«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-763-20.04.2015-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծի 1-ին հոդվածով, « Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին պարբերությունը լրացնելու միջոցով, առաջարկվում է բոլոր այն դեպքերում, երբ Հանրապետության տարաժքում գործող բժշկական հիմնարկներն անհրաժեշտ բժշկական ծառայություններ չեն կարող մատուցել զինվորական ծառայության ընթացքում վնասվածք ստացած զինծառայողներին, տեղափոխել արտերկիր՝ բուժման նպատակով: Բուժման, կացության եւ ճանապարհածախսի գումարն առաջարկվում է հատկացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն: Վերը նշված իրավունքից չեն կարող օգտվել դիտավորությամբ իրենց վնասվածք պատճառած զինծառայողները:
Օրինագիծը զինծառայողների սոցիալական ապահովության տեսանկյունից, անշուշտ, դրական ազդեցություն կարող է ունենալ, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ Նախագծով հետապնդվող նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լրամշակել այն, մասնավորապես` անհրաժեշտ է առնվազն հստակեցնել թե`
ա) ո՞վ պետք է որոշի այն հարցը, թե տվյալ վնասվածքը հնարավոր է բուժել ՀՀ-ում` թե ոչ,
բ) վնասվածքը դիտավորությա՞ն արդյունք է` թե ոչ,
գ) ո՞ր վնասվածքներն են համարվում զինվորական ծառայության իրականացման հետ կապված, եւ որոնք ոչ,
դ) ի՞նչ չափանիշներով պետք է ընտրվեն այն երկրները, որտեղ հնարավոր է բուժել տվյալ վնասվածքները եւ այլն:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի առաջատար մասնագետ՝ Ա. Հարությունյան
12.05.2015թ.