ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» (փաստաթղթային կոդ` Պ-753-09.04.2015-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ 
  
 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թ. Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» (փաստաթղթային կոդ` Պ-753-09.04.2015-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով նախատեսվում է տարատեսակ արտոնություններ սահմանել բազմազավակ ընտանիքների եւ դրանց անդամների համար, ինչը, սոցիալական առկա իրավիճակի պայմաններում, դրական ազդեցություն կարող է ունենալ համապատասխան ընտանիքների կենսամակարդակի վրա: Սակայն, Նախագիծը բավականին թերի է մշակված եւ հետապնդվող նպատակներին գործնականում հասնելու համար անհրաժեշտ է լրամշակել այն` հատկապես արտոնությունների մասով: Մասնավորապես, Նախագծի 4-րդ հոդվածի` 

ա) 1-ին մասով սահմանվում է, որ. «Հայաստանի Հանրապետության բարձր լեռնային եւ սահմանամերձ շրջաններում բնակվող բազմազավակ ընտանիքների աշխատող անդամներից եկամտային հարկը նվազեցվում է 50 տոկոսով:», որը մասամբ կրկնում է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքին: Այս առումով, անհրաժեշտ է նվազագույնը «ընտանիքների աշխատող անդամներից» բառերը փոխարինել «ընտանիքների վարձու աշխատող հանդիսացող անդամների» բառերով (քանի որ սահմանամերձ համայնքներում եկամտային հարկով հարկվող մյուս եկամուտներն ամբողջությամբ ազատված են եկամտային հարկից): Բացի այդ, անհրաժեշտ է հստակեցնել նաեւ, թե սույն Նախագծի տեսանկյունից որո՞նք են հանդիսանում «բարձր լեռնային եւ սահմանամերձ շրջանները»,

բ) 2-րդ մասով սահմանվում է, որ. «Բազմազավակ ընտանիքների կոմունալ ծախսերը (գազ, ջուր, էլեկտրոէներգիա) հարկվում են 50 տոկոս նվազեցումով:», ինչն ամբողջությամբ անհրաժեշտ է վերախմբագրել: Խնդիրը կայանում է նրանում, որ կոմունալ ծախսերը (այնպես, ինչպես մյուս բոլոր տեսակի ծախսերը) ընդհանրապես չեն հարկվում, իսկ տվյալ դրույթի բովանդակությունից, կարծում ենք, ակնհայտ է, որ խոսքը գնում է կոմունալ վարձավճարների մասին, եւ այս մասով արտոնություն տրամադրելու համար անհրաժեշտ է համապատասխան կատեգորիայի վճարողներին մասամբ կամ ամբողջությամբ ազատել այդ վճարումների պարտավորությունից` պետական կամ համայնքային բյուջերի հաշվին դրանք կատարելու պայմանով: Այս մասով եւս, կապված սահմանամեձ համայնքների բնակչության հետ, կրկնություններ են տեղ գտել, քանի որ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով համապատասխան համայնքների բնակիչների համար նման արտոնություն արդեն իսկ սահմանված է,

գ) 3-րդ մասով սահմանվում է, որ. «Բազմազավակ ընտանիքների անդամները ազատվում են պետական թանգարանների, մշակույթի տների, ցուցահանդեսների, թատրոնների մուտքի համար սահմանված վճարներից:», սակայն անհայտ է մնում այդ վճարներից ազատման մեխանիզմը (օրինակ` ինչպե՞ս պետք է թատրոնի մուտքի մոտ մարդն ապացուցի, որ բազմազավակ ընտանիքի անդամ է),

դ) 6-րդ եւ 8-րդ մասերում օգտագործվում է «բազմազավակ ընտանիքների եկամտի եւ երեխաների թվի հարաբերակցության» ցուցանիշը` որպես արտոնություն ստանալու չափանիշ, ինչը տնտեսագիտորեն հիմնավորված չափանիշ չի կարող հանդիսանալ: Խնդիրը կայանում է նրանում, որ`

- նախ անհրաժեշտ է հստակ սահմանել, թե ո՞րն է հանդիսանում «բազմազավակ ընտանիքների եկամուտը» (օրինակ` դրա մեջ մտնում են արդյո՞ք նպաստների գումարները, որոնք նպատակային եւ նվազագույն անհրաժեշտ ծասեր փոխհատուցելու համար տրվող գումարներ են եւ, ըստ էության, եկամուտ չեն համարվում, թե՞ դրանք «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով սահմանված եկամուտներն են),

- առաջարկվող չափանիշի մեջ կիրառվում է եկամտի եւ երեխաների թվի հարաբերակցությունը, որը ցույց է տալիս մեկ երեխային ընկնող ընտանիքի եկամտի մեծությունը, ինչն էլ, բնականաբար, նվազող մեծություն է` կապված երեխաների թվի աճի հետ: Այսինքն, որքան երեխաների թիվը մեծանում է, այնքան ընտանիքի մեկ երեխային ընկնող եկամտի մեծությունը փոքրանում է, եւ եթե այս մոտեցումը կիրառենք, օրինակ, 8-րդ մասով նախատեսվող արտոնության վրա, ապա կստացվի, որ ինչքան երեխաների թիվը մեծ է, այնքան տվյալ բազմազավակ ընտանիքը քիչ հնարավորություն է ստանում օգտվելու հիպոթեկային վարկի տոկոսների մարման արտոնությունից,

- հիպոթեկային վարկերի տրամադրման հարցում ամենակարեւոր երաշխիքներից մեկը վարկառուի եկամուտների մեծությունն է, ուստի, եթե բազմազավակ ընտանիքը սոցիալական աջակցության կարիք ունի, ապա նրա կողմից հիպոթեկային վարկի ստացումն ուղղակի անհավանական երեւույթ կլինի (իսկ ընդհանուր առմամբ տվյալ խնդիրը լուծվում է պետական հատուկ ծրագրերի իրականացման միջոցով, որտեղ որպես վարկի մարման երաշխավոր հանդես է գալիս պետությունը) եւ այլն:

      

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի

տնտեսագիտական վարչության պետ`                                                        Ա. ԹԱՄԱԶՅԱՆ

16.04.2015թ.