ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-962-12.03.2016-ՏՀ-010/0), «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9621-12.03.2016-ՏՀ-010/0), «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9622-12.03.2016-ՏՀ-010/0) եւ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9623-12.03.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Փաթեթն ուղղված է հանրապետությունում էլեկտրոնային առեւտրի զարգացման համար բարենպաստ իրավական միջավայրի ձեւավորմանը, ինչպես նաեւ պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների փոխարինման կամ վերադարձման օրենսդրական հիմքերի կատարելագործմանը: Ընդհանուր առմամբ սույն Փաթեթը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները, սակայն կցանկանայինք երկու նկատառում ներկայացնել Փաթեթի կազմում ընդգրկված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

1.         Նախագծի 1-ին հոդվածում օգտագործվում է «հեռուստատեսային առեւտուր» հասկացությունը, առանց դրա սահմանման: Կարծում ենք, հստակության ապահովման համար անհրաժեշտ է տալ տվյալ հասկացության սահմանումը, ինչը նաեւ «իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության պահանջն է, ըստ որի. «Եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները»: 

2.         Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ. «Ֆիզիկական անձինք էլեկտրոնային առեւտրային հարթակի միջոցով ապրանքների վաճառք կարող են իրականացնել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված լինելու (հարկ վճարողի հաշվի համար ունենալու) եւ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի առկայության դեպքում: Այն դեպքում, երբ ֆիզիկական անձինք էլեկտրոնային առեւտրային հարթակի միջոցով վաճառում են անձնական գույքն ու իրերը, ապա էլեկտրոնային առեւտրային հարթակում նախատեսվում է առանձին բաժին (ենթաբաժին)` անձնական գույքին վերաբերող գործարքները տարբերակելու համար:»: Նման ձեւակերպումից հետեւում է, որ ֆիզիկական անձինք, որոշակի ապրանքներ (այդ թվում` նաեւ անձնական գույք եւ իրեր) վաճառելու դեպքում պարտավոր են ունենալ հարկային հաշվառման համար: Կարծում ենք, նման մոտեցումը չունի բավարար հիմնավորում (առավել եւս, եթե այն չի իրականացվում ձեռնակատիրական գործունեության նպատակով) եւ նման սահմանափակման կիրառումը կստեղծի լրացուցիչ արգելքներ էլեկտրոնային առեւտրի զարգացման համար:  Ընդ որում, համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ մասի «ա» կետի. «հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների անձնական գույքի (ներառյալ նաեւ անշարժ) եւ իրերի իրացումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»: Բացի այդ, նման պահանջը ենթադրում է նաեւ էլեկտրոնային առեւտրային հարթակի միջոցով ապրանքներ եւ իրեր վաճառող ֆիզիկական անձանց նկատմամբ հարկային պարտավորությունների առաջացում` առանց հստակեցնելու դրանց հաշվարկման եւ գնահատման, ինչպես նաեւ համապատասխան վերահսկողության իրականացման մեխանիզմները:  

Փաթեթում ընդգրկված մյուս` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ`                                                                                   Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ   

12.04.2016թ.