ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-668-02.12.2014-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հ. Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագիծը միջազգային սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

3. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

4. Նախագիծը չի համապատասխանում օրենսդրական տեխնիկայի կանոններին, մասնավորապես` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության պահանջին, ըստ որի. «Իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին:»: Այս կապակցությամբ անհրաժեշտ է Նախագծի վերնագրի «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով, քանի որ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «նոր խմբագրությամբ շարադրել» գործող օրենքի կոնկրետ կետը, ինչն էլ իրենից ոչ թե լրացում, այլ փոփոխություն է ներկայացնում:

5. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել «Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 32-րդ կետը, ըստ որի` նույնությամբ կրկնվում է այդ կետի դրույթը` ավելացնելով միայն «Սույն կետը չունի հետադարձ ուժ եւ չի տարածվում մինչեւ 2006 թվականի դեկտեմբերի 16-ը նշված պաշտոններում պաշտոնավարած անձանց վրա:» նախադասությունը (ընդ որում, այս գործողությունը կատարելու փոխարեն կարելի էր ընդամենը տվյալ նախադասությունը որպես լրացում ավելացնել Օրենքի 3-րդ հոդվածի 32-րդ կետում): Սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ ոչ փոփոխության, ոչ էլ լրացման ձեւով նման իրավակարգավորում չի կարելի ամրագրել, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի`

ա) 1-ին մասի 1-ին կետի համաձայն` իրավական ակտի գործողությունը դադարում է. «իրավական ակտն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում.»,

բ) 4-րդ մասի համաձայն. «Իրավական ակտի գործողության դադարեցման մասին իրավական ակտ ընդունելու դեպքում գործողությունը դադարեցված իրավական ակտով կամ դրա համաձայն գործողությունը դադարեցված իրավական ակտերի գործողությունը չի վերականգնվում:

Գործողությունը դադարեցված իրավական ակտի գործողությունը կարող է վերականգնվել միայն համապատասխան իրավական ակտով` գործողությունը դադարեցված իրավական ակտի գործողության վերականգնման մասին ուղղակի դրույթի առկայության դեպքում:»:

Այսինքն, սա նշանակում է, որ հետադարձ ուժ կարող է տրվել կամ չտրվել միայն գործող իրավական ակտին (իսկ Օրենքի 3-րդ հոդվածի 32-րդ կետով նշված Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի գործունեության եւ անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին» թիվ Ն-00427-I որոշման գործողությունը դադարեցված է` այն ուժը կորցրած ճանաչելու միջոցով, ուստի նման որոշում այլեւս գոյություն չունի):

Ինչ վերաբերում է Նախագծի հեղինակի կողմից բարձրացված խնդրի լուծմանը (այն է` վարչապետ կամ Ազգային ժողովի նախագահ աշխատած անձի համար սոցիալական որոշակի երաշխիքների ամրագրմանը), ապա այդ խնդիրը ներկայումս կարգավորված է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով, ուստի համապատասխան փոփոխությունները եւ լրացումները (եթե դրանց անհրաժեշտությունը կա) պետք է կատարվեն հենց այդ օրենքում (ինի վերաբերյալ օրենքի նախագիծը օրենսդրական տվյալ նախաձեռնության նույն հեղինակի կողմից արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել), կամ էլ անհրաժեշտ է մշակել եւ ընդունել նոր օրինագիծ` «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի գործունեության եւ անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին» թիվ Ն-00427-I որոշման գործողությունը վերականգնելու մասին», ինչն էլ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բարձրացված խնդրին արդեն իսկ տրված է օրենսդրական նոր լուծում, կարծում ենք, այնքան էլ նպատակահարմար չի լինի:


ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ՝                   Ա. ԹԱՄԱԶՅԱՆ

12.12.2014թ.