ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-933-12.01.2016-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


 

  
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տ. Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  47-րդ հոդվածի պահանջներին: 

2. Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում գործող բոլոր հեռուստաընկերություններին պարտադրել, որպեսզի նրանք Հայաստանի Հանրապետության տարածքում եթերով հեռարձակվող կինոֆիլմերը ցուցադրեն հայերեն լեզվով, իսկ այս սահմանափակումը խախտողների նկատմամբ կիրառել տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: Տվյալ առաջարկությունը Նախագծի հեղինակը հիմնավորում է մայրենի, պետական լեզվի` պահպանության եւ զարգացման անհրաժեշտությամբ, քանի որ. «Օտար լեզվով ֆիլմերի դիտումն ինքնին առաջացնում է օտարալեզու մտածողություն եւ տարիների ընթացքում առաջացնում է մարդկանց մոտ նախապատվություն օտար լեզվի նկատմամբ:»: 

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ տվյալ Նախագծի ընդունմամբ դրված խնդիրը ըստ էության չի կարող լուծվել, քանի որ բացի կինոֆիլմերից հեռուստաընկերությունները օտար լեզուներով ցուցադրում են նաեւ մի շարք այլ հաղորդումներ (համերգներ, գիտահանրամատչելի հաղորդումներ եւ այլն), իսկ օտար լեզվի օգտագործումն էլ չի սահմանափակվում միայն հեռուստաընկերություններով (օտար լեզվով ցանկացած տեղեկատվություն հասանելի է նաեւ ռադիոյով, մամուլով, համացանցով եւ այլն): Այսինքն, տվյալ Նախագծի ընդունումը, ինքնին, չի կարող վերացնել «օտար լեզվի նկատմամբ նախապատվության» հակումը, եթե նույնիսկ վերանանք այն հանգամանքից, որ օտարալեզու մտածողության ձեւավորումը պայմանավորված չէ բացառապես օտար լեզվով կինոֆիլմերի ցուցադրությամբ: Փոխարենը, տվյալ Նախագծի ընդունումը մի քանի խնդիրներ կարող են առաջացնել, ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ իրավական բնույթի, մասնավորապես`

ա) հեռուսատաընկերություները կզրկվեն կինոֆիլմերի ցուցադրության բազմազանության առկա հնարավորություններից, քանի որ հայրենական կինոարտադրությունը ներկայումս ի վիճակի չէ ապահովել հայերեն լեզվով կինոֆիլմերի արտադրության այնպիսի ծավալներ, որը հնարավորություն կտա լրացնել հեռուստաընկերությունների համապատասխան եթերաժամանակը եւ խուսափել նույն ֆիլմերի անընդհատ կրկնություններից: Արդյունքում, կսահմանափակվեն հեռուստաընկերություների կողմից գովազդ տեղադրելու հնարավորությունները, ինչն էլ բացասական ազդեցություն կունենա նրանց ֆինանսական վիճակի վրա,

բ) Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 1.1-րդ կետով. «Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր հեռուստաընկերությունները Հայաստանի Հանրապետության տարածքում եթերով հեռարձակվող կինոֆիլմերը պարտավոր են ցուցադրել պետական հայերեն լեզվով:», սակայն Օրենքում ընդհանրապես չի օգտագործվում «կինոֆիլմ» հասկացությունը: Կինոֆիլմերը եւ հեռուստատեսային արտադրանքի մյուս բոլոր տեսակները ներառված են «հեռուստառադիոհաղորդում» հսսկացության մեջ, ըստ որի այն. «հեռուստատեսությամբ կամ ռադիոյով տարածվող պատկերներ եւ (կամ) հնչյուններ եւ (կամ) այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման կամ ամրագրված սահմանափակ տեւողությամբ նյութ, որը բովանդակության եւ կազմակերպչական իմաստով ինքնուրույն եւ ավարտուն է, համարվում է հեղինակային եւ (կամ) հարակից իրավունքի օբյեկտ.» (այս կապակցությամբ անհրաժեշտ է գոնե առանձնացնել «կինոֆիլմ» հասկացությունը, իսկ լեզվի իմաստով էլ օգտագործել «պետական լեզու» կամ «հայերեն լեզու» բառակապակցությունները),

գ) տվյալ մոտեցումը հակասության մեջ է մտնում հեռուստաընկերությունների կողմից հեռուստահաղորդումների վերահեռարձակման իրավունքի հետ, որի իրականացման ժամանակ այդ ընկերությունները չեն կարող փոխել հեռուստաարտադրանքի լեզուն,

դ) տվյալ մոտեցումը հակասության մեջ է մտնում նաեւ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հետ, ըստ որոնց.

«1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը: Հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունն արգելվում է:

2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատ ընդունելու հեռուստառադիոհաղորդումներ եւ լրացուցիչ տեղեկատվություն, ներառյալ` արբանյակային, կաբելային (մալուխային) ցանցերով, անվճար կամ վճարովի ինչպես ապակոդավորող միջոցներով, այնպես էլ հեռուստառադիոհեռարձակման բաց ցանցերով:»:

ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ`                                             Ա.ԳԱԼՍՏՅԱՆ

 

27.01.2016թ.