ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասինե (փաստաթղթային կոդ՝ Պ-166-29.05.2019-ՏՀ
-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է սահմանել «Մերսման սրահ» հասկացությունը եւ մերսման սրահներն ընդգրկել սահմանափակման ենթակա գործունեության օբյեկտների շարքում՝ արգելելով մերսման սրահների տեղակայումը բազմաբնակարան շենքերի բնակելի եւ (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաեւ կրթական եւ պատմամշակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի եւ բժշկական հաստատությունների տարածքներում:
3. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել մեկ նկատառում՝ կապված Նախագծի 1-ին հոդվածի «բ» կետով սահմանվող «Մերսման սրահ» հասկացության հետ: Մասնավորապես, այս հասկացության շարադրանքում «Մերսողի ձեռքերի կամ հատուկ սարքերի միջոցով» բառերը ցույց չեն տալիս մերսման տեսակների բազմազանությունը եւ չեն արտացոլում «Մերսման սրահ» հասկացության ամբողջական բովանդակությունը: Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «բ» կետի «Մերսողի ձեռքերի կամ հատուկ սարքերի միջոցով» բառերը փոխարինել «Մերսողի կողմից» բառերով:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության սոցիալական
փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ՝ Գ. ՆԱԶԱՐՅԱՆ
18.06.2019թ.