ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ. «Լիազոր մարմնի հայտով կամավոր փրկարարների՝ արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում փրկարարը ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար: Օրացուցային տարվա ընթացքում մինչեւ 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարներին փոխհատուցվում են պետության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ չափով:»:
Ընդհանուր առմամբ այս գաղափարը միանգամայն ճիշտ է, սակայն միայն տվյալ լրացմամբ խնդիրը, մեր կարծիքով, չի լուծվում: Խնդիրը կայանում է նրանում, որ կամավորությունը կապված է ոչ միայն արտակարգ իրավիճակների, այլեւ բազմաթիվ այլ դեպքերում կամավոր աշխատանքի ներգրավման անհրաժեշտության հետ, ուստի այս հարցերի կարգավորումը պահանջում է առանձին օրենքի ընդունում: Այս հանգամանքը բխում է նաեւ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից, ըստ որի. «Կամավոր աշխատանքը եւ օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքը չեն կարող համարվել անօրինական: Այդպիսի աշխատանքների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:»:
Նման մի նախագիծ («Կամավոր աշխատանքի մասին», փաստաթղթային կոդ` Պ-713-05.02.2015-ՍՀ-010/0) ԱԺ պատգամավորներ Վ. Բաղդասարյանի, Գ. Մելիքյանի, Վ. Մկրտչյանի, Ռ. Մուրադյանի եւ Կ. Պողոսյանի կողմից մեկ տարի առաջ ԱԱ Ազգային ժողովում արդեն իսկ դրվել է շրջանառության մեջ եւ ընդգրկվել է նստաշրջանի օրակարգում, որը բավականին մշակված եւ կամավոր աշխատանքի հետ կապված բոլոր հարցերը կանոնակարգող նախագիծ է:
Բացի այդ, առաջարկվող Նախագծից անհայտ է մնում, թե օրացուցային տարվա ընթացքում մինչեւ 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարներին ի՞նչն է փոխհատուցվում` անհրաժեշտ ծախսերը, թե՞ կորցրած եկամուտը, ինչու՞ է փոխհատուցում նախատեսվում մինչեւ 15 օրվա համար, եթե տարերային մեծ աղետների դեպքում պահանջվում է կամավոր աշխատանքի ավելի շատ ժամանակ, արդյո՞ք ցանկացած անձ կարող է կամավոր փրկարար դառնալ եւ այլն:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության
բաժնի վարիչ` Ա. ԳԱԼՍՏՅԱՆ18.03.2016թ.