ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-737-18.03.2015-ՖՎ-010/0) եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7371-18.03.2015-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծերի փաթեթում ընդգրկված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) կապակցությամբ հարկ է նշել, որ դրա 1-ին հոդվածով առաջարկվող լրացումը, բովանդակային առումով, կարծում ենք, այնքան էլ ճիշտ տեղում չի կատարվում, քանի որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածով սահմանվում է տվյալ օրենքի կարգավորման առարկան, իսկ առաջարկվող լրացման բովանդակությունը հանգում է օրենքի գործողության ոլորտին: Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծով առաջարկվող լրացումը կատարել Օրենքի 3-րդ հոդվածում` որպես դրա նոր 2-րդ մաս, իսկ դրանից առաջ` անհրաժեշտ է նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վերջում ավելացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի» բառերը:
3. Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան, սակայն հարկ ենք համարում ներկայացնել որոշ նկատառումներ` կապված Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ տեղ գտած առանձին փաստարկների հետ: Մասնավորապես.
3.1 հիմնավորման մեջ նշվում է, որ.
- «Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակման արդիականությունը պայմանավորված է անհատ գյուղացիական տնտեսությունների կողմից ներգրավված վարկային ռեսուրսների մեծ ծավալով եւ գյուղական համայնքներում ֆինանսական գրագիտության ցածր մակարդակով...»,
- «ՀՀ գյուղատնտեսության ոլորտը էական տեղ է զբաղեցնում ՀՀ տնտեսության կառուցվածքում` նպաստելով երկրի համախառն ներքին արդյունքի ավելի քան 20%-ի ձեւավորմանը, ապահովելով զբաղվածների շուրջ 40%-ի ընդգրկվածությունն այս ոլորտում եւ արտահանման կառուցվածքում ունենալով ավելի քան 20% կշիռ:»,
- «ՀՀ օրենսդրությամբ ներկայումս կարգավորված չէ գյուղատնտեսական վարկավորման ոլորտը:»:
Կարծում ենք, ակնհայտ է, որ միայն վերը նշված փաստերի արձանագրումն արդեն իսկ բավարար է եզրակացնելու, որ Նախագծերի տվյալ փաթեթով առաջարկվող լուծումները բավարար չեն կարող լինել առկա հիմնախնդիրները լուծելու համար, եւ անհրաժեշտություն է առաջանում առանձին օրենքով կարգավորելու այս շատ կարեւոր եւ մեծ ընդգրկում ունեցող բանկային հատվածի հետ կապված հարաբերությունները:
3.2 Նշվում է, որ. «Ներկայումս ՀՀ կառավարությունը, իր 31.03.2011թ. թիվ 349-Ն որոշման համաձայն, սուբսիդավորում է ՀՀ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները, ընդ որում` սուբսիդավորվում են մինչեւ 3 մլն. ՀՀ դրամ ծավալով, տարեկան առավելագույնը 14% փաստացի տոկոսադրույքով դրամային վարկերը: Սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքի 4 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), իսկ հանրապետության առավել կարիքավոր համայնքների վարկառուների վարկի տոկոսադրույքի 6 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը):», սակայն ոչ Նախագծերի փաթեթից, ոչ էլ հիմնավորումից չի երեւում, թե արդյո՞ք սուբսիդավորվելու են նաեւ արտարժութային վարկերը, թե՞ ոչ: Խնդիրը կայանում է նրանում, որ ազգային արժույթի փոխարժեքի վերջին տարիների վարքագծի հետ կապված բանկերը նախընտրում են տրամադրել հենց արտարժութային վարկեր, որի հնարավորությունից (գյուղատնտեսական կրեդիտների մասով) ներկայումս զրկված են, եւ որի թույլտվությունը կստանան Նախագծերի սույն փաթեթի ընդունումից հետո, իսկ սպառողներն էլ, հասկանալի պատճառներով, նախընտրում են հենց դրամային վարկերի ստացումը: Հասկանալի է նաեւ, որ արտարժութային վարկերի սուբսիդավորումը ՀՀ կառավարության համար լրացուցիչ եւ բավականին մեծ ծախսերի կատարման անհրաժեշտություն կառաջացնի, որի համար անհրաժեշտ հատկացումներն էլ ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված չեն: Ուստի, շատ ավելի հավանական է, որ առնվազն ընթացիկ տարում նման վարկերի սուբսիդավորում չի լինի, որի պարագայում էլ բանկերի համար գյուղացիական տնտեսություններին արտարժութային վարկերի տրամադրման հնարավորության ընձեռումը, առնվազն ընթացիկ տարում, էական դեր կարող է չխաղալ:
3.3 Որպես Նախագծերի փաթեթի մշակման փաստարկ նշվում է «գյուղական համայնքներում ֆինանսական գրագիտության ցածր մակարդակը» եւ առաջարկվող լրացումների առաջին հատվածը (համապատասխան պայմանագրերում վարկի փատացի տոկոսադրույքի ամրագրումը եւ այլն) կարող է որոշ չափով լուծել այդ խնդիրը: Սակայն, դրա հետ միասին բանկերին եւ վարկային կազմակերպություններին հնարավորություն է տրվում գյուղացիներին տրամադրել արտարժութային վարկեր, որոնք շատ ավելի ռիսկային են վարկառուների համար (քանի որ, ի թիվս այլ ռիսկերի, այս դեպքում ավելանում է նաեւ արժութային ռիսկերի գործոնը) եւ գրագիտության շատ ավելի բարձր մակարդակ են պահանջում այդ վարկերը ստանալու եւ սպասարկելու առումով, իսկ Նախագծերի փաթեթը նշված լրացուցիչ ռիսկերը գոնե մեղմացնող որեւէ մեխանիզմ կամ դրույթ չի առաջարկում:
3.4 Վերջապես, հիմնավորման մեջ բերվում է մի այնպիսի փաստարկ, որն ավելի շատ մտահոգություններ պետք է առաջացնի, քան մյուս բոլոր փաստարկները միասին վերցրած: Մասնավորապես, նշվում է, որ. «Հաշվի առնելով այն, որ ֆինանսավարկային կազմակերպություններն իրենց վարկային պրոդուկտները գովազդելիս շեշտը դնում են միայն անվանական տոկոսադրույքի վրա` հաճախորդներին գրավելով անվանական «ցածր» տոկսադրույքով` նշված խնդիրը դառնում է առավել արդիական անհատ գյուղացիական տնտեսությունների համար:»: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ`
3.4.1 տվյալ խնդիրն առկա է եւ արդիական է ոչ միայն անհատ գյուղացիական տնտեսությունների, այլեւ ընդհանրապես վարկային շուկայի բոլոր հաճախորդների համար,
3.4.2 այս խնդրի լուծումը միայն առաջարկվող լրացումների միջոցով հնարավոր չէ արդյունավետ լուծել,
3.4.3 տվյալ խնդրի լուծման համար արդեն իսկ գոյություն ունեն օրենսդրական որոշակի կարգավորումներ, եւ եթե տվյալ խնդիրն արդեն տեւական ժամանակ առկա է, ապա կարելի է եզրակացնել, որ պատկան մարմինները (տվյալ դեպքում` առաջին հերթին ՀՀ կենտրոնական բանկը) չի օգտագործում կամ ոչ արդյունավետ է օգտագործում այդ կարգավորումները` առկա խնդիրը եթե ոչ վերացնելու, ապա գոնե դրա ազդեցությունը նվազեցնելու համար: Խոսքը գնում է.
ա) «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի`
- 5-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի մասին, ըստ որի` ՀՀ ԿԲ-ի խնդիրներից մեկն է. «ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:»,
- 35-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ, ըստ որի. «Կենտրոնական բանկը նպաստում է բանկերի եւ Կենտրոնական բանկից լիցենզիա ստացած այլ անձանց գործունեությանը, կայուն զարգացմանը եւ դրանց համար ազատ մրցակցության հավասար պայմանների ստեղծմանը ձեռնարկելով օրենքով նախատեսված միջոցները:»,
բ) «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի`
- 3-րդ հոդվածի մասին, ըստ որի. «Սույն օրենքի հիմնական խնդիրը բանկային համակարգի զարգացումը, հուսալիությունը եւ բնականոն գործունեությունն ապահովելն ու բանկերի գործունեության համար ազատ տնտեսական մրցակցության հավասար պայմաններ ստեղծելն է:»,
- 42-րդ հոդվածի մասին, ըստ որի. «Բանկերին արգելվում է այնպիսի գործարքներ կնքել, որոնք ուղղված են կամ հանգեցնում են բանկերի ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կամ որոնց հետեւանքով բանկը, նրա հետ փոխկապակցված եւ համագործակցող անձինք Հայաստանի Հանրապետության բանկային շուկայում ձեռք են բերում գերիշխող դիրք, որը նրանց հնարավորություն է տալիս կանխորոշելու սույն օրենքի 34 հոդվածով սահմանված գործունեության եւ գործառնությունների կամ դրանցից թեկուզ մեկի շուկայական սակագներն ու պայմանները: Սույն սահմանափակումը չի տարածվում բանկի վրա, եթե տվյալ բանկը հնարավորություն ունի կանխորոշելու վերոհիշյալ գործունեության կամ գործառնությունների որոշակի տեսակի շուկայում սակագները զուտ այն պատճառով, որ տվյալ գործունեությունը կամ գործառնությունը իրականացնում է միայն տվյալ բանկը:»,
գ) ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 10911-րդ հոդվածի մասին,
դ) «Գովազդի մասին» ՀՀ օրենքի մասին, որի գործողությունը տարածվում է նաեւ բանկերի եւ վարկային կազմակերպությունների ու նրանց կողմից իրականացվող գովազգային գործունեության վրա եւ այլն:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ
11.04.2015թ.