Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ.
1) 2016 թվականի հունվարի 1-ից հետո կենսաթոշակ նշանակելիս՝ զինծառայության ստաժում կրկնակի չափով հաշվառվում է նաեւ այլ զորքերի զինծառայողների՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը.
2) կենսաթոշակը նշանակվում է.
ա) կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու) օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.
բ) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, եթե անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք եւ այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում.
3) Հայաստանի Հանրապետության հետ համապատասխան համաձայնագիր կնքած պետությունից ստացված կենսաթոշակի գործի հիման վրա կենսաթոշակ նշանակելիս՝ նախկին օրենսդրությամբ հաշվարկված ստաժը պահպանվում է նույնությամբ, եթե գործող օրենսդրությամբ սահմանված չեն ստաժի հաշվարկման ավելի բարենպաստ պայմաններ, իսկ եթե նշանակվող (հաշվարկված) կենսաթոշակի չափը ցածր է մինչեւ կենսաթոշակի գործը տեղափոխելը Հայաստանի Հանրապետությունում վճարված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով.
4) կենսաթոշակ ստանալու իրավունքն օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետեւանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս՝ ավել վճարված կենսաթոշակի գումարներից հաշվանցվում է ոչ միայն կենսաթոշակի, այլ նաեւ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների գումարը (եթե կենսաթոշակառուն նույն ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող այլ կենսաթոշակի կամ նպաստի իրավունք).
5) թաղման նպաստ նշանակվում եւ վճարվում է նաեւ այն դեպքում, երբ անձը սահմանված եռամսյա ժամկետում ներկայանում է վերափորձաքննության, սակայն մահանում է մինչեւ իր վերաբերյալ որոշում կայացնելը.
6) կենսաթոշակառուն պարտավոր է իրեն վերաբերող հավաստի տվյալները ներկայացնել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, այլ ոչ թե լիազոր մարմին.
7) կենսաթոշակային վճարը պետական բյուջե է վճարվում Հայաստանի Հանրապետության դրամով:
3. Նախագծի 1-ին, 4-րդ եւ 5-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխություններով հստակեցվում են օրենքի դրույթները՝ լուծելով իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները:
Միաժամանակ, նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ 5-րդ հոդվածի դրույթներին տրվել է հետադարձ ուժ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանցով սահմանվող կարգավորումների հիմքում ընկած են կոնկրետ քաղաքացիների ներկայացրած դիմումները:
Նախագիծն ընդունելու դեպքում օրենքով լուծում կտրվի իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներին: Դրա հետ մեկ տեղ առաջարկում ենք նախագծի 9-րդ հոդվածով օրենքի հավելված 1-ի 8-րդ կետով ներկայացված լրացման տեքստում «դրամով» բառից հետո ավելացնել «վճարման օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով» բառերը, քանի որ առաջարկված տեքստում անհայտ է մնում, թե որ փոխարժեքով պետք է իրականացվի կենսաթոշակային վճարի փոխանցումը պետական բյուջե:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական փորձաքննության վարչության
սոցիալական փորձաքննության
բաժնի առաջատար մասնագետ` Ա. Հարությունյան
19.06.2019թ.