Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքների նախագծերի սույն փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծերի սույն փաթեթով առաջարկվում է հնարավորինս պարզեցնել հարկ վճարողների կողմից պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների կատարման գործընթացը: Այդ նպատակով առաջարկվում է հարկային պարտավորությունների վճարման համար ներկայումս գործող բազմաթիվ գանձապետական հաշիվների փոխարեն բացել գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային մեկ ենթահաշիվ (այսուհետ` միասնական հաշիվ), որի դեպքում, ըստ ՀՀ կառավարության, կկարգավորվեն մի շարք խնդիրներ, մասնավորապես`
- կբացառվի մեկ հարկատեսակի գծով նախատեսված հաշվի փոխարեն այլ հարկատեսակի համար նախատեսված հաշվին սխալ վճարում կատարելը,
- սխալ վճարումների հետեւանքով տույժեր այլեւս չեն հաշվարկվի,
- կվերանա մեկ հարկատեսակից այլ հարկատեսակին հաշվանցում կատարելու եւ դրանից բխող անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը,
- կկրճատվեն հարկ վճարողների կողմից վճարված գումարների հաշվանցման եւ վերադարձման գործող ընթացակարգերը եւ դրանց համապատասխան պահանջվող թղթատարությունը,
- կվերանա հարկ վճարողների մոտ «գերավճարներ» կուտակվելու հնարավորությունը,
- կկրճատվի հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկների քանակը (հանվում է ակցիզային հարկի հաշվարկ ներկայացնելու պահանջը),
- եկամտային հարկի եւ արտոնագրային վճարների գծով ամսական վճարումները կդառնան տարեկան, իսկ հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների գծով պահված (գանձված) շահութահարկի գումարների ամսական վճարումները կդառնան կիսամյակային,
- բոլոր հարկատեսակների եւ վճարների գծով նույնականացվում են հարկային հաշվարկների ներկայացման եւ հարկային պարտավորությունների վճարման ժամկետները,
- հստակեցվում եւ պարզեցվում է հարկ վճարողների պարտավորությունների մարման մեխանիզմը,
- ԱԱՀ-ով հարկման ժամանակաշրջանում կուտակած դեբետային մնացորդները հարկ վճարողները կարող են օգտագործել նաեւ հարկման այլ դաշտում գտնվելու դեպքում,
- հանվել են տուգանքների օրենքով սահմանված ժամկետներում չվճարման դեպքում դրանց կրկնապատկման դրույթները եւ այն:
Ընդհանուր առմամբ նախագծերի սույն փաթեթն ունի հիմնավորվածության եւ մշակվածության պատշաճ մակարդակ, սակայն առկա են նաեւ որոշ թերություններ, մասնավորապես`
1. Նախագծերի փաթեթում ընդգրկված «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 8-րդ հոդվածով նախատեսված` Օրենքի 33-րդ հոդվածի նոր խմբագրության 1-ին մասում սահմանվում է, որ. «Միասնական հաշվում առկա գումարները ենթակա են վերադարձման հարկային մարմին ներկայացված հարկ վճարողի դիմումի հիման վրա, այն ստանալուց հետո 20 օրվա ընթացքում», այն դեպքում` երբ միասնական հաշվում առկա գումարները հանդիսանում են հարկ վճարողի սեփականությունը (քանի որ դրանցից հարկերի գծով վճարումներ դեռ չեն կատարվել) եւ նա ազատ է տնօրինելու դրանք: Հետեւաբար` այս դրույթը սահմանափակում է հարկ վճարողի սեփականության իրավունքը, ուստի անհրաժեշտ է այն հանել:
2. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հավելված 1-ի 1-ին մասի 2-րդ կետով «միասնական հաշիվ» հասկացությունը սահմանվում է որպես. «վճարողների պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ», որտեղ «ավանդային» բառը տարընթերցումների տեղիք կարող է տալ, քանի որ այդ ենթահաշվի միջոցների համար տոկոսներ չեն հաշվարկվում (այս կապակցությամբ անհրաժեշտ է խմբագրել տվյալ սահմանումը):
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ
12.11.2015թ.