ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-819-12.06.2015-ՖՎ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերում «պետական» բառը փոխարինել «կառավարության» բառով, որի արդյունքում այս օրենքով սահմանված պետական պարտքի առավելագույն թույլատրելի սահմանաչափը մեխանիկորեն կփոխվի, պետական պարտքի առավելագույն սահմանաչափի հետ կապված կառաջանա անորոշ վիճակ եւ հնարավորություն կստեղծվի լրացուցիչ պարտքեր կուտակել:
Խնդիրը կայանում է նրանում, որ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված է, որ. «Պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը:
Եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 տոկոսը:»:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ. «Oրենքի 5-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված սահմանափակումները վերաբերում են պետական պարտքին, մինչդեռ կարգավորումներն առնչվում են բյուջետային գործընթացին: Պետական բյուջեի դեֆիցիտի առավելագույն սահմանաչափի նախատեսմամբ կարելի է կարգավորել միայն կառավարության կողմից պարտքային նոր պարտավորությունների ներգրավման հնարավորությունը:», ինչի հետ, կարծում ենք, չի կարելի համաձայնել, քանի որ`
ա) 5-րդ հոդվածն ամբողջությամբ վերաբերում է պետական պարտքին, իսկ վերջինս էլ, նույն հոդվածի 1-ին մասի համաձայն. «...կառավարության պարտքի եւ Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է:»,
բ) 6-րդ մասով ամրագրված սահմանափակումը վերաբերում է պետական պարտքին, իսկ առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում անհայտ կմնա, թե ո՞րն է լինելու պետական պարտքի առավելագույն թույլատրելի սահմանաչափը,
գ) 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված կարգավորումներն առնչվում են բյուջետային գործընթացին այնքանով, որքանով բխում են 5-րդ հոդվածի 6-րդ մասի սահմանափակումից, եւ դա որեւէ հիմք չի տալիս «պետական պարտք» լայն հասկացությունը մեխանիկորեն «կառավարության պարտք» ավելի նեղ հասկացության վերածելու համար,
դ) հիմնավորման այն նախադասությունը, ըստ որի. «Պետական բյուջեի դեֆիցիտի առավելագույն սահմանաչափի նախատեսմամբ կարելի է կարգավորել միայն կառավարության կողմից պարտքային նոր պարտավորությունների ներգրավման հնարավորությունը:», դեռեւս չի նշանակում, որ ՀՀ կենտրոնական բանկը կարող է չպահպանել «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումները,
ե) ի վերջո, պետական պարտքի համար սահմանված առավելագույն թույլատրելի սահմանաչափի պահպանումը ոչ միայն ՀՀ կառավարության, այլեւ ՀՀ կենտրոնական բանկի խնդիրն է, որոնց ձեւավորված պարտքային պարտավորությունները միասին արտացոլվում են ՀՀ պետական բյուջեում:
Այսինքն, առաջարկվող փոփոխությամբ պետական պարտքի առավելագույն սահմանաչափի հետ կապված կառաջանա անորոշություն, ինչը հնարավորություն կտա կառավարությանը ֆորմալ առումով չխախտել այդ սահմանափակումը, ավելացնել իր կողմից ձեւավորվող պարտքի ծավալը, սակայն վերջին հաշվով, ՀՀ կենտրոնական բանկի պարտքի հետ միասին հանրագումարի բերելով, գործնականում կարող է ստացվել այնպես, որ պետական պարտքի ընդհանուր ծավալը կգերազանցի արդեն նախկին սահմանաչափը, որն էլ համապատասխանում է տնտեսական անվտանգության միջազգայնորեն ընդունված չափանիշին:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ
16.06.2015թ.