ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-245-01.08.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 
 

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում՝ հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձնել ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերությունների միջոցով առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարների չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 50.000 դրամի չափով:

3. Նախագծի հետ կապված հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1 Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենասգրքի 160.1-րդ հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է կատարել որոշ հստակեցումներ, մասնավորապես՝ նշել, թե ու՞մ է վերադարձվում վճարված եկամտային հարկի գումարը, կարո՞ղ է, արդյոք, եկամտային հարկ վճարող անձն ապահովագրությունն իրականացնել այլ անձանց օգտին, թե՞ ոչ եւ այլն: Այս կապակցությամբ առաջարկում ենք նշված մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով (այդ թվում՝ հարկային գործակալի միջոցով) հաշվարկված եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերություններում առողջության ապահովագրություն իրականացրած ֆիզիկական անձանց՝ նրանց կողմից կատարված (այդ թվում՝ այլ անձանց օգտին) ապահովագրավճարների չափով, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր տարվա համար հիսուն հազար դրամը:»:    

3.2 Նախագիծը, ըստ էության, ուղղված է բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը, սակայն հարկ է նկատել, որ տվյալ մոտեցումը չի համապատասխանում ՀՀ-ում սահմանված բյուջետային համակարգի գործունության հիմնարար սկզբունքներց մեկին՝ միասնական դրամարկղի սկզբունքին (այնպես՝ ինչպես այդ սկզբունքին չեն համապատասխանում նաեւ Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ հիպոտեկային վարկերի տոկոսների մարման նպատակով եկամտային հարկի վերադարձի մասով ընդունված իրավակարգավորումները), սակայն, քանի որ առկա է նման նախադեպ, կարծում ենք, դժվար է նախաձեռնության հեղինակին «մեղադրել» նշված սկզբունքի խախտման մեջ:

3.3 Հարկ է նկատի ունենալ նաեւ, որ եկամտային հարկ վճարողը կարող է ունենալ ձեւակերպված հիպոտեկային վարկ (եւ Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված կարգով ետ ստանալ վճարված եկամտային հարկի գումարը կամ դրա մի մասը) եւ ցանկանա միաժամանակ օգտվել նաեւ տվյալ Նախագծով ընձեռվող հնարավորությունից՝ ետ ստանալ նաեւ ապահովագրավճարի գումարը: Հիշեցնենք նաեւ, որ ԱԺ պատգամավորներ Ս. Գաբրիելյանի եւ Լ. Մակունցի կողմից ավելի վաղ շրջանառության մեջ էր դրվել նաեւ ուսման վարձերի վճարման նպատակով եկամտային հարկի վերադարձ նախատեսող օրինագիծ, եւ չնայած այն հանգամանքին, որ հեղինակներն այդ նախագիծը հանել են շրջանառությունից, այդուհանդերձ, չի բացառվում նաեւ այլ նպատակներով համանման նախագծերի առաջադրման դեպքերը եւ օրենքների ընդունումը: Արդյունքում՝ վճարված եկամտային հարկի գումարը կարող է չբավականացնել բոլոր նպատակների համար կատարված վճարումները ծածկելուն, սակայն պետությունը ստիպված է լինելու նման դեպքերում պակասող մասը վերադարձնել պետական բյուջեի միջոցների հաշվին, քանի որ կունենա օրենքով սահմանված այդպիսի պարտականություն: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծում ավելացնել դրույթ այն մասին, որ ֆիզիկական անձը կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձի իրավունքից միայն մեկ դեպքում եւ չի կարող միաժամանակ օգտվել այլ նպատակով եկատային հարկի վերադարձի հնարավորություն տվող մեխանիզմներից:  

3.4 Անհրաժեշտ է հստակեցնել նաեւ թե վարձու աշխատողը քանի՞ անգամ կարող է օգտվել տվյալ Նախագծով առաջարկվող արտոնությունից: Նախագծի ներկայացված տեսքից ակնհայտ է, որ նման սահմանափակում չի դրվում, ուստի վարձու աշխատողը կարող է այս մեխանիզմից օգտվել մեկից ավելի անգամ՝ տարբեր կամ նույն ապահովագրական ընկերությունում առողջության ապահովագրության պոլիս գնելով: Մեր կարծիքով, այս մասով եւս անհրաժեշտ է եկատային հարկի վերադարձի հնարավորություն ընձեռել միայն մեկ էպիզոդով, ինչն էլ հարկ է հստակ ամրագրել տվյալ Նախագծում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

փորձաքննության վարչության պետ`                                       Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

07.08.2019թ.