ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ քաղաքացիների տարադրամով վարկերի վերաձեւակերպման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-731-4.03.2015-ՖՎ-010/0) վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մ. Շահգելդյանի, Հ. Բիշարյանի, Հ. Մարգարյանի եւ Լ. Դոխոլյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ քաղաքացիների տարադրամով վարկերի վերաձեւակերպման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

2. Նախագիծն ամբողջությամբ վերաշարադրման կարիք ունի` կապված այն հանգամանքի հետ, որ Նախագծի տեքստը շարադրված է ազատ ոճով (ոչ օրենսդրական լեզվով) եւ օգտագործված են այնպիսի հասկացություններ եւ բառակապակցություններ, որոնք չեն համապատասխանում ՀՀ օրենքներում կիրառվող նույնաբովանդակ հասկացություններին, իսկ դրանց սահմանումներն էլ տրված չեն (օրինակ` «փոխառնական պայմանագիր», «փոխառնական պայմանագրերով նախատեսված պայմանագրի օգտագործման համար որոշված վճարումներ», «վարկի տնօրինման վճարային պարտավորություններ», «վարկի օգտագործման համար վճար», «անշարժ գույքի պարտադրաբար օտարում», «վարկային եւ փոխառնական պայմանագրերի պահանջի իրավունքի փոխզիջում», «պարտավորություների կառուցվածքայնացում», «վարկային պարտականությունների չկանոնակարգված կատարման արդյունքում առաջացած տույժեր եւ տուգանքներ», միեւնույն իմաստով օգտագործվում է «արտարժութային վարկ» եւ «տարադրամային վարկ» հասկացությունները եւ այլն):

3. Նախագծին կից ներկայացված հիմնավորումից ակնհայտ է, որ այն հետապնդում է հիմնականում սոցիալական նպատակներ` կապված 2014թ. վերջին ՀՀ դրամի արժեզրկման հետեւանքով արտարժութային վարկեր ունեցող քաղաքացիների կրած վնասների հետ: Ընդհանուր առմամբ, Նախագծով առաջարկվում է`

- օրենքի ուժով իրականացնել արտարժութային վարկերի եւ փոխառությունների գծով վարկային պարտավորությունների վերակառուցում եւ այդ վարկերը ՀՀ դրամով արտահայտված վարկերով վերաձեւակերպում,

- սահմանել, որ. «Բանկային, վարկային եւ այլ կազմակերպությունները[1], (ընդ որում` այլ կազմակերպություններ, բացառությամբ բանկերի եւ վարկային կազմակերպությունների, իրավունք չունեն վարկեր տրամադրել), ՀՀ այն քաղաքացիների դիմումների հիման վրա, որոնք տարադրամով հիփոթեքային ապահովմամբ վարկային եւ փոխառնական չկատարված պայմանագրային պայմանավորություններ ունեն, պարտավոր են իրականացնել պարտավորությունների վերակառուցում` սույն օրենքով նախատեսված կարգով եւ պայմաններով[2]:»,

- սահմանել, որ. «Վարկի օգտագործման համար վճարի չափը որոշվում է կողմերի միջեւ վարկավորման (փոխառնական) պայմանագրին հավելյալ համաձայնագրով:

Վերակառուցումից եւ վերահաշվարկից հետո վարկի օգտագործման համար նախատեսված վճարի չափը չի կարող լինել ավելին քան 12,2 տոկոս:

Վարկային (փոխառնական) պայմանագրերի այլ պայմաններ չեն կարող փոխվել վարկառուի համար նախատեսված պայմանների վատթարացման ձեւով:

Այն վճարումները, որոնք կատարվել են վարկային (փոխառնական) պայմանագրով մինչեւ պարտավորությունների վերակառուցման իրականացումը, վերահաշվարկի ենթակա չէ:

Ներկա օրենքին համապատասխան չեղյալ է համարվում վարկառուի պարտականությունների չափի եւ վարկային համաձայնագրով նախատեսված պարտավորությունների միջեւ գումարի տարբերությունը:» եւ այլն, ինչը նշանակում է, որ սույն Նախագծի ընդունման դեպքում վարկային պարտավորություններ ստանձնած քաղաքացիների վարկային ամբողջ ռիսկը, օրենքի պարտադրանքով համապատասխան պայմանագրերի վերաձեւակերպման արդյունքում, մեխանիկորեն եւ առանց որեւէ փոխհատուցման տեղափոխվելու են բանկերի եւ վարկային կազմակերպությունների վրա:

Սակայն, որքան էլ ծանր լինեն այդ սոցիալական հետեւանքները կամ ինչքան էլ կարեւոր լինի վնասներ կրած քաղաքացիներին պետական մակարդակով օժանդակություն ցուցաբերելու հանգամանքը, այդուհանդերձ, Նախագծով առաջարկվող լուծումներն ու կարգավորումները որեւէ կերպ չեն «տեղավորվում» ազատական շուկայական տնտեսությանը բնորոշ եւ ՀՀ համապատասխան օրենքներով ամրագրված հայեցակարգային ու սկզբունքային իրավակարգավորումների շրջանակներում, իսկ առաջարկվող մոտցումներն էլ ոչ միայն անթույլատրելի են եւ անտրամաբանական, այլեւ հակասում են ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին եւ բանկային գործունեությունը կանոնակարգող օրենքներին: Մասնավորապես`

3.1) Վարկավորման եւ փոխառության պայմանները սահմանվում են բացառապես բանկի (վարկային կազմակերպության) եւ նրա հաճախորդի միջեւ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերով, ուստի դրանք կարող են փոխվել միայն պայմանագրի կողմերի փոխադարձ համաձայնությամբ (ինչի իրավունքը ներկայումս էլ ամրագրված է օրենքով եւ կամավոր նման քայլի դիմելու համար որեւէ նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն չկա): Բացի այդ, վարկային տոկոսադրույքների վրա ազդելու իրավունք ունի միայն ՀՀ կենտրոնական բանկը, այն էլ` միայն անուղղակի եղանակով (վարաֆինանսավորման տոկոսադրույքների սահմանման միջոցով), որն էլ, իր հերթին, չի կարող տարածվել արդեն իսկ կնքված եւ ուժի մեջ մտած պայմանագրերով սահմանված տոկոսադրույքների վրա:

3.2) Նախագիծն իր էությամբ հակասում է`

- ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածին, ըստ որի. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու եւ կտակելու իր սեփականությունը։...

Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի:

Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ:»,

- ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածին, ըստ որի սեփականության իրավունքի նկատմամբ օրենքով չեն կարող սահմանվել սահմանափակումներ, իսկ բանկերի եւ վարկային կազմակերպությունների սեփականության իրավունքը պաշտպանված է այնպես` ինչպես մարդու եւ քաղաքացու սեփականության իրավունքը` համաձայն ՀՀ Սահմանադրության 42.1.-րդ հոդվածի, ըստ որի. «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:»,

3.3) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 15-րդ (գրավի իրավունք), 46-րդ (փոխառություն) եւ 47-րդ (վարկ) գլուխներով սահմանված կարգավորումներին,

3.4) «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասին (ըստ որի. «Բանկերն ինքնուրույն են իրականացնում իրենց հիմնական միջոցների տիրապետումը, օգտագործումը եւ տնօրինումը:»), 38-րդ հոդվածի 1-ին մասին (ըստ որի. «Բանկի եւ հաճախորդների փոխհարաբերությունները կրում են պայմանագրային բնույթ:») եւ այլն:

4. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Սույն օրենքը ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում արգելվում է այն վարկառուների (պարտապանների) անշարժ գույքի պարտադրաբար օտարումը, որոնց վարկային պարտավորությունները պետք է կառուցվածքայնացվեն սույն օրենքի հիման վրա:», իսկ մյուս կողմից էլ, Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, սույն օրենքն ուժի մեջ է մտնելու 2016 թվականի հունվարի 1-ից, ուստի` եթե նույնիսկ տվյալ Նախագիծն ընդունվի այս տեսքով, ապա նախատեսվող երաշխիքները բավականին ուշացած կլինեն, իսկ բանկերի մոտ գրավադրված գույքն էլ, գործող օրենսդրությանը համապատասխան, իրացված կարող է լինել:


ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության պետ`                      Ա. ԹԱՄԱԶՅԱՆ

26.03.2015թ.

--------------------------------------------------------------------------------

[1] ընդ որում` ՀՀ օրենսդրությամբ այլ կազմակերպություններ, բացառությամբ բանկերի եւ վարկային կազմակերպությունների, վարկեր տրամադրելու իրավունք չունեն:

[2] ընդ որում` Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ. «...օրենքի նախագիծը ընդունվելու դեպքում, հնարավորություն կընձեռի` 1. կամովին կերպով, տարադրամային վարկերը վերակառուց-վածքայնացնել դրամական վարկերի,..»: