«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-863-5.10.2015-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է եւս մեկ տարով երկարաձգել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի գործողության ժամկետը: Խնդիրը կայանում է նրանում, որ այդ հոդվածի փոփոխությամբ պայմանավորված` ՀՀ պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման ժամանակ հիմք էին ընդունվելու բնակչության կենտրոնական ռեգիստրի վարման եւ տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ներկայացված` հաշվարկվող տարվան նախորդող բյուջետային տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետության հաշվառված բնակչության թիվը` ըստ համայնքների: Մինչ այդ` համայնքների դոտացիայի հաշվարկման ժամանակ հիմք էր ընդունվում Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական մարմինների կողմից ներկայացված` նախորդ բյուջետային տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետության մշտական բնակչության թիվը` ըստ համայնքների: Սակայն, վերոնշյալ օրենքի պահանջի համաձայն ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված թվերը որոշակիորեն տարբերվում են ՀՀ պետական վիճակագրական մարմինների կողմից ներկայացված թվերից, եւ անճշտություններից խուսափելու առաջարկվում եւս մեկ տարի կիրառել հին մոտեցումը:
Նախագծի ընդունումը կարող է ապահովել նշված խնդրի լուծումը, որը, սակայն ժամանակավոր բնույթ ունի:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի վարիչ Գ. Կիրակոսյան
23.10.2015թ.