ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-928-29.12.2015-ՏՀ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9281-29.12.2015-ՏՀ-010/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9282-29.12.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթով նախատեսվում է օրենսդրական հիմքեր ձեւավորել  ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների ոլորտի անվտանգությունն ու սպասարկման որակը բարձրացնելու համար, կատարելագործել միջմարզային (միջքաղաքային), ներմարզային եւ ներքաղաքային տրանսպորտային համակարգերի կառավարման գործընթացը, կանոնակարգել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների գործունեությունը եւ սահմանել դրա իրականացման հստակ պահանջներ, հստակեցնել եւ խստացնել ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող փոխադրումների պահանջների խախտման համար վարչական պատասխանատվությունը, սահմանել նոր պետական տուրքեր` միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացման թույլտվության համար (առանձնացնելով դեպի Վրաստան ուղեւորափոխադրումները, որոնց համար պետական տուրքի դրույքաչափերը 3 անգամ ավելի ցածր են սահմանվում), ինչպես նաեւ հստակեցնել ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչական վերահսկողությունը:

Այս նպատակով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները հիմնականում կարող են ապահովել դրված խնդիրների լուծումը, սակայն կցանկանայինք ուշադրություն հրավիրել հետեւյալ հանգամանքի վրա. Նախագծերի փաթեթի մեջ ընդգրկված` «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 10-րդ հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 2-րդ մասը (ըստ որի. «Ավտոմոբիլային տրանսպորտով տարբեր տեսակի բեռների փոխադրումների կազմակերպմանը ներկայացվող պայմանները սահմանվում են ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպման կարգով, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»), իսկ Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը (ըստ որի. «Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական պատրաստականության ապահովման համար սպասարկումներ եւ նորոգումներ իրականացնող կազմակերպությունների արտադրական բազաները պետք է համապատասխանեն սպասարկվող ավտոտրանսպորտային միջոցների դասերին, իսկ սպասարկումների ու նորոգումների գործունեություն իրականացնող պատասխանատու աշխատողներն ունենան համապատասխան մասնագիտական որակավորում:»): Խնդիրը կայանում է նրանում, որ ուժը կորցրած ճանաչելով այս դրույթները (որոնց վերացման առումով Նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ ըստ էության ոչինչ նշված չէ), այդ պահանջների մասով որեւէ այլ իրավակարգավորում չի սահմանվում, իսկ օրենքով սահմանված պահանջների վերացումը (որքան էլ դրանք վարչական վերահսկողության տեսանկյունից ծախսատար կամ դժվար իրականացվող լինեն) ոչ միայն չի հստակեցնում տվյալ բնագավառի կարգավորման օրենսդրական հիմքերը եւ վարչական վերահսկողությունը, այլեւ ավելի է մեծացնում այդ հարցերում անորոշությունը եւ, ի վերջո, նվազեցնում է ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների ոլորտի անվտանգության ու սպասարկման որակի մակարդակները:





ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության պետ`                         Ա. Թամազյան    

25.01.2016թ.