ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-773-4.05.2015-ՏՀ-010/0) վերաբերյալ 
 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մ. Մելքումյանի եւ Ն. Զոհրաբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածն ամբողջությամբ վերաշարադրել եւ, գործող՝ տարեկան հաշվետվությանը զուգահեռ, օրենքով սահմանել նաեւ կիսամյակային հաշվետվություններ, ինչպես նաեւ սահմանել տարեկան եւ կիսամյակային հաշվետվություններում ներառվող տեղեկատվությանը ներկայացվող պահանջներ։ Այս փոփոխության նպատակը, ըստ Նախագծի հեղինակների, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)՝ ՀՀ ԱԺ-ում հաշվետվողականության եւ ԱԺ վերահսկողական գործառույթների արդյունավետության բարելավումն է, որի ուղղությամբ առաջարկված մոտեցումը մասամբ, բայց կարող է ապահովել: 

Խնդիրը կայանում է նրանում, որ Նախագծով առաջարկվող` Օրենքի նոր 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ. «Յուրաքանչյուր կիսամյակ` մինչեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նստաշրջանի ավարտը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում հաշվետվություն,...», սակայն չի հստակեցվում, թե ի՞նչ է կատարվում հետագայում այդ հաշվետվության հետ: Նման պարագայում, կիսամյակային հաշվետվությունների մասով, խոսքը գնում է ոչ այնքան հաշվետվողականության, որքան տեղեկատվության տրամադրման գործառույթի մասին:

Բացի այդ, նշված նոր 14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ. «Յուրաքանչյուր տարի` մինչեւ մայիսի 1-ը, հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը, ...», սակայն չի նշվում, թե որտե՞ղ եւ ի՞նչ ձեւով պետք է կատարվի այդ հրապարակումը (Օրենքի գործող հոդվածով գոնե նշված է, որ Հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը հրապարակվում է մամուլում): Այս կապակցությամբ, կարծում ենք, որ Հանձնաժողովի հաշվետվողականության մակարդակի բարձրացման եւ ԱԺ-ի կողմից վերահսկողական գործառույթների բարելավման նպատակով անհրաժեշտ է գոնե որդեգրել այն մոտեցումը, որը կիրառվում է տարբեր անկախ մարմինների (Վերահսկիչ պալատ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով եւ այլն) մասով, այն է` սահմանել, որ Հանձնաժողովի տարեկան գործունեության հաշվետվությունը հրապարակվում է ՀՀ Ազգային ժողովում:

         

ՀՀ ԱԺ աշխատակազմի  
 տնտեսագիտական վարչության պետ`                                                                          Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

19.05.2015թ.