եւ մասնավոր ներդրումների 0.3% աճի արդյունք է:
2019 թվականին համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության գնահատումը կատարվել է «ՀՀ 2019թ. Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի ցուցանիշների եւ դրանց վրա կատարված ԿԲ գնահատումների հիման վրա: Հարկերի մասով գնահատվում է օրենքով նախատեսված ցուցանիշի ապահովում, որի արդյունքում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 21.4%՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 0.5%-ին կետով:
Ելնելով նախորդ տարիների պետական բյուջեի կատարողական ցուցանիշներից՝ ակնկալվում է պետական ծախսերի շուրջ 2.5% խնայողություն՝ հիմնականում արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի մասով: Ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 24.1%՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 0.6%-ին կետով:
Ծախսերի կատարողականով պայմանավորված՝ նախատեսվածից փոքր կլինի նաեւ բյուջեի պակասուրդը (1.7%` 2.2%-ի փոխարեն): Հաշվի առնելով հարկերի եւ ծախսերի նշված գնահատումները, ինչպես նաեւ ճշգրտելով պետական ծախսերի եւ եկամուտների այն հոսքերը, որոնք համախառն պահանջարկի վրա ազդեցություն չեն ունեցել, 2019թ., նախորդ տարվա համեմատությամբ, համախառն պահանջարկի վրա գնահատվում է հարկաբյուջետային քաղաքականության 0.4%-ին կետ զսպող ազդակով:
2019 թվականին տնտեսական աճը փոքր-ինչ վերեւ է վերանայվել համեմատաբար ավելի աշխատատար եւ սահմնափակ արտադրողականություն ունեցող ճյուղի՝ ծառայությունների հաշվին, որի մասնավոր անվանական աշխատավարձի աճը նախորդ կանխատեսումների համեմատ կլինի փոքր-ինչ ավելի ցածր, իսկ աշխատուժի նկատմամբ պահանջարկը՝ ավելի բարձր: Արդյունքում՝ 2019 թվականին կանխատեսվում է մասնավոր հատվածի անվանական աշխատավարձի շուրջ 6.4% աճ:
Վերը նկարագրված տնտեսական աճի ներքո 2019 թվականին ակնկալվում է գործազրկության փոքր-ինչ ավելի ցածր՝ 15.9% մակարդակ: Միջնաժամկետ հատվածում գործազրկության մակարդակը տարեկան կնվազի շուրջ 0.1-0.2%-ին կետով՝ կանխատեսվող հորիզոնի վերջում մոտենալով 15.6% մակարդակի:
2018 թվականի չորրորդ եռամսյակում մասնավոր պահանջարկի աճի տեմպը դեռեւս բարձր է եղել: Հաշվետու եռամսյակում 3.4% տնտեսական աճի պայմաններում մասնավոր ծախսումների աճը կազմել է 9.3%, ինչը արդյունք է մասնավոր սպառման 8.3% եւ մասնավոր ներդրումների մոտ 13.5% աճի: ՄԱսնավոր սպառումը գնահատվում է ներուժային մակարդակին մոտ, որի արդյունքում էական գնաճային կամ գնանկումային ճնշումներ չեն ակնկալվում:
2018 թվականի չորրորդ եռամսյակում ապրանքների եւ ծառայությունների իրական արտահանման աճը կազմել է 2.3%, իսկ ապրանքների եւ ծառայությունների իրական ներմուծման աճը՝ 0.6%:
Ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը 2018 թվականի չորրորդ եռամսյակում կրճատվել է շուրջ 0.7%-ին կետով՝ պայմանավորված արտաքին առեւտրի հաշվեկշռի պակասուրդի նվազմամբ: Արդյունքում՝ 2018թ. համար ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը գնահատվում է 8.2% շրջանակներում:
2018 թվականի չորրորդ եռամսյակում բյուջեի փաստացի ծախսերը եւ եկամուտների հավաքագրումը շեղվել են ԿԲ կանխատեսումներից: Արդյունքում արձանագրվել են ծրագրի ցուցանիշների համեմատ եկամուտների ավել հավաքագրում եւ ծախսերի ավելի բարձր կատարողական: Համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը եռամսյակի համար գնահատվել է 2.8%-ին կետ զսպող՝ կանխատեսված 3.3%-ին կետ զսպողի փոխարեն:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական փորձաքննության
վարչության սոցիալական փորձաքննության
բաժնի պետ՝ Ա. ԳԱԼՍՏՅԱՆ
15.05.2019թ.