ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-981-04.04.2016-ԳԿ-010/0), «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9811-04.04.2016-ԳԿ-010/0) եւ «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9812-04.04.2016-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում սահմանել «սոցիալական գովազդ»-ի հասկացությունը, գովազդակրին ազատել տեղական տուրքեր վճարելու պարտականությունից` սոցիալական գովազդ տարածելու դեպքում, այն դեպքերում, երբ գովազդակիրը դատարկ գովազդային վահանակները զբաղեցնում է իր կազմակերպության գովազդով, առաջարկվում է տուրքի չափ սահմանել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար օրենքով նախատեսված կարգով տվյալ համայնքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10%-ի, իսկ դատարկ գովազդային վահանակների դեպքում՝ 25%-ի չափերով:
Ընդհանուր առմամբ Նախագծերի սույն փաթեթը կարող է ապահովել դրանով հետապնդվող խնդիրների լուծումը եւ ունի մշակվածության պատշաճ մակարդակ: Սակայն դրանում առկա է մեկ մոտեցում, որը, մեր կարծիքով, հիմնավորված չէ եւ բացասական ազդեցություն կարող է ունենալ գովազդի շուկայի տնտեսավարող սուբյեկտների գործունեության վրա: Մասնավորապես`
ա) «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդի դատարկ գովազդային վահանակների մեկ քառակուսի մետրի դիմաց սահմանվում է տեղական տուրք՝ տվյալ համայնքում օրենքով նախատեսված կարգով այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25%-ի չափով:»,
բ) «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացման 8.1.-րդ կետով սահմանվում է, որ. «Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրվող դատարկ գովազդային վահանակների մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց գանձվում է՝ սույն հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ կետով սահմանված վճարի 25%-ի չափով:»:
Այսինքն, խոսքը գնում է գովազդակրի կողմից իր սեփականությունը հանդիսացող առեւտրային տարածքի չօգտագործման դիմաց տեղական տուրք եւ ճանապարհային վճար կատարելու պարտավորության ամրագրման մասին, ինչը, առկա հարկային քաղաքականության շրջանակներում, չի կարող հիմնավորված լինել (եւ Նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ էլ այն բացակայում է), քանի որ`
- գովազդակիրն առաջին սուբյեկտն է, որը շահագրգռված է իր գովազդային վահանակները զբաղեցված լինելու հարցում (քանի որ այդ դեպքում ստանում է շահույթ), իսկ եթե դրանք զբաղեցված չեն, ապա գովազդակիրն արդեն իսկ կրում է որոշակի վնասներ,
- եթե գովազդային վահանկը չի զբաղեցվում, ապա դա կարող է պայմանավորված լինել համապատասխան պահանջարկի բացակայությամբ, ինչն էլ օբյեկտիվ իրողություն է,
- տվյալ դեպքերում տեղական տուրքը կամ ճանապարհային վճարը փոխում է իր տնտեսագիտական իմաստը` տուրքից եւ վճարից վերածվելով ֆինանսական պատասխանատվության (պատժամիջոցի), ընդ որում` այն արարքի (գովազդային վահանակը չզբաղեցնելու) համար, որի կատարումը կախված չէ համապատասախան սուբյեկտի կամքից, եւ որի չկատարման մեջ տվյալ սուբյեկտը շահագրգռված չէ ու կրում է վնասներ:
Տվյալ խնդիրը, մյուս կողմից, հարկային քաղաքականության սկզբունքային փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացնում, քանի որ առաջարկվող մոտեցումը համապատասխանում է այն իրավիճակներին, երբ շուկան գերհագեցած է լինում, իսկ որեւէ սուբյեկտ չի օգտագործում համապատասխան առեւտրային տարածքները: Այս դեպքում, իհարկե, պետությունը կարող է որդեգրել օրենքի ուժով «արդյունավետ սեփականատիրոջ» ձեւավորման քաղաքականություն, սակայն ներկայումս ՀՀ-ում միանգամայն հակառակ պատկերն է, որի պատճառով էլ սահմանվել եւ փորձ է արվում կիրառել ներդրումների եւ բիզնեսի հնարավորինս խրախուսման քաղաքականություն: Այս կապակցությամբ առաջարկում ենք «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերից հանել նշված դրույթները:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ
20.04.2016թ.