ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ի լրումն 2014թ. մարտի 20-ի գրության շրջանառության մեջ դրված` «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-468-4685-20.03.2014-ՏՏ-010/0) լրամշակված տարբերակի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ի լրումն 2014թ. մարտի 20-ի գրության շրջանառության մեջ դրված «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Ա. «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

2. Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող` «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասով հստակեցվում եւ մանրամասն նկարագրվում են տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, որոնք իրենց համարժեք արտացոլումը չեն գտել սույն Փաթեթի կազմում ընդգրկված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, իսկ Երեւան քաղաքի մասով` ընդհանրապես բացակայում է նշված իրավասությունների եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» մասին ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների ներդաշնակեցման նպատակով մշակման ենթակա օրինագիծը: Մասնավորապես, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով ընդամենը 2 կետ է ամրագրված, որոնցից մեկը վերաբերում է Երեւանի ավագանու կողմից այս բնագավառում որոշում ընդունելու լիազորությանը, իսկ մյուսը` Երեւանի քաղաքապետի պարտադիր լիազորությանը, այնինչ` Նախագծի այս մասով առաջարկվում է սահմանել 5 իրավասություն եւ անհայտ է մնում, թե այդ իրավասություններից որո՞նք են ավագանու, իսկ որո՞նք` համայնքի ղեկավարի իրավասություններ, դրանցից որո՞նք են պարտադիր, որո՞նք պատվիրակված եւ որո՞նք կամավոր լիազորություններ: Մյուս կողմից` 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանվող իրավասությունը (ըստ որի` ՏԻՄ իրավասությունն է. «գերեզմանատների կառուցապատման հատակագծեր (սխեմաներ) մշակելը եւ հաստատելը») «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում միայն մասամբ է վեր ածվել համայնքի ղեկավարի պատվիրակված լիազորության (ըստ որի` համայնքի ղեկավարը. «կազմակերպում է գերեզմանատների զբաղեցրած հողերի օգտագործման ու կառուցապատման սխեմաների մշակման աշխատանքները:») եւ այլն:

Այս կապակցությամբ նպատակահարմար կլիներ 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվող իրավասությունները նույնությամբ ամրագրել Փաթեթում ընդգրկված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, ինչպես նաեւ մշակել եւ ներկայացնել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համապատասխան նախագիծ` նշված երեք օրենքներում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների ներդաշնակեցման նպատակով:

3. Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի նոր շարադրանքով սահմանվում է, որ. «Հուղարկավորությունը իրականացվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից տրված մահվան վկայականի հիման վրա:», իսկ Փաթեթի հիմնավորման մեջ նշվում է, որ. «Պարզեցվել են հուղարկավորության իրականացման ընթացակարգը, հուղարկավորության իրականացման համար անձինք այլեւս կարիք չեն ունենա ներկայացնելու մասնագիտացված կազմակերպություններից փաստաթուղթ: Հաշվի առնելով, որ անձի մահվան փաստը հաստատող փաստաթուղթը քաղաքացիական կացության ակտերի կողմից տրամադրված մահվան վկայականն է, ուստի այն բավարար հիմք է հուղարկավորությունն իրականցնելու համար:», սակայն այս մասի նոր շարադրանքը, այդուհանդերձ, մեկնաբանության եւ տարընթերցման տեղիք կարող է տալ, քանի որ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից տրված մահվան վկայականի հիման վրա հուղարկավորության իրականացման դրույթը դեռեւս չի նշանակում, որ չենք կարող պահանջվել այլ փաստաթղթեր: Այս կապակցությամբ առաջարկում ենք տվյալ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հուղարկավորությունը իրականացման համար բավարար է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից տրված մահվան վկայականի առկայությունը:»:

4. Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի 18-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրանքի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է, որ գերեզմանատներում հուղարկավորությունների կազմակերպումը` գերեզմանների տրամադրումը, դրանց հաշվառումը, գերեզմանատների պահպանումն ու շահագործումն իրականացնում է. «համայնքային գերեզմանատների դեպքում` համայնքի ղեկավարը, կամ նրա կողմից լիազորված անձը.», ընդ որում` չի հստակեցվում, թե ո՞վ կարող է այս դեպքում հանդես գալ որպես համայնքի ղեկավարի լիազորված անձ (իսկ նման դեպքերում մնում է ենթադրել, որ լիազորված անձ կարող է լինել ցանկացած, ընդհուպ` ֆիզիկական անձ): Լիազորված անձի ինստիտուտի կիրառման (եւ հատկապես` մասնավոր անձանց լիազորելու) դեպքում համայնքային գերեզմանատները, ըստ էության, շատ քիչ կտարբերվեն մասնավոր գերեզմանատներից, իսկ եթե հաշվի առնենք նաեւ, որ մասնավոր գերեզմանատների կազմակերպման համար պահանջվում է ստանալ թույլտվություն` լիազոր մարմնի կողմից սահմանված պայմաններին համապատասխանելու պայմանով, անհրաժեշտ է լինելու մեծ ծավալների ներդրումներ կատարել, բանկային հաշվում որոշակի գումար ունենալ, վճարել օրենքով սահմանված հարկեր ու տուրքեր, սահմանել ծառայությունների անհամեմատ բարձր գներ եւ այլն (այն դեպքում` երբ համայնքային գերզմանատների համար նման պահանջներ եւ պայմաններ սահմանված չեն), ապա ակնհայտ է, որ համայնքային (պետական) եւ մասնավոր գերեզմանատների կազմակերպիչների միջեւ առողջ մրցակցություն ապահովելը (ինչը սույն Փաթեթի հիմնավորման մեջ նշված նպատակներից մեկն է) ոչ միայն անհնարին կլինի, այլեւ անիմաստ:

5. Նախագծի 12-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի նոր 19.1-րդ հոդվածում`

5.1) 4-րդ մասով սահմանվում է, որ. «Մասնավոր գերեզմանատան կազմակերպման համար պարտադիր պայման է հանդիսանում սեփականատիրոջ բանկային հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափով դրամային միջոցների առկայությունը:»: Այս կապակցությամբ հարց է առաջանում, թե տվյալ պարտադիր պայմանը մշտակա՞ն բնույթ ունի, թե՞ պարտադիր է միայն մասնավոր գերեզմանատան կազմակերպման համար թույլտվությունը ստանալու պահին: Խնդիրը կայանում է նրանում, որ վերջին դեպքում այս պարտադիր պայմանի շրջանցելը որեւէ դժվարություն չի ներկայացնի, քանի որ համապատասխան գումարը կարող է պարտքով վերցվել որեւէ անձից եւ թույլտվությունը ստանալուց հետո վերադարձնել նրան, ուստի նման մոտեցմամբ սահմանված լինելու դեպքում այն ուղղակի անիմաստ կլինի: Ուստի, կարծում ենք, անհրաժեշտ է ոչ միայն հստակ նշել, որ տվյալ պարտադիր պայմանը գործում է մասնավոր գերեզմանատան կազմակերպչի գործունեության ամբողջ ընթացքում, այլ սահմանել այն դեպքերը, որոնց ի հայտ գալու պարագայում էլ պետք է օգտագործվեն համապատասխան միջոցները:

5.2) 5-րդ մասով սահմանվում է, որ. «Մասնավոր գերեզմանատան կազմակերպման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ պայմանները սահմանվում են լիազոր մարմնի կողմից:»: Նշենք, որ նախորդ նախագծում այդ պայմանները սահմանվում էին հենց այս օրենքով (ինչն ավելի նպատակահարմար մոտեցում է[1]), սակայն եթե որդեգրվելու է լիազոր մարմնի կողմից անհրաժեշտ պայմանների սահմանման մոտեցումը, ապա այդ պայմաններից ամենակարեւորները (կամ այն պայմանները, որոնք պարտադիր պետք է ներկայացվեն բոլոր մասնավոր գերեզմանատներին` անկախ նրանց կամ տվյալ համայնքի ունեցած առանձնահատկություններից) գոնե պետք է սահմանել տվյալ օրենքով:

6. Նախագծի 12-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի նոր 19.2-րդ հոդվածում`

6.1) սահմանվում է, որ մասնավոր գերեզմանատանը հուղարկավորությունը կատարվում է համաձայն պայմանագրի, որը կնքվում է նվազագույնը 15 տարի ժամկետով, եւ չնայած այդ ժամկետը կարող է երկարացվել եւ այլն, իսկ նոր պայմանագիր չկնքելու կամ վերահուղարկավորություն կամ դիակիզում չկատարելու դեպքում, եւ եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, գերեզմանատան սեփականատերը կարող է կրկին օգտագործել գերեզմանի տարածքը՝ կատարելով վրահուղարկավորում կամ նոր հուղարկավորում: Այս կապակցությամբ շատ կարեւոր է հստակեցնել եւ Օրենքում ամրագրել մասնավոր գերեզմանատանը հատկացված գերեզմանատեղի (հողի) նկատմամբ մահացածի հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի (գնորդի) իրավունքը: Խնդիրը կայանում է նրանում, որ այս դեպքում անհայտ է մնում, թե մահացածի հուղարկավորության կազմակերպումը ստանձնողը (գնորդը), պայմանագրի համաձայն վճարելով գերեզմանատեղի համար սահմանված գումարը, ի՞նչ իրավունք է ձեռք բերում տվյալ հողակտորի նկատմամբ,

6.2) 2-րդ մասով սահմանվում է, որ. «Մասնավոր գերեզմանատներում գերեզմանատան սեփականատերը պայմանագիր կարող է կնքել ինչպես մահացածի հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի հետ, այնպես էլ մահացածի հետ` վերջինիս կենդանության ժամանակ: Ընդ որում, գերեզմանատան սեփականատիրոջ եւ մահացածի միջեւ՝ վերջինիս կենդանության ժամանակ կնքված պայմանագրի առկայության դեպքում մահացածի փոխարեն պայմանագրային պարտավորությունների կատարման պահանջ կարող է ներկայացնել մահացած անձի իրավահաջորդը:»: Սակայն, հնարավոր է, որ մահացած անձը չունենա իրավահաջորդ, սակայն ունենա իր շահերի օրինական այլ ներկայացուցիչներ (օրինակ` փաստաբանական գրասենյակ, կտակակատար, հիմնադրամ, հասարակական կազմակերպություն եւ այլն): Ուստի, առաջարկում ենք այս մասի «իրավահաջորդը» բառից հետո ավելացնել «կամ նրա օրինական շահերի ներկայացուցիչը» բառերը,

6.3) 3-րդ մասի համաձայն. «...գերեզմանատան սեփականատերը պարտավորվում է հատկացնել պայմանագրում ուղղակիորեն նշված տարածքը եւ հուղարկավորումը կատարելուց հետո պայմանագրում նշված ժամանակահատվածում պահպանել եւ սպասարկել գերեզմանը:»: Այս կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում հստակ սահմանել թե ի՞նչ է նշանակում «պահպանել եւ սպասարկել գերեզմանը», որը տարընթերցումների եւ տարածական մեկնաբանությունների տեղիք տվող արտահայտություն է, ուստի առաջարկում ենք տվյալ Նախագծով ամրագրել գերեզման պահպանման եւ սպասարկման հիմնական պայմանները կամ չափորոշիչները:

6.4) 7-րդ մասով սահմանվում է, որ. «Մասնավոր գերեզմանատան տնօրինությունը պարտավոր է վարել գերեզմանատեղերի հաշվառման եւ հուղարկավորությունների գրանցման մատյաններ՝ լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով, որոնք արխիվացվում եւ պահվում են օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներով։», այն դեպքում, երբ Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Յուրաքանչյուր թաղում կամ դիակիզում գրանցվում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի թաղումների կամ դիակիզումների գրանցման մատյանում, որն արխիվում պահվում է անժամկետ:» (ընդ որում` այս մասում «հուղարկավորություն» հասկացությանը զուգահեռ միեւնույն իմաստով օգտագործվում է «թաղում» հասկացությունը, իսկ «մասնավոր գերեզմանատան կառավարիչ» հասկացությանը զուգահեռ` «մասնավոր գերեզմանատան տնօրինություն» հասկացությունը, ինչն օրենսդրական տեխնիկայի կանոնների խախտում է): Արխիվացման ժամկետների այս տարբերակումը, մեր կարծիքով, ոչ միայն տրամաբանական չէ, այլեւ իր մեջ որոշակի վտանգներ է պարունակում, հատկապես` եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մասնավոր գերեզմանատներում գերեզմանատեղերը նախատեսվում են «բազմակի օգտագործման» համար եւ սահմանված ժամկետները լրանալուց հետո հնարավոր չի լինի կամ շատ դժվար կլինի պարզել կոնկրետ հանգուցյալների թաղման վայրերը:

Այս կապակցությամբ առաջարկում ենք նշված 7-րդ մասի «կարգով եւ ժամկետներով» բառերը փոխարինել «կարգով` անժամկետ» բառերով:

Բ. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

7. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվող` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 16-րդ մասից հետո կատարվող նոր լրացումը (համայնքի ղեկավարի նոր լիազորությունը), Օրենքով արդեն իսկ սահմանված լիազորությունները եւ «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նույն հարցերի հետ կապված սահմանվող լիազորությունների միջեւ առաջանում են բավականին շատ տարբերություններ, ինչը տարընթերցումների եւ մեկնաբանությունների տեղիք կարող է տալ:

Գ. «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

8. Նախագծի վերնագրից անհրաժեշտ է հանել վերնագրի սկզբի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը:

9. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» (այսուհետ` Օրենսգիրք) նոր` 156.1-րդ հոդվածի 1-ին մասով, ի թիվս քաղաքաշինական եւ բնապահպանական նորմերի խախտման, տուգանք է սահմանվում նաեւ սանիտարական նորմերը խախտելու համար, որի համար նախատեսվող տուգանքի չափը չի համապատասխանում Օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված` «Սանիտարական, սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահա-մաճարակային կանոնները եւ նորմաները (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից եւ նորմաներից), հիգիենիկ նորմատիվները» խախատելու համար սահմանված տուգանքների չափերին: Այս կապակցությամբ առաջարկում ենք կամ համապատասխանեցնել տուգանքների նշված չափերը եւ նորմերի անվանումերը, կամ էլ, եթե Նախագծով խոսքը գնում է սանիտարական այլ (առանձնահատուկ) նորմերի մասին, Նախագծում հստակ նշել այդ մասին` առաջացող հակասությունը վերացնելու նպատակով:

10. Անհրաժեշտ է հստակեցնել եւ կոնկրետ սահմանել Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող` Օրենսգրքի նոր` 156.1-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսվող տուգանքի չափը (դրանով, որպես ֆիզիկական անձանց համար տուգանքի չափ է սահմանվում «նվազագույն աշխատավարձի բազմապատիկ չափը», ինչն անիմաստ եւ անչափելի տուգանք է):

Փաթեթի կազմում ընդգրկված մյուս` «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ`                         Ա. ԹԱՄԱԶՅԱՆ

11.02.2015թ.

--------------------------------------------------------------------------------

[1] Ընդ որում` Նախագծի էլեկտրոնային տարբերակում մնացել է նախորդ նախագծի շարադրանքը եւ այս մասով Նախագծի թղթային ու էլեկտրոնային տարբերակներն իրար չեն համապատասխանում: