ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Տարածքային կառավարման մասին» (փաստաթղթային կոդ` Կ-144-20.05.2019-ՏՏԳԲ-011/0), «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1441-20.05.2019-ՏՏԳԲ-011/0), «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1442-20.05.2019-ՏՏԳԲ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1443-20.05.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տարածքային կառավարման մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Փաթեթի կազմում ընգրկված նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումներով, մարզերում պետական կառավարման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի բացակայությամբ եւ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի իրացման անհրաժեշտությամբ, ըստ որի. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:»:
3. Փաթեթի կազմում ընդգրկված «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:
3.1 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
ա) առաջարկում ենք հանել կամ վերախմբագրել 3-րդ կետով սահմանված լիազորությունը, քանի որ այն իրենից ոչ թե լիազորություն, այլ ընթացիկ գործառույթ (լիազորության իրականացման միջոց) է ներկայացնում, եւ բացի այդ՝ անհայտ է մնում այդ լիազորության վերջնական արդյունքի նկարագիրը: Մասնավորապես, տվյալ կետի համաձայն՝ լիազորված մարմինը. «քննարկում եւ համադրում է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով եւ այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը.», սակայն անհայտ է մնում, թե ի՞նչ է տալու լիազորված մարմնին այդ համադրությունը, ի՞նչ գործողություններ կարող են հետեւել դրան, իրավական ի՞նչ ակտեր կարող են ընդունվել այդ համադրության արդյունքում եւ այլն:
բ) առաջարկում ենք հանել 6-րդ կետով նախատեսված լիազորությունը, ըստ որի՝ լիազորված մարմինը. «Երեւան համայնքում իրականացնում է տարածքային կառավարում, որի առանձնահատկությունները սահմանվում են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.»: Խնդիրը կայանում է նրանում, որ տվյալ լիազորությունը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 9-րդ գլխին, որով համայնքներում տարածքային կառավարման տարրեր կամ լիազորություններ իրականացնելու նորմեր նախատեսված չեն: ՀՀ Սահմանադրության 187-րդ հոդվածով սահմանվում է, որ «Երեւանում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով», սակայն դա չի նշանակում, որ օրենքով կարող են Երեւան համայնքի համար սահմանվել նաեւ տարածքային կառավարման առանձնահատկություններ (առավել եւս, որ այդ ուղղությամբ փորձ չի էլ կատարվում անել Նախագծերի սույն փաթեթով):
3.2 Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի «տնտեսության զարգացում» բառերն առաջարկում ենք փոխարինել «տնտեսությունե կամ «տնտեսության ոլորտ» բառերով, քանի որ «տնտեսության զարգացում»-ը հանրային կյանքի բնագավառ չէ:
3.3 Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասից առաջարկում ենք հանել 3-րդ կետով նախատեսվող լիազորությունը, քանի որ «մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.» որեւէ կերպ սոցիալական պաշտպանության բնագավառի լիազորություն չի կարելի դիտարկել (այնպես՝ ինչպես դպրոցի շինարարությունը չի կարող կրթության ոլորտի լիազորություն դիտարկվել, լողավազանի շինարարաությունը չի կարող սպորտի ոլորտի լիազորություն դիտարկվել եւ այլն), առավել եւս, որ կապիտալ շինարարության հետ կապված լիազորություններն իրականացվում են պետական կառավարման մարմինների կողմից:
3.4 Նախագծի 10-ից 15-րդ հոդվածներում, որպես ընդհանրական բնույթի լիազորություն, սահմանվում է համապատասխան բնագավառներում տիրող իրավիճակի մշտադիտարկման իրականացումը, ինչը, կարծում ենք, դեկլարատիվ բնույթ ունեցող նորմ է իրենից ներկայացնում, քանի որ մշտադիտարկման իրականացումը բավականին լուրջ լիազորություն է եւ պահանջում է սահմանել նաեւ այդ լիազորության իրականացման նպատակը, սկզբունքները, մեթոդները, գործիքակազմը, չափանիշները, հետադարձ կապը, արդյունքների գնահատման կարգը եւ այլն, որոնք բացակայում են տվյալ Նախագծում: Այս կապակցությամբ առաջարկում ենք կամ հանել նշված լիազորությունը (որպես անիրականանալի լիազորություն), կամ տվյալ Նախագծով սահմանել մշտադիտարկման համար անհրաժեշտ բոլոր դրույթները կամ էլ մշտադիտարկման իրականացման կարգի սահմանումը պատվիրակել ՀՀ կառավարությանը:
Նախագծերի փաթեթում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ03.06.2019թ.