ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Պ-708-30.01.2015-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Մանուկյանի, Ս. Դեմիրճյանի, Լ. Սարգսյանի եւ Լ. Զուրաբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Ըստ Նախագծի հիմնավորման, դրա միակ նպատակը պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման բնագավառում ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների ընդլայնումն ու կառավարության լիազորությունների կրճատումն է, որի կապակցությամբ առաջարկվում է սահմանել, որ ՀՀ Ազգային ժողովը հանդիսանում է այս բնագավառի սուբյեկտ եւ կարող է ընդունել տվյալ բնագավառի որոշ հարցերի կարգավորման հետ կապված կարգեր, իսկ որոշ դեպքերում էլ նման կարգերն առաջարկվում է սահմանել օրենքով:

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ Ազգային ժողովի լիազորությունները, ի տարբերություն պետական կառավարման մյուս մարմինների, սահմանվում են բացառապես ՀՀ Սահմանադրությամբ, իսկ դրանով էլ որեւէ բնագավառի հարաբերությունների կարգավորման հետ կապված կարգերի ընդունման լիազորություն ՀՀ Ազգային ժողովը չունի, հետեւաբար` չի կարող համարվել նաեւ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման բնագավառի սուբյեկտ (իսկ եթե համարենք, որ որեւէ բնագավառի համար օրենքի ընդունումն անուղղակի կերպով տվյալ մարմնին դարձնում է այդ բնագավառի սուբյեկտ, ապա այդ մասին օրենքում ամրագրելն ուղղակի անիմաստ կլինի, քանի որ ՀՀ Ազգային ժողովն օրենք ընդունող միակ մարմինն է, եւ այս տրամաբանությամբ նրան պետք է համարել բոլոր բնագավառների սուբյեկտ): Հետեւաբար, առաջարկում ենք քննարկել Նախագծից դրա 1-ին հոդվածը եւ 2-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվող փոփոխության տեքստից «եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից» բառերը հանելու հարցը:

3. Տվյալ Նախագծով հետապնդվող միակ նպատակին հասնելու համար, ըստ էության, գոյություն ունի մեկ ճանապարհ, մասնավորապես` այն կարգերը, որոնք ներկայումս սահմանում է ՀՀ կառավարությունը, սահմանել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք), ինչն էլ նախատեսվում է կատարել Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով եւ 3-րդ, 4-րդ, 5-րդ ու 7-րդ հոդվածներով: Սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ նշված հոդվածներով ամրագրվում է միայն համապատասխան կարգերն օրենքով սահմանելու լիազորությունը, իսկ բուն կարգերը (որպես լրացումներ) տվյալ Նախագծում ներառված չեն: Ուստի, Նախագիծը լրամշակման կարիք ունի` համապատասխան կարգերը Նախագծում ներառելու եւ Օրենքով սահմանելու առումով:

4. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունները, մեր կարծիքով, անհրաժեշտ է ձեւակերպել որպես լրացումներ (օրինակ` Օրենքի նոր 8.1-րդ հոդվածի տեսքով), քանի որ առաջարկվող մոտեցմամբ եւ իմաստային առումով դրանք չեն «ինտեգրվում» Օրենքի 8-րդ հոդվածում (այս հոդվածով սահմանվում են հուշարձանների պահպանության եւ օգտագործման բնագավառում ՀՀ կառավարության իրավասությունները, իսկ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են այդ իրավասությունները օրենքով սահմանելուն):

5. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 9-րդ հոդվածի «բ» կետը (ըստ որի` լիազորված մարմինը. «Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման գիտամեթոդական կարգը.») շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Օրենքով սահմանված կարգով ներկայացնում է հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման գիտամեթոդական կարգը», սակայն այս տեքստից անհայտ է մնում, թե լիազորված մարմինը ու՞մ եւ ի՞նչ նպատակով է ներկայացնում տվյալ կարգը:

6. Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող փոփոխության (ըստ որի. «Հուշարձանների պետական ցուցակներում նոր օբյեկտ ընդգրկելը եւ այդ ցուցակներից հանելը կատարում է ՀՀ Ազգային Ժողովը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կատարված փորձագիտական եզրակացության հիման վրա:») կատարման անհրաժեշտությունը, մեր կարծիքով, բացակայում է, քանի որ Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է նաեւ փոփոխել Օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը եւ սահմանել, որ. «Պետական պահպանության վերցված հուշարձանների ցուցակները սահմանվում է օրենքով»: Այս պարագայում ավելորդ է դառնում շեշտել, որ ՀՀ Ազգային ժողովն իրավասու է օրենքով սահմանված ցանկում փոփոխություններ կատարել:

7. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին պարբերությունն անհրաժեշտ է տեղափոխել 1-ին հոդված, որից հետո Նախագծի մյուս հոդվածներում օգտագործել «Օրենք» բառը:


ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության պետ`                      Ա.ԹԱՄԱԶՅԱՆ                                      
                                                                                                  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի

առաջատար մասնագետ`           Մ.ԴԱԼԼԱՔՅԱՆ

12.02.2015թ.