Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է վերացնել 1998 թվականին ընդունված «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում ի հայտ եկած տեխնիկական թերություններն ու անճշտությունները, ինչպես նաեւ բարելավել այս վճարների գծով հարկային վարչարարությունը, այդ թվում` հանելով անհատ ձեռնարկատերերի համար շահութահարկի հաշվարկ ներկայացնելու պարտավորությունը, հնարավորություն ստեղծելով գործունեություն սկսելու հայտարարությունը, գործունեության դադարեցման եւ վերսկսման դիմումները, տեղեկությունները հարկային մարմին ներկայացնել նաեւ էլեկտրոնային եղանակով, 5 օրով երկարացնելով հաստատագրված վճարի վճարման ժամկետը, որոշ չափով խստացնելով ստվերային գործունեության համար պատասխանատվությունը եւ այլն:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ
20.05.2015թ.