ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-730-26.02.2015-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Իշխան Խաչատրյանի, Լեւոն Դոխոլյանի եւ Մհեր Շահգելդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծի 1-ին հոդվածով («Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 44-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության առաջին նախադասությունը վերախմբագրելու միջոցով) առաջարկվում է կրճատել թաղման նպաստի վճարման ժամկետը, ինչը բնակչության սոցիալական ապահովության տեսանկյունից, անշուշտ, դրական ազդեցություն կարող է ունենալ: Սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ այդ դրական ազդեցությունը կարող է չեզոքացվել` կապված նույն հոդվածի նույն պարբերության երկրորդ նախադասության հետ, ըստ որի. «Սույն պարբերությամբ սահմանված ժամկետում թաղման նպաստը չվճարելու դեպքում չվճարված թաղման նպաստի գումար վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է թաղման նպաստը նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:»: Այսինքն, անկախ այն հանգամանքից, որ թաղման նպաստի վճարման ժամկետը կկրճատվի, պետական կառավարման համապատասխան լիազորված մարմինը, նշված դրույթի ուժով, կարող է չվճարել քաղաքացու հասանելիք նպաստը` թաղման նպաստը նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում նրան «ստիպելով» կրկնակի դիմում գրել: Ընդ որում, այս մեխանիզմի համար որեւէ տրամաբանական հիմնավորում, ըստ էության, գոյություն չունի, հետեւաբար` Նախագծով հետապնդվող նպատակին հասնելու համար, մեր կարծիքով, կատարված առաջարկության հետ միասին, անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության երկրորդ նախադասությունը, կամ էլ Նախագծի 1-ին հոդվածի «երկրորդ պարբերության առաջին նախադասությունը» բառերը փոխարինել «երկրորդ պարբերությունը» բառերով:

3. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 44-րդ հոդվածի 7-րդ մասը, ըստ որի. «Թաղման նպաստի սահմանվող չափը չի կարող պակաս լինել նախկին չափից:» վերախմբագրել եւ ամրագրել, որ. «Թաղման նպաստի սահմանված չափը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից», ինչը սկզբունքորեն փոխում է գործող նորմի նշանակությունը. եթե գործող նորմի նշանակությունը կայանում է նրանում, որ թաղման նպաստի չափը, որը սահմանում է ՀՀ կառավարությունը, կարող է միայն աճել եւ չի կարող երբեւէ ավելի պակաս լինել, քան վերջին անգամ սահմանվել է, ապա Նախագծի առաջարկության իմաստը կայանում է թաղման նպաստի չափը օրենսդրի կողմից սահմանելու մեջ: Խնդիրը կայանում է նրանում, որ ներկայումս բոլոր նպաստների չափերը սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ` հիմնվելով տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված գումարների մեծությունից, եւ նպաստների տվյալ խմբից մեկ նպաստի առանձնացումը եւ օրենքով դրա չափի սահմանումը, ըստ էության, խախտում է նպաստների նշանակման եւ դրանց չափերի սահմանման միասնականության սկզբունքը: Այսինքն, եթե այս նպաստի մասով նպատակահարմար է դրա չափը սահմանել օրենքով (որի հիմնավորումը Նախագծի կից տեղեկանքում բացակայում է), ապա ինչու՞ նույն մոտեցումը չկիրառել նաեւ պետական նպաստների մյուս տեսակների համար:

Ինչ վերաբերում է թաղման նպաստի բուն չափին, ապա ներկայումս այն կազմում է 200.0 հազ. դրամ, իսկ առաջարկության ընդունման դեպքում 2015թ. հուլիսի 1-ից հետո այն կկազմի 275.0 հազ. դրամ (կիսամյակի կտրվածով աճը` 37.5%), որի արդյունքում 2015թ. պետական բյուջեի «Կենսաթոշակառուի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստ» ծրագրի գծով ծախսերը (4.944 մլրդ. դրամ) միջին հաշվով կավելանան 18.7%-ով կամ 927.0 մլն. դրամով:



 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի առաջատար մասնագետ`                                                Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
19.03.2015թ.