«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ Կ-784-13-05.2015-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է լուծել որոշակի խնդիրներ, որոնք առաջացել են օրենսգրքի կիրառման ընթացքում, ինչպես նաեւ հստակեցվում է օրենսգրքի ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման տեղիք տվող առանձին նորմերը եւ համապատասխանեցվում է Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի եւ ԱՄԿ կոնվեցիաների պահանջներին: Մասնավորապես, Նախագծով հստակեցվում են՝ աշխատանքային պայմանագրով կարգավորվող հարաբերությունները, աշխատավարձի փոփոխման վերաբերյալ աշխատողներին տրվող ծանուցումների կարգն ու ժամկետները, սահմանվում են մինչեւ տասնչորս տարեկան անձանց աշխատանքային գործունեության թույլատրելի ոլորտները եւ ամրագրվում է մինչեւ 18 տարեկան անձանց, հղի եւ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքային հարաբերությունների ընթացքում պարբերական բժշկական զննության անցնելու պահանջը, աշխատանքային հարաբերությունների ծագման իրավական հիմքերը եւ այլն:
Նախագծի ընդունումը եւ դրա պրակտիկ կիրառումը կարող է դրական ազդեցություն ունենալ սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման գործում:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի առաջատար մասնագետ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
01.06.2015թ.