Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վ. Այվազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է էականորեն նվազեցնել երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտներից գանձվող շրջանառության հարկի դրույքաչափը, այն սահմանելով հարկվող օբյեկտի նկատմամբ 1.5 տոկոս, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար` 1.0 տոկոս, որը կապված է այն հանգամանքի հետ, որ երկրորդային հումքի ձեռք բերման ժամանակ գրեթե անհնար է ապահովել ծախսերի երկկողմանի հաստատված փաստաթղթավորում, իսկ լրացման նպատակն էլ կայանում է երկրորդային հումքի վերամշակման գործընթացը խրախուսելու մեջ:
Տվյալ Նախագծի ընդունումը, կարծում ենք, միանգամայն դրական ազդեցություն կարող է ունենալ գործարար միջավայրի վրա, սակայն Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է, որ տվյալ հարկային արտոնությունը պետք է գործի մինչեւ 2018թ. դեկտեմբերի 31-ը: Երկրորդային հումքի թեկուզ միակողմանի փաստաթղթավորված իրացման ու դրա օգտագործման խրախուսման գործընթացի առումով, կարծում ենք, եռամյա ժամկետը բավականին քիչ է, եւ նպատակահարմար կլիներ այս արտոնությունը տրամադրել անժամկետ` մինչեւ երկրորդային հումքի իրացման գործընթացի պատշաճ փաստաթղթավորման հնարավորությունների ստեղծումը:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ
01.10.2015թ.