ՏԵՂԵԿԱՆՔ  
«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության» (փաստաթղթային կոդ` Կ-772-30.04.2015-ՖՎ-011/0) վերաբերյալ

 

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը» (այսուհետ` հաշվետվություն) ներկայացված է «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան:

Համաձայն հաշվետվության, ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են 1144.8 մլրդ. դրամ, ծախսերը` 1235.1 մլրդ. դրամ (ճշտված պլանի կատարողականը` 95.4%), իսկ բյուջեի դեֆիցիտը` 90.3 մլրդ. դրամ:

Սույն հաշվետվության առումով հատկանշական են հետեւյալ տեղեկություններն ու միտումները:

1. 2014 թվականի փաստացի տվյալների ամփոփումը ցույց տվեց, որ տնտեսության զարգացման միտումները նախորդ տարվա համեմատությամբ դրսեւորել են ավելի դանդաղ աճի տեմպեր, ինչը հիմնականում պայմանավորված է եղել արտաքին միջավայրի ազդեցությամբ եւ շինարարության ոլորտի անկմամբ: Վերոնշյալ զարգացումների պայմաններում 2014թ. գրանցվել է 3.4% տնտեսական աճ, որին հիմնականում նպաստել են ծառայությունների ճյուղը 2.2 եւ գյուղատնտեսությունը` 1.5 տոկոսային կետով (տե՛ս աղյուսակ 1-ը): Արդյունաբերության նպաստումը ՀՆԱ-ի աճին եղել է զրոյական, իսկ շինարարության ոլորտն արձանագրել է 0.4 տոկոսային կետով բացասական նպաստում: Ընդ որում, արդյունաբերության արտադրանքի ծավալը 2014 թվականին աճել է 2.7%-ով, գյուղատնտեսությունը՝ 7.6%-ով, իսկ շինարարության ոլորտում արձանագրվել է 4.3% անկում: Արտաքին առեւտրաշրջանառության աճը կազմել է 1.0 տոկոս` հիմնականում արտահանման աճի համեմատաբար բարձր տեմպերի պահպանման պայմաններում: 2014 թվականի 12-ամսյա գնաճը (դեկտեմբերը դեկտեմբերի համեմատ) կազմել է 4.6%: 

Աղյուսակ 1.

Տնտեսության ճյուղերի ավելացված արժեքների նպաստումը ՀՆԱ-ի աճին 2013-2014 թվականներին (տոկոսային կետ)

  
 2013թ. 
 2014թ. 
  
Արդյունաբերություն 
 0.9 
 0 
  
Գյուղատնտեսություն 
 1.4 
 1.5 
  
Շինարարություն 
 -1.3 
 -0.4 
  
Ծառայություններ  
 2.2 
 2.2 
  
Զուտ անուղղակի հարկեր 
 0.3 
 0.1 
  
Համախառն ներքին արդյունք  
 3.5 
 3.4 
 

2. Հաշվետու տարում վերջնական սպառումն իրական արտահայտությամբ աճել է 0.2%-ով: Վերջնական սպառման կառուցվածքում պետական եւ մասնավոր սպառման տեսակարար կշիռները 2014թ. կազմել են համապատասխանաբար 14.4% եւ 85.6%, ընդ որում` մասնավոր սպառումը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 0.4%-ով, իսկ   պետական սպառումը նվազել 0.9%-ով: 

Կրճատվել են նաեւ կապիտալ ներդրումները (իրական արտահայտությամբ 5.9%-ով), ինչպես նաեւ մասնավոր ներդրումները` 8.4%-ով` կապված շինարարության ոլորտում թողարկման ծավալների կրճատման հետ: 

2014 թվականին արտահանման իրական ծավալները դրամային արտահայտությամբ աճել են 22.6%-ով, իսկ ապրանքների եւ ծառայությունների ներմուծումն իրական արտահայտությամբ աճել է 7.7%-ով:

3. 2014 թվականին գնաճը միջինում կազմել է 3.0%, ինչը հիմնականում պայմանավորված է եղել պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գների 2.2% (նպաստումը գնաճին` 1.2 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների գների 1.7% (նպաստումը գնաճին` 0.3 տոկոսային կետ) եւ ծառայությունների սակագների 5.1% (նպաստումը գնաճին` 1.6 տոկոսային կետ) աճով: 2014 թվականին 12-ամսյա գնաճը կազմել է 4.6%, որը հիմնականում պայմանավորված է եղել պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գների 6.3%, ոչ պարենային ապրանքների գների 1.6% եւ ծառայությունների սակագների 3.0% աճով:

4. Արտահանման եւ սկզբնական եկամուտների աճի արդյունքում ընթացիկ հաշվի պակասուրդը կրճատվել է եւ կազմել ՀՆԱ-ի 7.9 տոկոսը, նախորդ տարվա ցուցանիշը բարելավելով 0.1 տոկոսային կետով: 2014 թվականին ապրանքների գծով արտաքին առեւտրի բացասական մնացորդը նախորդ տարվա համեմատ նվազել է 1.1%-ով եւ կազմել ՀՆԱ-ի 19.0 տոկոսը` նախորդ տարվա 20.1%-ի դիմաց:

Արտաքին ապրանքաշրջանառությունը 2014 թվականի արդյունքներով կազմել է 5920.9 մլն. ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով 1.0%-ով: Հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել դոլարային արտահայտությամբ արտահանման եւ ներմուծման ծավալների աճ. արտահանումն աճել է 2.7%-ով` կազմելով 1519.3 մլն. ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 0.4%-ով եւ կազմել է 4401.6 մլն. ԱՄՆ դոլար:

2014 թվականին նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել է ՀՀ արտահանման  աճի տեմպերի դանդաղում: Արտահանման 2.7% աճի ամենաբարձր` 2.9 տոկոսային կետը պայմանավորվել է «Թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից իրեր» ապրանքախմբով: Արտահանման աճի 1.9 տոկոսային կետը պայմանավորվել է «Պատրաստի սննդի արտադրանք», իսկ 0.8 տոկոսային կետը` «Մանածագործական իրեր» ապրանքախմբերով: Արտահանման աճին հակազդել է «Հանքահումքային արտադրանք» եւ «Ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված արտադրանք» ապրանքախմբերի արտահանման նվազումը` 1.3 տոկոսային կետով:

Նորմալացված առեւտրային հաշվեկշիռը (որը հաշվարկվում է որպես առեւտրային հաշվեկշռի եւ ապրանքաշրջանառության հարաբերակցություն եւ ցույց է տալիս, թե միավոր արտաքին ապրանքաշրջանառության մեջ որքան զուտ արտահանված ապրանք կա) 2014 թվականին կազմել է -0.49, նախորդ տարվա համեմատ մնալով անփոփոխ:

2014 թվականին ներմուծման ծածկման գործակիցը նախորդ տարվա համեմատ աճել է 4.9 տոկոսային կետով, իսկ արտահանման հաշվին ֆինանսավորվել է ներմուծման 60.3%-ը:

5. Նախորդ տարվա ընթացքում ձեւավորված ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկման միտումները 2014 թվականին շարունակվել են: 2014 թվականի տարեվերջին` փոխարժեքը կազմել է 463.53 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց, որը նախորդ տարվա դեկտեմբերին ձեւավորված միջին փոխարժեքի (405.32) նկատմամբ արժեզրկվել է 12.6%-ով: Իսկ տարվա միջին փոխարժեքը կազմել է 415.92 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց (2013 թվականին` 409.63): Նախորդ տարվա միջինի նկատմամբ գրանցվել է ԱՄՆ դոլարի համեմատ դրամի անվանական 1.5% արժեզրկում` 2013 թվականի համապատասխան ցուցանիշի 1.9% արժեզրկման  դիմաց: Ըստ էության, փոխարժեքի նման վարքագիծը հետեւանք է իր հավասարակշիռ մակարդակից շեղումներով` պայմանավորված ՀՀ-ի եւ համաշխարհային տնտեսությունների միտումներով:

2014 թվականին եվրոյի նկատմամբ ՀՀ դրամն արժեզրկվել է 1.5%-ով, իսկ ռուբլու նկատմամբ` արժեւորվել 17.3%-ով:

Անվանական արդյունավետ փոխարժեքը, այսինքն` ՀՀ ազգային արժույթը ոչ միայն դոլարի, այլեւ արտաքին առեւտրի տեսանկյունից առավել կարեւոր մի քանի արժույթներից բաղկացած «զամբյուղի» նկատմամբ, 2014 թվականին նախորդ տարվա նկատմամբ արժեվորվել է 8.8%-ով, ինչը նշանակում է, որ ՀՀ դրամն արժեվորվել է հիմնական արժույթների միավորված արժեքի համեմատ:

6. 2014 թվականին պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 25.3%-ը` նախորդ տարվա 25.1%-ի դիմաց, իսկ հարկային եկամուտները` ՀՆԱ-ի 23.5%-ը` նախորդ տարվա 23.4%-ի դիմաց: Նախորդ տարվա նկատմամբ պետական բյուջեի եկամուտների անվանական աճը կազմել է 6.9%, իսկ հարկային եկամուտներինը` 6.3%:

ՀՀ պետական բյուջեի ծախսերի մասով, 2014 թվականի արդյունքներով, ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը դրսեւորել է աճի միտումներ` նախորդ տարվա նկատմամբ 0.6 տոկոսով եւ կազմել 27.3%: Ընթացիկ ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 24.3 տոկոս` նախորդ տարվա 23.8%-ի դիմաց: Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը 2014 թվականին կազմել են ՀՆԱ-ի 3%-ը` նախորդ տարվա համեմատությամբ մնալով անփոփոխ:

ՀՀ պետական բյուջեի պակասուրդը 2014 թվականին կազմել է ՀՆԱ-ի 2%-ը` նախորդ տարվա 1.7%-ի դիմաց: 2014 թվականին արտաքին պարտք/ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա 37%-ի համեմատ աճել է եւ կազմել 39.7%, իսկ պետական պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 46.6%, նախորդ տարվա 43.6%-ի դիմաց:

Արդյունքում` 2014 թվականին գրանցվել է 1.13% ընդլայնող հարկաբյուջետային ազդակ, ընդ որում` եկամուտների չեզոք` 0.02%, իսկ ծախսերի գծով` 1.11% ընդլայնող ազդակ:

ՀՀ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

7. ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով, ելնելով 5.2% տնտեսական աճի կանխատեսումից, ծրագրվել էր ստանալ ավելի քան 1135.9 մլրդ. դրամ եկամուտներ, որից 1115.9 մլրդ. դրամը` ներքին աղբյուրների, 20 մլրդ. դրամը` արտաքին պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի եւ 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային եւ փաստացի ցուցանիշներում ներառվել են նաեւ ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաեւ առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Նշված միջոցները ներառյալ, ինչպես նաեւ հաշվի առնելով կառավարության լիազորությունների շրջանակներում կատարված մյուս փոփոխությունները, ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է 52.9 մլրդ. դրամով (4.7%-ով) եւ կազմել 1188.8 մլրդ. դրամ, որից 1163.6 մլրդ. դրամը` ներքին աղբյուրների, 25.1մլրդ. դրամը` պաշտոնական դրամաշնորհների գծով:

2014 թվականին փաստացի եկամուտները կազմել են շուրջ 1144.8 մլրդ. դրամ, որոնք նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 73.4 մլրդ. դրամով կամ 6.9%-ով, իսկ ծրագրային ցուցանիշը կատարվել է 96.3%-ով: Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի տարեկան ծրագիրը կատարվել է 96.7%-ով, այլ եկամուտները` 99.7%-ով, իսկ պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմել է 68.7%, կամ կանխատեսվածից պակաս է ստացվել 7.9 մլրդ. դրամ: 

Նշենք, որ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 36.8 մլրդ. դրամ կամ նախատեսվածի 100.7%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների` պետական բյուջեի եկամուտները կազմել են 1108.0 մլրդ. դրամ` ապահովելով 96.2% կատարողական:

Հաշվետու տարում ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի եկամուտների հարաբերակցությունը կազմել է 25.3%, որը 0.2 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը եւ 1.24 տոկոսային կետով` կանխատեսված ցուցանիշը: 2013 թվականի համեմատ պետական բյուջեի եկամուտների 6.9%-ով աճը գերազանցապես պայմանավորված է հարկային եկամուտների 5.3%-ով կամ 51.2 մլրդ. դրամ աճով: Հարկ է նշել, որ նախորդ տարվա համեմատ աճ է արձանագրվել նաեւ մյուս եկամտատեսակների գծով, մասնավորապես` այլ եկամուտներն աճել են 10.9%-ով (6.2 մլրդ. դրամով), պետական տուրքերը` 44%-ով (12 մլրդ. դրամով), պաշտոնական դրամաշնորհները` 30%-ով (4 մլրդ. դրամով): Արդյունքում, 2013 թվականի համեմատ, 2014 թվականին պետական բյուջեի եկամուտներում 0.47 տոկոսային կետով նվազել է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի, 0.2 տոկոսային կետով աճել այլ եկամուտների, իսկ  0.27 տոկոսային կետով պաշտոնական դրամաշնորհների տեսակարար կշիռը:

8. Պետական բյուջեի եկամուտների 93%-ն ապահովվել է հարկային եկամուտների եւ  պետական տուրքերի հաշվին, որոնք կազմել են շուրջ 1064.1 մլրդ. դրամ եւ 96.7%-ով կատարել կառավարության լիազորությունների շրջանակներում ճշտված տարեկան ծրագիրը: Նշված գումարից շուրջ 1024.8 մլրդ. դրամը կազմել են հարկային եկամուտները, իսկ 39.3 մլրդ. դրամը` պետական տուրքերը: Դիտարկելով հարկային եկամուտների եւ  պետական տուրքերի ամսական շարժը` կարելի է արձանագրել, որ 2014 թվականին հարկային եկամուտներն ունեցել են հիմնականում կայուն վարքագիծ, տարվա բոլոր ամիսներին արձանագրվել է մուտքերի աճ նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատ:

2013 թվականի համեմատ հարկային եկամուտները եւ պետական տուրքերն աճել են 6.3%-ով կամ 63.2 մլրդ. դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի եւ պետական տուրքի գծով ստացված մուտքերի աճով, ինչպես նաեւ համապատասխան օրենսդրական փոփոխություներով, մասնավորապես` նպատակային սոցիալական վճարի ներդրմամբ:

2014 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հարաբերակցության ցուցանիշը կազմել է 23.5 տոկոս` 0.27 տոկոսային կետով գերազանցելով կանխատեսված եւ 0.1 տոկոսային կետով` նախորդ տարվա համապատասխան ցուցանիշները: Հարկային սահունության գործակիցը 2014 թվականին կազմել է 1.1 (ՀՆԱ-ի աճի յուրաքանչյուր տոկոսային կետին բաժին է ընկել հարկերի 1.1 տոկոսային կետով աճ)` 2013 թվականի 2.1-ի դիմաց:

9. 2014 թվականին հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 41.4%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է շուրջ 440.4 մլրդ. դրամ: Նշված գումարից 267.7 մլրդ. դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 172.4 մլրդ. դրամը՝ ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: Նախորդ տարվա համեմատ պետական բյուջե մուտքագրված ԱԱՀ-ն աճել է 9.6%-ով կամ 38.5 մլրդ. դրամով: ԱԱՀ-ի աճի պատճառներ են հանդիսացել ներմուծման ծավալների աճը, գնաճը եւ տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացման ծավալների աճը: ԱԱՀ-ի աճի վրա ազդեցություն են ունեցել նաեւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները:

2014 թվականին պետական բյուջեի փաստացի հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 9.7%-ն ապահովվել է շահութահարկի  հաշվին` կազմելով շուրջ 103.6 մլրդ. դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 16.9%-ով կամ 21 մլրդ. դրամով: Շահութահարկի մուտքերի կրճատման պատճառ են հանդիսացել շահութահարկի հիմնական բազա հանդիսացող տնտեսության ոլորտներում, մասնավորապես` հանքագործական արդյունաբերության եւ հանքերի շահագործման ոլորտում,  արձանագրված անկման միտումները, օրենսդրական փոփոխությունները (մասնավորապես` նվազագույն շահութահարկի համակարգի վերացումը), ֆինանսավարկային գործառնությունների ծավալների նվազումը:

Հաշվետու տարում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 289.2 մլրդ. դրամ եկամտային հարկ, ապահովելով հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 27.2%-ը: նախորդ տարվա համեմատ մուտքերի աճը կազմել է 15.2% կամ 38.1 մլրդ. դրամ: Նման պատկերը հիմնականում հետեւանք է 2014 թվականի հուլիսի 1-ից պետական ծառայողների աշխատավարձի բարձրացման:

Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջե մուտքագրված մաքսատուրքը կազմել է ավելի քան 48.4 մլրդ. դրամ` ապահովելով հարկերի եւ տուրքերի 4.5%-ը: Հիմնականում ներմուծման ծավալների ավելացման հետեւանքով նախորդ տարվա համեմատ մաքսատուրքի գծով բյուջետային մուտքերն աճել են 4.5%-ով կամ շուրջ 2.1 մլրդ. դրամով:

2014 թվականին պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 4.9 մլրդ. դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 0.5%-ը: Հաշվետու տարում հաստատագրված վճարները նախորդ տարվա համեմատ նվազել են 56%-ով, ինչը պայմանավորված է գործունեության որոշ տեսակների համար պետական տուրքով հաստատագրված վճարի փոխարինմամբ:

2014 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 35.2 մլրդ. դրամ բնօգտագործման եւ բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի եւ տուրքերի 3.3%-ը: Նշված գումարից 12.1 մլրդ. դրամը կազմել են բնապահպանական վճարները, 23 մլրդ. դրամը` բնօգտագործման վճարները: Նախորդ տարվա համեմատ նշված եկամուտների գծով փոփոխություն գրեթե չի արձանագրվել:

Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 24.7 մլրդ. դրամի այլ հարկեր` կազմելով հարկերի եւ տուրքերի 2.3%-ը: Մասնավորապես` 6.7 մլրդ. դրամ են կազմել արտոնագրային վճարները, 3.5 մլրդ. դրամ` ճանապարհային վճարները, 687.9 մլն. դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 6.6 մլրդ. դրամ` ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) վճարները, 4.8 մլրդ դրամ` նպատակային սոցիալական վճարները եւ 1.3 մլրդ. դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա համեմատ այլ հարկային եկամուտներն աճել են 67.4%-ով կամ 9.9 մլրդ. դրամով, հիմնականում պայմանավորված օրենսդրական փոփոխություններով:

10. 2014 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 39.3 մլրդ. դրամ պետական տուրքեր` ապահովելով ծրագրային ցուցանիշի 100.3% կատարողական: Ընդ որում, պետական տուրքի բոլոր տեսակներն ամբողջությամբ ապահովել կամ գերազանցել են ծրագրային ցուցանիշները:

11. 2014 թվականին արտաքին աղբյուրներից տրամադրվել են շուրջ 17.3 մլրդ. դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով տարեկան ճշտված ծրագրի 68.7%-ը, այսինքն` կանխատեսվածից պակաս է ստացվել շուրջ 7.9 մլրդ. դրամ: Շեղումը հիմնականում առաջացել է նպատակային ծրագրերի կատարման աստիճանով պայմանավորված` դրամաշնորհային միջոցները չստանալու կամ նախատեսվածից պակաս ստանալու հանգամանքով, որոնց շրջանակներում ստացվել է կանխատեսված գումարի 47%-ը` կամ 7.4 մլրդ. դրամ: Նախորդ տարվա համեմատ պաշտոնական դրամաշնորհներից պետական բյուջեի մուտքերն աճել են 30%-ով կամ 4 մլրդ դրամով:

12. 2014 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 63.4 մլրդ. դրամ այլ եկամուտներ, որը կազմում է բյուջեի եկամուտների 5.5%-ը` նախորդ տարվա 5.3%-ի դիմաց: Այլ եկամուտների` կառավարության լիազորությունների շրջանակներում ճշտված ծրագրով սահմանված ցուցանիշն ապահովվել է 99.7%-ով:

ՀՀ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ

13. ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել էր 1,246.4 մլրդ. դրամ ծախսերի կատարում: Տարվա ընթացքում, հաշվի առնելով «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի եւ 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով, պետական բյուջեի ծրագրային եւ փաստացի ցուցանիշներում ներառվել են նաեւ ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաեւ առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Նշված միջոցները, ինչպես նաեւ պետական բյուջեում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքով ՀՀ կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում կատարված փոփոխությունները ներառյալ` ՀՀ պետական բյուջեի ծախսերի ծրագիրը կազմել է շուրջ 1,294.5 մլրդ. դրամ` ավելանալով 48.1 մլրդ. դրամով (3.9%-ով): Վերջինիս դիմաց փաստացի ծախսերը կազմել են 1,235.1 մլրդ. դրամ` ապահովելով պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական եւ ծրագրի 95.4% կատարողական: Շեղումը պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով (70.3%), առանց որի  ծախսերի կատարողականը կազմում է 97.9%, որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ, ինչպես նաեւ առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ:

Պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին 2014 թվականին կատարվել են 33.8 մլրդ. դրամի ծախսեր` կազմելով ծրագրի 90.5%-ը: 2014 թվականին նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ի անվանական մեծության 5.9% աճի պայմաններում ՀՀ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 8.1%-ով, ինչը հանգեցրել է ՀՆԱ-ի նկատմամբ ծախսերի հարաբերակցության աճին. այն կազմել է 27.3%` կանխատեսված 26.4%-ի եւ 2013 թվականի 26.7%-ի դիմաց:

14. ՀՀ 2014 թվականի պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը տրամադրվել է 1.101.3 մլրդ. դրամ, որը կազմում է տարեկան ծրագրի 97.3%-ը` հիմնականում պայմանավորված այլ ծախսերի եւ նպաստների ծախսերի ծրագրից շեղումներով: Հաշվետու տարում ընթացիկ ծախսերի 10.8%-ը` շուրջ 118.7 մլրդ. դրամ, տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը: Նշված ծախսերի գծով օգտագործվել է տարեկան նախատեսված միջոցների 98.6%-ը: Նախորդ տարվա համեմատ աշխատանքի վարձատրության ծախսերն ավելացել են 17.5%-ով:

15. 2014 թվականին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 133.7 մլրդ. դրամ կամ ընդհանուր ծախսերի 10.8%-ը եւ տարեկան ծրագրի 82.1%-ը: Ծրագրից շեղումը հիմնականում արձանագրվել է շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգման, շինարարության եւ այլ մեքենաների ու սարքավորումների ծախսերի գծով: 2013 թվականի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշն աճել է 4.9%-ով, ընդ որում` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն աճել են 5.9%-ով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը՝ 87.7%-ով:

2014 թվականին ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 136.7 մլրդ. դրամ, որից 119.7 մլրդ. դրամը (կամ նախատեսվածի 89.4%-ը) օգտագործվել է շենքերի եւ շինությունների ձեռքբերման, շինարարության եւ կապիտալ վերանորոգման, 13.2 մլրդ. դրամը (նախատեսվածի 46.6%-ը)` մեքենաների եւ սարքավորումների ձեռքբերման, պահպանման եւ հիմնանորոգման, 3.7 մլրդ. դրամը (նախատեսվածի 96.7%-ը)` այլ հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով: 2013 թվականի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն աճել են 7.6 մլրդ. դրամով` հիմնականում պայմանավորված շենքերի եւ շինությունների շինարարության եւ ձեռքբերման ծախսերի աճով:

16. ՀՀ 2014 թվականին պետական բյուջեից 217.3 մլրդ. դրամ է տրամադրվել ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ծախսերին` ապահովելով ծրագրի 96.5% կատարողական: 2013 թվականի համեմատ ոլորտի ծախսերն աճել են 15.5%-ով: Աճի հիմնական մասը բաժին է ընկնում պետական պարտքի սպասարկման, դրոշմապիտակների ձեռքբերման, ավելացված արժեքի հարկի վերադարձի եւ համայնքներին դոտացիաների տրամադրման գծով ծախսերին:

«Օրենսդիր եւ գործադիր մարմիններ, պետական կառավարում» դասի ծախսերը հաշվետու տարում կազմել են շուրջ 17.7 մլրդ. դրամ՝ ապահովելով նախատեսված ծախսերի 96.9%-ը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 22.7%-ով` հիմնականում պայմանավորված աշխատանքի վարձատրության ծախսերի աճով:

2014 թվականին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ պատգամավորների պահպանման համար նախատեսված միջոցներն օգտագործվել են 99.9%-ով` կազմելով շուրջ 3.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են 27%-ով` պայմանավորված աշխատանքի վարձատրության ծախսերի աճով եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ:

Հաշվետու տարում ՀՀ վերահսկիչ պալատի պահպանմանը հատկացվել է 935.1 մլն. դրամ` կազմելով ծրագրի 97.9%-ը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն ավելացել են 3.5%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է աշխատանքի վարձատրության ծախսերի աճով եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ:

Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների պահպանմանը տրամադրվել է 8.8 մլրդ. դրամ` կազմելով ծրագրի 98.7%-ը: Հատկացված միջոցներով իրականացվել է ՀՀ Նախագահի եւ կառավարության աշխատակազմերի, ինպես նաեւ մարզպետարանների պահպանումը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 26.5%-ով, հիմնականում պայմանավորված աշխատանքի վարձատրության աճով եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ:

Հաշվետու տարվա ընթացքում 837.6 մլն. դրամի սուբվենցիա է հատկացվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի պահպանմանը` ապահովելով ծրագրի 100% կատարողականը եւ 39.5%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը, ինչը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի, էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների աճով:

ՀՀ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ

17. ՀՀ 2014 թվականի պետական բյուջեն կատարվել է 90.3 մլրդ. դրամ պակասուրդով` կազմելով ճշտված ծրագրով նախատեսված` 105.7 մլրդ. դրամի 85.4%-ը: Շեղումը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարման հետ կապված վարկային միջոցները պակաս ստանալու հանգամանքով:  Նշենք, որ 2013 թվականի համեմատ պակասուրդի մեծությունն աճել է 26.2%-ով: Պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը  2014 թվականին կազմել է 2 տոկոս` կանխատեսված 2.34%-ի եւ 2013 թվականի 1.7%-ի դիմաց:

Հաշվետու տարվա ընթացքում պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են շուրջ 70 մլրդ. դրամ` նախատեսված 63.8 մլրդ. դրամի դիմաց:

2014 թվականին պետական բյուջեի պակասուրդն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվել է 20.3 մլրդ. դրամով` կազմելով ծրագրված ցուցանիշի 48.6%-ը: Արտաքին փոխառու միջոցներից բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը կազմել է 68.8 մլրդ. դրամ կամ նախատեսվածի 81.3%-ը, որը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի համար ստացված վարկերի ծավալով:

Տարվա ընթացքում արտաքին աղբյուրներից ստացվել են 106.7 մլրդ. դրամի վարկային միջոցներ` ծրագրվածի 87%-ը: Նշված գումարից 68.7 մլրդ. դրամը ստացվել է նպատակային վարկային ծրագրերի շրջանակներում` նախատեսված 84.6 մլրդ. դրամի դիմաց:

Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է շուրջ 38 մլրդ. դրամ:

18. 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 1,797.9 մլրդ. դրամ (3,785.2 մլն. ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 39.7%-ը` 2013 թվականի 1,581.6 մլրդ. դրամի (3,899.1 մլն. ԱՄՆ դոլարի) եւ 37.0%-ի դիմաց: Պարտքի հիմնական մասը` 3,345.3 մլն. ԱՄՆ դոլարը ՀՀ կառավարության պարտավորություններն են, 440.0 մլն. ԱՄՆ դոլարը` Կենտրոնական բանկի վարկային պարտավորությունները: Հաշվետու տարում ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկումը կազմել է 266.0 մլն. ԱՄՆ դոլար, որից 162.7 մլն. ԱՄՆ դոլարը` կառավարության եւ 103.3 մլն. դոլարը` ԿԲ պարտավորությունների գծով:

 Արտահանման նկատմամբ արտաքին պետական պարտքի սպասարկման հարաբերակցությունը կազմել է 8.1 տոկոս` նախորդ տարվա 14.5%-ի դիմաց, իսկ պետական բյուջեի եկամուտների նկատմամբ 9.7 տոկոս` նախորդ տարվա 15.5 %-ի դիմաց:

2014 թվականի վերջի դրությամբ արտաքին պետական պարտքի զուտ ներկա արժեքի ցուցանիշը (ԶՆԱ) նվազել է` 2013 թվականի 3740.8 մլն. ԱՄՆ դոլարի դիմաց կազմելով 2981.4 մլն. ԱՄՆ դոլար, նվազել է նաեւ ԶՆԱ/ՀՆԱ հարաբերակցությունը` 2013 թվականի 35.9%-ի դիմաց կազմելով 27.4%, ինչպես նաեւ ԶՆԱ/արտահանում ցուցանիշը` 2013 թվականի 136.8%-ից հասնելով 90.5%-ի:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ                                                                                                  Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ   

25.05.2015թ.