ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-927-29.12.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է հանել կանխիկ դրամով վճարումների ընդունման սահմանափակումներն օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների դեպքում` եթե դրանց մասով օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս է գրվում ԱԱՀ-ի վերադարձի հաշիվ: Առաջարկվող լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս գործող օրենսդրության պահանջները հնարավորություն չեն տալիս օտարերկրյա քաղաքացիներին 300 հազար դրամը գերազանցող գնումների դեպքում վճարել կանխիկ եղանակով, ինչը որոշակիորեն սահմանափակում է վերջիններիս կողմից հանրապետությունում կատավող գնումների ծավալների աճը:
Նախագիծը կարող լուծել դրանով հետապնդվող միակ խնդիրը, որի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի վարիչ` Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
25.01.2016թ.