ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-754-09.04.2015-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

  
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հ. Բագրատյանի   կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում բյուջետային տարին սահմանել հոկտեմբերի 1-ից սեպտեմբերի 30-ը` ներկայումս գործող հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ի փոխարեն: Այս առումով հարկ ենք համարում նշել հետեւյալը: Չնայած այն հանգամանքին, որ Նախագծին կից ներկայացված տեղեկանքում նշվում է, որ Նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում, իրականում դրա ընդունումն ուղղակիորեն կհանգեցնի բյուջետային գործնթացի իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորող ՀՀ օրենքներում, այդ թվում` նաեւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների իրականացման անհրաժեշտությանը: Մասնավորապես, բյուջետային գործընթացի ժամկետների առումով, ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկման, համայնքի բյուջեի մշակման, միջնաժամկետ ծախսերի ծրագրի հաստատման, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացման եւ քննարկման հետ կապված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում ամրագրված դրույթները Նախագծի ընդունման դեպքում ենթակա են վերանայման: Նմանատիպ վերանայման ենթակա կլինի նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում ամրագրված` պետական բյուջեի նախագծի քննարկման, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացման եւ քննարկման վերաբերյալ դրույթները:

Միեւնույն ժամանակ, Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է դրա վերնագրում եւ 1-ին հոդվածում «Բյուջետային» բառից առաջ ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը, իսկ 1-ին հոդվածում «նույն» բառը փոխարինել «հաջորդ» բառով:



ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
տնտեսական փորձաքննության
բաժնի վարիչ`                                                      Գ.ԿԻՐԱԿՈՍՅԱՆ                                         

07.05.2015թ.