ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-721-17.02.2015-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մ. Մելքումյանի, Ն. Զոհրաբյանի եւ Է. Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել մի քանի նկատառումներ: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց երաշխավորված բանկային ավանդների չափերը սահմանել դրամային եւ արտարժույթային բանկային ավանդների գծով համապատասխանաբար` 8 մլն. եւ 4 մլն. դրամի չափով՝ ներկայումս գործող 4 մլն. եւ 2 մլն. դրամի դիմաց: Նման մոտեցումը, կարծում ենք, երկակի նշանակություն ունի ինչպես բանկային համակարգի, այնպես էլ տնտեսության զարգացման տեսանկյուններից: Անշուշտ, դա կնպաստի բանկային համակարգ ներգրավվող ֆինանսական ռեսուրսների աճին՝ դրանով իսկ հնարավորություններ ստեղծելով ավելացնելու բանկերի կողմից իրականացվող գործունեության ծավալները: Միաժամանակ, տնտեսական զարգացման ներկա փուլում, մեր կարծիքով, այն կարող է բացասաբար անդրադառնալ բանկային ծառայությունների արժեքի (սակագների) եւ տնտեսությունում ֆինանսական միջոցների տեղաբաշխման վրա: Մասնավորապես, պայմանավորված Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից փոխհատուցման ենթակա գումարների մեծացմամբ, տեղի կունենա բանկերի կողմից կատարվող ծախսերի աճ, ինչն էլ կանդրադառնա բանկային ծառայությունների արժեքի վրա՝ դրանից բխող հետեւանքներով: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով ՀՀ բանկային համակարգում ներկայումս տեղի ունեցող գործընթացները եւ, մասնավորապես, բանկերի կանոնադրական կապիտալի էական ավելացման պահանջի սահմանումը, կարծում ենք, Նախագծով առաջարկվող մոտեցումը լրացուցիչ դժվարություններ կստեղծի բանկային համակարգի գործունեության համար:
Այս առումով, առաջարկվող մոտեցումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր եւ ենթադրում է գնահատում տարբեր տեսանկյուններից:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի վարիչ Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
03.03.2015թ.