ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-167-30.05.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վ. Ենգիբարյանի եւ Հ. Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին: 

2. Նախագծի նպատակն է` օրենսդրորեն ամրագրել բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած մասնագետներին որպես փորձնակ ձեւակերպելու դրույթը, քանի որ ըստ Նախագծի հեղինակների՝ ՀՀ-ում ներկայումս մեծ խնդիր է թե՛ գործատուների կողմից համապատասխան մասնագետներ գտնելու, թե՛ նորավարտ մասնագետների կողմից առանց մասնագիտական աշխատանքային ստաժի համապատասխան աշխատանք գտնելու հանգամանքը: Այս նպատակով առաջարկվում է լրացում կատարել Աշխատանքային օրենսգրքում, համաձայն որի՝ բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած անձն իր մասնագիտության համապատասխան կարող է դիմել ինչ-որ ոչ պետական կազմակերպություն (օրինակ՝ ՀԿ), գրանցվել որպես փորձնակ, գտնվել մասնագիտական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունում, հետեւել, կատարել մասնագիտական որոշակի գործառույթներ եւ վերջում ձեռք բերել իր կողմից սպասված մասնագիտական աշխատանքային ստաժը: Այս պարագայում, ըստ հեղինակների. ,համապատասխան կազմակերպությունն էլ շահագրգռված կլինի ընդունելու նորավարտ ուսանողին, քանի որ օրենսդրությամբ վճարելու պարտավորություն չի ունենա, (վճարումը՝ փոխհատուցումը, կարող է կատարվել կազմակերպության հայեցողությամբ) կներգրավի իր մասնագիտական գործունեության մեջ եւ ինչու չէ նաեւ իր համար կպատրաստի ստաժ ունեցող մասնագետ:ե  Այս ամենի հետ միասին, լրացվող նորմում նախատեսվում է նաեւ սահմանափակում, մասնավորապես՝ փորձնակ գրանցող կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 10 աշխատակից, որպեսզի կարողանա գրանցել 1 փորձնակ: 

3. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները.

3.1 Ներկայացված առաջարկության համար, ըստ էության, ինչպես նշվում է նաեւ հեղինակների կողմից, նախադեպ է հանդիսացել «Քաղաքացիական ծառայության մասին» նոր օրենքում փորձնակի ինստիտուտի ամրագրումը, համաձայն որի՝ փորձնակն օրենքի սահմանված կարգով համապատասխան մարմիններում աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գրանցված անձն է, եւ որի գրանցված ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես հանրային ծառայության ստաժ՝ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար: Այս օրենքով էլ սահմանվում է նաեւ, որ փորձնակ գրանցված ժամանակահատվածում աշխատանքների մասնակցության համար փորձնակը չի վարձատրվում: 

Սակայն, հարկ է նկատի ունենալ, որ «Քաղաքացիական ծառայության մասին» նոր օրենքում ամրագրված փորձնակի ինստիտուտը, ինքնին, կառուպցիոն ռիսկեր պարունակող ինստիտուտ է, քանի որ փորձնակի ձեւակերպման համար որեւէ չափանիշ կամ մեխանիզմ չի սահմանված, գործատուի համար այն լիովին հայեցողական իրավունքի վրա հիմնված ինստիտուտ է եւ թույլ է տալիս «շրջանցել» քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 3-րդ, 4-րդ եւ 5-րդ ենթախմբերի պաշտոնների համար սահմանված ստաժի արգելքը (ինչն էլ, թերեւս, միայն մեկ օբյեկտիվ հիմք ունի, մասնավորապես՝ տվյալ ինստիտուտն անփոխարինելի է դառնում, եթե որեւէ պետական մարմնի քաղաքացիական ծառայության կառուցվածքային որեւէ ստորաբաժանում չի ունենում քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ կամ 8-րդ ենթախմբերի պաշտոններ, իսկ մյուս բոլոր պարագաներում փորձնակի ինստիտուտը հակասում է քաղաքացիական ծառայության էությանն ու բովանդակությանը): Ինչ վերաբերում է ոչ պետական հատվածում, այն էլ՝ առանց վարձատրության, փորձնակ ձեւակերպելու ինստիտուտի ներդրմանը, ապա, կարծում ենք, ակնհայտ է, որ այս քայլը շատ ավելի կոռուպցիոն ռիսկեր է պարունակում եւ առավելագույնս ընդլայնում է անպատիժ մասնագիտական կեղծ ստաժի ձեւակերպման հնարավորությունները: Հետեւաբար, կարծում ենք, առանձին քննարկման խնդիր է այն հարցը, թե արժե՞ արդյոք ներդնել այնպիսի մի ինստիտուտ, որն ունի ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր, իսկ դրա ներդրման արդյունքում լուծվող խնդիրն էլ չունի հանրային շատ մեծ կարեւորություն:

3.2 Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ. «Այս պարագայում համապատասխան կազմակերպությունն էլ շահագրգռված կլինի ընդունելու նորավարտ ուսանողին, քանի որ օրենսդրությամբ վճարելու պարտավորություն չի ունենա, (վճարումը՝ փոխհատուցումը, կարող է կատարվել կազմակերպության հայեցողությամբ) կներգրավի իր մասնագիտական գործունեության մեջ եւ ինչու չէ նաեւ իր համար կպատրաստի ստաժ ունեցող մասնագետ:», իսկ առաջարկվող լրացման երկրորդ նախադասությամբ էլ սահմանվում է, որ. «Ընդ որում ոչ պետական հատվածի տվյալ կազմակերպությունը իր յուրաքանչյուր տասը հիմնական աշխատակցի հաշվարկով կարող է ներգրավել մեկ չվճարվող փորձնակ», ինչից կարելի է ենթադրել, որ կարող են լինել նաեւ վճարովի փորձնակներ, իսկ պետական հատվածի համար էլ տվյալ սահմանափակումը չի գործելու: Խնդիրը կայանում է նրանում, որ նշված դրույթներից միանշանակ եւ հստակ չի երեւում թե փորձնակի աշխատանքը վարձատրվող, թե՞ չվարձատրվող աշխատանք է (կամ ո՞ր դեպքերում պետք է այդ աշխատանքը լինի վարձատրվող, իսկ ո՞ր դեպքերում՝ չվարձատրվող), հետեւաբար՝ գործատուի համար վճարելու պարտավորություն չունենալը զուտ ենթադրություն է, եւ որպեսզի գործատուներն իրապես չունենան փորձնակներին վճարելու պարտավորություն, ապա այդ հանգամանքն անպայման պետք է ամրագրվի օրենսգրքում: Սակայն, խնդիրը սրանով չի սահմանափակվում, քանի որ եւ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը եւ ՀՀ-ի կողմից վավերացված համապատասխան կոնվենցիաներն ու միջազգային պայմանագրերը, մեղմ ասած, չեն խրախուսում չվճարվող աշխատանքի գոյությունը: Որպես չվճարվող աշխատանք այդ փաստաթղթերը գործնականում ընդունում են միայն կամավորության շրջանակներում իրականացվող աշխատանքները, սակայն՝ պայմանով, որ դրանք պետք է անպայման ամրագրված լինեն կամավորության մասին օրենքով (ինչն էլ ՀՀ-ում բացակայում է), իսկ նշված շրջանակից դուրս իրականացվող չվճարվող աշխատանքն ավելի շուտ մոտարկվում է մարդկանց շահագործման եւ նույնիսկ՝ թրաֆիկինգի երեւույթներին: Այս կապակցությամբ առաջարկում ենք հրաժարվել փորձնակի աշխատանքը որպես չվճարվող աշխատանք սահմանելու գաղափարից, առավել եւս, որ այդ աշխատանքի դիմաց չվճարման հանգամանքն էլ հենց կեղծ ստաժ ձեւակերպելու հիմնական մոտիվացիան է, իսկ վճարելու հանգամանքը շատ գործատուների կարող է հետ պահել նման վարքագծի դրսեւորումից:

3.3 Առաջարկվող լրացման երկրորդ նախադասությունը, ըստ էության, չի համապատասխանում այդ հոդվածի վերնագրին (հոդվածը կոչվում է «Աշխատանքային ստաժը», իսկ նշված նախադասությունը փորձնակների թվաքանակի սահմանափակում է իրենից ներկայացնում): Այս կապակցությամբ առաջարկում ենք համապատասխան լրացումը կատարել ոչ թե Աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածում, այլ օրենսգիրքը լրացնել նոր՝ «Փորձնակը» վերտառությամբ հոդվածով, որով կսահմանվեն ոչ միայն սույն Նախագծով առաջարկված դրույթները, այլ կսահմանվի «փորձնակ» հասկացությունը եւ կկանոնակարգվեն նրանց աշխատանքի վճարման (չվճարման) եւ ստաժի հետ կապված մյուս բոլոր հարաբերությունները:            

ՀՀ ԱԺ աշխատակազմի  տնտեսագիտական
փորձաքննության  վարչության պետ`                                  Ա. ԹԱՄԱԶՅԱՆ

07.06.2019թ.