ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-814-11.06.2015-ՏՀ-010/0)  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է լուծել հետեւյալ խնդիրները`

ա) անցած 4 տարիների ընթացքում աճել են որոշ ենթաակցիզային ապրանքների գները եւ անհրաժեշտություն է առաջացել գների աճով պայմանավորված ինդեքսավորել այդ ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը, 

բ) անհրաժեշտ է ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար Հայաստանի Հանրապետությունում սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը մոտեցնել ԵՏՄ անդամ մյուս պետություններում սահմանված դրույքաչափերին, որպեսզի անցումը լինի սահուն, 

գ) որպես տրանսպորտային միջոցների վառելիք օգտագործվող ապրանքների համար գործող օրենսդրությամբ սահմանված են ակցիզային հարկով հարկման տարբերակված մոտեցումներ: Մասնավորապես, գործող օրենսդրության համաձայն, ակցիզային հարկով հարկվող ապրանքներ են համարվում բենզինը եւ դիզելային վառելիքը, իսկ որպես տրանսպորտային միջոցների վառելիք օգտագործվող սեղմված բնական գազը ակցիզային հարկով չի հարկվում, ինչը միեւնույն նշանակություն ունեցող ապրանքները հարկման միատեսակ մոտեցումներով հարկելու տեսանկյունից, ըստ ՀՀ կառավարության, արդարացված չէ:

Այս կապակցությամբ նախատեսվում է վերանայել (բարձրացնել) ենթաակցիզային որոշ ապրանքների (ալկոհոլային խմիչքների, բենզինի եւ դիզելային վառելիքի ու ծխախոտային արտադրանքի) համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչպես նաեւ ընդլայնել ենթաակցիզային ապրանքների ցանկը (դրանում ներառելով տրանսպորտային միջոցներում որպես վառելիք օգտագործվող սեղմված բնական գազը):

Նախագիծն ակնհայտորեն ֆիսկալ նպատակներ է հետապնդում, իսկ դրա ընդունման արդյունքում 2016 թվականի հունվարի 1-ից նշված ապրանքների գները, բնականաբար, կաճեն, իսկ մյուս կողմից`հարկ է նշել, որ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումն արդեն իսկ նշանակում է գների նոր աճի պոտենցիալի ստեղծում (ինչն էլ նորից կարող է հիմք դառնալ տվյալ ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնելու համար, եւ այսպես շարունակ), իսկ ինչ վերաբերում է ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ՀՀ-ում սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը ԵՏՄ անդամ մյուս պետություններում սահմանված դրույքաչափերին մոտեցնելու անհրաժեշտությանը, ապա տվյալ դեպքում, կարծում ենք, հաշվի չի առնված ԵՏՄ անդամ մյուս պետություններում բնակչության եկամուտների եւ ՀՀ բնակչության եկամուտների մակարդակների տարբերությունը: 
  
  
  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական 
վարչության տնտեսական փորձաքննության 
բաժնի վարիչ`                                                                                         Գ.  ԿԻՐԱԿՈՍՅԱՆ    
  
 

18.06.2015թ.