«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-669-02.12.2014-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հ. Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները: 1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: 2. Նախագիծը միջազգային սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում: 3. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին: 4. Նախագիծը չի համապատասխանում օրենսդրական տեխնիկայի կանոններին, մասնավորապես` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին, ըստ որի. «Ուժի մեջ մտած իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում:»: Այս կապակցությամբ անհրաժեշտ է առաջնորդվել նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված իրավակարգավորմամբ, ըստ որի. «Իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով: Այս դեպքում եւս բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների համարի փոփոխություն չի կատարվում:»: Այսինքն, անհրաժեշտ է Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող լրացումը համարակալել որպես նոր 9.1.-րդ ենթակետ, Նախագծից հանել 2-րդ հոդվածը եւ հստակեցնել 4-րդ հոդվածով նախատեսվող հղումը (այն է` «9-րդ» բառը փոխարինել «9.1.-րդ» բառով): 5. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է իրարից տարանջատել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետով սահմանված կատեգորիայի պետական պաշտոնյաներին վերաբերող իրավակարգավորումները` Նախագծի հիմնավորման մեջ նշելով, որ. «...օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ ենթակետը ձեւակերպված է անհասկանալի: Մասնավորապես` 10 տարի ժամկետը վերաբերվում է նաեւ հավելված N 1-ում սահմանված պաշտոններում պաշտոնավարած անձանց, թե միայն օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոնում պաշտոնավարած անձանց: Եթե դա վերաբերվում է նաեւ հավելված N 1-ում սահմանված պաշտոններում պաշտոնավարած անձանց, որտեղ, ի թիվս այլոց, նշված է վարչապետի, կառավարության անդամի, նախարարի, ԱԺ նախագահի պաշտոնները, ապա այստեղ մենք ունենք իրավական նոնսենս, որովհետեւ, օրինակ, վարչապետը սահմանադրորեն աշխատել է իր սահմանադրական ժամկետը` 5 տարի: Ստացվում է, որ, որպեսզի նա օգտվի այս ծառայությունից, պետք է պաշտոնավարի 10 տարի, ինչը ճիշտ չէ:»: Մեր կարծիքով, Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետում, ըստ որի` տվյալ օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք ունի. ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված N 1-ով սահմանված պաշտոններում, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.», իսկապես առկա է որոշակի խնդիր, սակայն ոչ այն հարցադրմամբ, որը կատարվել է Նախագծի հեղինակի կողմից: Հասկանալի է, որ նշված ենթակետը վերաբերում է ինչպես հավելված N 1-ում սահմանված պաշտոններում պաշտոնավարած անձանց, այնպես էլ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոնում պաշտոնավարած անձանց, քանի որ տվյալ ենթակետում այս երկու կատեգորիայի պաշտոններն իրարից առանձնացված են ստորակետով: Իրականում, կարծում ենք, խնդիրը կայանում է նրանում, որ առանձնացված լինելով ստորակետով, այս ենթակետը տարընթերցումների տեղիք կարող է տալ, քանի որ` ա) մի կողմից Օրենքի տրամաբանությունը հուշում է, որ դրանով նախատեսված կենսաթոշակի իրավունք է վերապահվում ինչպես հավելված N 1-ում սահմանված պաշտոններում պաշտոնավարած անձանց, այնպես էլ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոնում պաշտոնավարած անձանց, բ) մյուս կողմից` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ պարբերության համաձայն. «Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:»: Այսինքն, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ պարբերությամբ առաջնորդվելու դեպքում, ստացվում է, որ նշված 8-րդ ենթակետով կենսաթոշակի իրավունք կունենան հավելված N 1-ում սահմանված պաշտոններում պաշտոնավարած այն անձինք, որոնք միաժամանակ պաշտոնավարել են նաեւ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոնում եւ այդ պաշտոններում աշխատած գումարային ժամանակահատվածը կազմում է առնվազն 10 տարի, ինչում էլ հենց, մեր կարծիքով, կայանում է խնդիրը (նման պաշտոնյաների առկայության հավանականությունը բավականին փոքր է): Հետեւաբար, մեր կարծիքով, հավելված N 1-ում սահմանված պաշտոններում պաշտոնավարած անձանց եւ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոնում պաշտոնավարած անձանց մասով առաջարկվող տարանջատումը բավականին հիմնավորված է: Սակայն, Նախագծով առաջարկվող հետագա կարգավորման մասով, կարծում ենք, նոր խնդիր է առաջանում, որը կայանում է հետեւյալում. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող տեքստում բացակայում է առնվազն 10 տարվա պաշտոնավարման պահանջը (ինչը օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոնում պաշտոնավարած անձանց մասով պահպանվել է Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող տեքստում), որի արդյունքում տվյալ Օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք կստանան շատ մեծ շրջանակի պաշտոնյաներ` նույնիսկ եթե նրանք համապատասխան պաշտոններում պաշտոնավարել են մի քանի օր (իսկ խնդրի էությունն էլ պետական բյուջեի սահմանափակ հնարավորություններն են): Հետեւաբար, եթե ոչ առնվազն 10 տարի, բայց որոշակի ժամկետ, այդուհանդերձ, անհրաժեշտ է սահմանել: Մյուս կողմից, որպես քննարկման նյութ, առաջարկում ենք տվյալ խնդրի լուծման մեկ այլ տարբերակ, մասնավորապես` իրարից տարանջատել ոչ միայն հավելված N 1-ում սահմանված պաշտոններում պաշտոնավարած անձանց եւ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոնում պաշտոնավարած անձանց, այլեւ վարչապետի պաշտոն զբաղեցրած անձանց` հաշվի առնելով վերջիններիս կարգավիճակի առանձնահատկությունները եւ պատասխանատվության աստիճանը, սակայն բոլոր այս անձանց համար սահմանել նաեւ պաշտոնավարման նվազագույն ժամկետ: ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ՝ Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 12.12.2014թ. |