ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-932-11.01.2016-ԳԲ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


  
  

 Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է հստակեցնել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) տեղ գտած որոշ դրույթներ եւ վերացնել իրավական այլ ակտերի հետ ունեցած հակասությունները, ներմուծել հողերի օտարման հետ կապված նոր դրույթներ եւ հստակեցնել հողերը մրցույթով եւ աճուրդով օտարելու հետ կապված դրույթները: Սակայն, Նախագծով առաջարկվող ոչ բոլոր մոտեցումներն են, որ կարող են լուծել դրանով հետապնդվող խնդիրները, ավելին` որոշ դրույթներ, մեր կարծիքով, նոր խնդիրներ կարող են առաջացնել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման գործընթացում: Մասնավորապես.

2.1 Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 63-րդ հոդվածը լրացնել նոր մասով, սահմանելով, որ պետության եւ համայնքների սեփականության հողամասերը կարող են օտարվել նաեւ փոխանակության միջոցով, ինչը միանգամայն նորմալ է (ընդ որում` այս հոդվածի երկրորդ պարբերության «Պետության» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «եւ համայնքների» բառերը` հոդվածի վերնագրի եւ 1-ին պարբերության հետ այս պարբերությունը համապատասխանեցնելու նպատակով, ինչը բացակայում է Նախագծում): Սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ հողամասերի փոխանակությունը բավականին բարդ գործընթաց է, որի շրջանակներում անհրաժեշտ է որոշել փոխանակվող հողամասերի համարժեքությունը` կախված այդ հողամասերի մակերեսից, հողի նպատակային նշանակությունից, դրանց բերրիության մակարդակներից եւ այլն, իսկ այս հարցերի վերաբերյալ կարգավորումները ոչ միայն տեղ չեն գտել Օրենսգրքում, այլեւ չեն նախատեսվում նաեւ տվյալ Նախագծով: Ուստի, մեր կարծիքով, անհրաժեշտ է համապատասխան կարգավորումները (առանձին հոդվածի կամ գլխի տեսքով) ավելացնել Օրենսգրքում, կամ գոնե հղում կատարել այն որոշման վրա, որով սահմանված են տվյալ կարգավորումները եւ որի մասին հիշատակված է Նախագծի հիմնավորման մեջ (թեեւ այս պարագայում կստացվի, որ հողերի օտարման երեք` սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու, ուղղակի վաճառքի եւ աճուրդի ձեւերը կանոնակարգվում են Օրենսգրքով, իսկ չորրորդ` փոխանակման ձեւը` կառավարության որոշմամբ, ինչն այնքան էլ ճիշտ մոտեցում չի լինի):

2.2 Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել, որ. «մեկ հայտով հողմասերի աճուրդը կայացած է համարվում՝ կրճատելու համար գործող գործընթացը, դրանով նաեւ՝ հողի տրամադրողի եւ գնորդի կողմից չհիմնավորված ծախսերը եւ ժամանակը», ընդ որում` նույն մոտեցումն առաջարկվում է կիրառել նաեւ Օրենսգրքի 79-րդ հոդվածում` հողամասերի օտարման մրցույթների հետ կապված` առաջարկելով մրցույթը կայացած համարել, եթե դրանց ներկայացվել է թեկուզ մեկ հայտ: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ մեկ հայտով աճուրդ կամ մրցույթ անցկացնելու դեպքում մենք գործ կունենանք ոչ թե աճուրդի կամ մրցույթի, այլ հողամասի ուղղակի վաճառքի հետ` իմաստազրկելով աճուրդի (մրցույթի) գաղափարը, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկեր կառաջանան (երկրորդ մասնակցի մասնակցությունը խոչնդոտելու, հողամասի արժեքն արհեստականորեն նվազեցնելու եւ այլնի հետ կապված): Այս կապակցությամբ, ընդունելով նաեւ Նախագծի հիմնավորման մեջ բերված փաստարկները` կապված ժամանակի եւ ռեսուրսների ավելորդ ծախսի հետ, առաջարկում ենք քննարկել այն տարբերակը, ըստ որի առաջին անգամ մրցույթը (աճուրդը) մեկ մասնակցի դիմելու հիմքով չկայացած ճանաչվելու դեպքում անցկացնել ոչ թե կրկնակի մրցույթ (աճուրդ), այլ որոշակի ժամկետով (օրինակ` 10 օրով) երկարացնել մրցույթին (աճուրդին) մասնակցելու համար դիմելու ժամկետը, իսկ դրա արդյունքում էլ մրցույթը չկայանալու դեպքում` կիրառել ուղղակի վաճառքի մեթոդը:

2.3  Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 77-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանել, որ. «Մրցույթում լավագույն պայմանները ճանաչելու եւ մրցույթի մասնակիցների կողմից մրցութային պայմանների բավարարման աստիճանը գնահատելու նպատակով համայնքի ղեկավարը սահմանում է մրցութային  պայմանները միասնական կշռային գործակցով գնահատման մեթոդ:»: Այս կապակցությամբ մի քանի հարցեր են առաջանում, մասնավորապես`

ա) Նախագիծը չի հստակեցնում, թե ի՞նչ է նշանակում «մրցութային  պայմանների միասնական կշռային գործակցով գնահատման մեթոդ», ինչը բավականին տարածական եւ մեկնաբանելի արտահայտություն է,

բ) անհայտ է մնում, թե այդ մեթոդը մե՞կ անգամ է սահմանվելու, թե՞ յուրաքանչյուր մրցույթի համար կարող է սահմանվել նոր մեթոդ: Այն դեպքում, երբ տվյալ մեթոդը սահմանվելու է ամեն մի մրցույթի համար, ապա այդ դեպքում կարող են ի հայտ գալ կոռուպցիոն ռիսկեր, իսկ տվյալ մոտեցումն էլ չի կարող «մեթոդ» կոչվել, քանի որ մեթոդը հենց այն գործիքն է, որը սահմանվում է մեկ անգամ` նմանատիպ հարաբերությունները միասնական հիմքով եւ եղանակներով կարգավորելու նպատակով, իսկ եթե խոսքը գնում է տվյալ մեթոդը մեկ անգամ սահմանելու եւ միասնական ձեւով բոլոր մրցույթների ժամանակ կիրառելու մասին, ապա այդ մեթոդը ճիշտ կլինի սահմանել Օրենսգրքով` ամբողջ հանրապետությունում միսանական կիրառելու նպատակով, այլ ոչ թե յուրաքանչյուր համայնքին հնարավորություն տալ` իր համար սահմանելու «ցանկալի» մեթոդ,

գ) համաձայն առաջարկվող լրացման` գնահատման այս մեթոդը սահմանվում է «Մրցույթում լավագույն պայմանները ճանաչելու եւ մրցույթի մասնակիցների կողմից մրցութային պայմանների բավարարման աստիճանը գնահատելու նպատակով...», այսինքն` տվյալ մեթոդն իր մեջ պետք է պարունակի նաեւ մրցույթում լավագույն պայմանները ճանաչելու բաղադրիչը, այն դեպքում, երբ Օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն. «մրցույթում հաղթած է համարվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը:», որին Նախագծի 6-րդ հոդվածով ավելացվում է նաեւ «եւ կշռային գործակիցներով բարձր միավորներ հավաքած» մասնակցի բաղադրիչը (այսինքն` ստացվում է, որ ամեն դեպքում հանձնաժողովը պետք է առանձին որոշում կայացնի մրցույթում լավագույն պայմանները ճանաչելու մասով):

2.4 Նախագծի 6-րդ հոդվածով, ինչպես արդեն նշվեց, առաջարկվում է Օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերության «մրցույթում հաղթած է համարվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը:» չափանիշին ավելացնել նաեւ «եւ կշռային գործակիցներով բարձր միավորներ հավաքած» մասնակցի չափանիշը` «եւ» շաղկապով: Այսինքն, համաձայն այս լրացման, որպեսզի մասնակիցը համարվի մրցույթի հաղթող, անհրաժեշտ է լինելու, որպեսզի մրցութային հանձնաժողովը կայացնի որոշում` նրա կողմից «լավագույն պայմաններ առաջարկած» լինելու մասով եւ միաժամանակ առաջարկվող մեթոդով գնահատելու արդյունքում նույն մասնակիցը պետք է հավաքի «բարձր միավորներ» (թեեւ «բարձր միավորներ» արտահայտությունը խիստ հարաբերական բնույթ ունի, գոնե անհրաժեշտ էր ամրագրել «ամենաբարձր միավորներ» բառակապակցությունը): Այս պարագայում անհայտ է մնում, թե ի՞նչ պետք է տեղի ունենա, եթե, օրինակ, լավագույն պայմաններն առաջարկած լինի մեկ մասնակից, իսկ ամենաբարձր միավորներ հավաքած լինի մեկ այլ մասնակից (ինչը միանգամայն հնարավոր է, առավել եւս` եթե յուրաքանչյուր մրցույթի համար գնահատման առանձին մեթոդ սահմանվի), իսկ այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու լինի մեկ մասնակից (ինչն առաջարկվում է սահմանել տվյալ Նախագծով), ապա իմպերատիվ ձեւով եւ առանց բացառությունների պարտադրվող այս մեթոդի կիրառումն ուղղակի ավելորդ կլինի: 
  
  
 


ՀՀ ԱԺ   աշխատակազմի                                                                                             տնտեսագիտական վարչության
պետ`                                                                   Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

01.02.2016թ.