ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-658-13.11.2014-ԳԲ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

3. Նախագիծը չի համապատասխանում  օրենսդրական տեխնիկայի կանոններին, մասնավորապես` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասին, ըստ որի Նախագծի վերեւի աջ անկյունում «նախագիծ» բառն անհրաժեշտ է գրել  մեծատառերով:

4. Նախագծով առաջարկվում է «գյուղատնտեսական մթերքներ» հասկացությունը փոխարինել «գյուղատնտեսության արտադրանք՝ այդ թվում նաեւ գյուղատնտեսական մթերք եւ գյուղատնտեսական հումք» արտահայտությամբ՝ դրամարկղային գործառնությունների իրականացման ոլորտում տարբեր մեկնաբանություններից խուսափելու եւ կանխիկ դրամով վճարումների սահմանափակումները գյուղատնտեսական հումքի ձեռքբերման վրա չտարածելու նպատակով: Բացի այդ, որպես առաջարկվող փոփոխության իրականացման փաստարկ, Նախագծին կից հիմնավորման մեջ բերվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված դասակարգիչները, որոնցում եւս կիրառվում է «գյուղատնտեսության արտադրանք» հասկացությունը: Կարծում ենք, առաջարկվող փոփոխության մեջ տեղ գտած «այդ թվում» բառակապակցությունը տարաբնույթ մեկնաբանություններից տեղիք կարող է տալ, ինչից ելնելով առաջարկում ենք հստակ եւ սպառիչ կերպով սահմանել «գյուղատնտեսության արտադրանք» հասկացությունը: Միաժամանակ, քանի որ համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման, «գյուղատնտեսության արտադրանք» հասկացությունը հստակ սահմանված է եւ կիրառվում է նաեւ վիճակագրություն վարելու նպատակով, առաջարկում ենք քննարկել նաեւ այլ օրենքներում, մասնավորապես` «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում եւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «գյուղատնտեսական մթերք» հասկացությունը «գյուղատնտեսության արտադրանք» հասկացությամբ փոխարինելու խնդիրը:
 
 
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության տնտեսական փորձաքննության 
բաժնի վարիչ  
Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

                                                                                                                                                                            

28.11.2014թ.